ԵՏՄ անդամակցության պատճառով մեր երկրի տնտեսական վիճակը հունվարից հետո ավելի է վատանալու

ԵՏՄ անդամակցության պատճառով մեր երկրի տնտեսական վիճակը հունվարից հետո ավելի է վատանալու

Մուշեղ Դանիելյան, տնտեսագետ, ֆինանսիստ

ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով Հայաստանի Հանրապետության համար խիստ բացասական հետևանքները չեն սահմանափակվելու վերջին օրերին տեղի ունեցած դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներով: Իրականում պրոբլեմները դեռ նոր են սկսվում:

Հունվար ամսի սկզբից՝ ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով, բարձրանալու են ներկրվող ապրանքների մաքսատուրքերը: Բացառություն են կազմելու 700 տեսակ ապրանքներ, սակայն դրանց մեջ չեն մտնում առաջին անհրաժեշտության շատ ապրանքատեսակներ, որոնց արժեքը հունվարից կբարձրանա առնվազն 20-ից 30%-ով:

Ռուսաստանում ռուբլու փոխարժեքի անկումը կանխելու համար նրա իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերից մեկը՝ բանկային տոկոսադրույքի ավելացումը միանգամից 7% տոկոսով, հանգեցրեց Ռուսաստանի բանկային համակարգի պարալիզացման: Մասնավորապես՝ կտրուկ բարձրացել են բիզնես վարկերի տոկոսադրույքները՝ հասնելով 20-ից  30 %-ի, ինչը փաստացի նշանակում է վարկավորման դադարեցում, քանի որ ոչ մի բիզնես չի կարող դիմանալ այդքան բարձր տոկոսադրույքների : Լուրջ պոբլեմներ են սկսել առաջանալ ռուսական խոշոր բանկերի մոտ: Օրինակ՝ կտրուկ վատացել է Տրաստբանկ-ի ֆինանսական վիճակը, որի փրկության համար Ռուսաստանի Կենտրոնական բանկը ծախսել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի: Ռուսաստանի բանկային համակարգի ճգնաժամը կհարվածի նաև Հայաստանի տնտեսությանը: Մասնավորապես՝ Հայաստանի բանկային կապիտալի շուկայից դուրս կբերվեն Ռուսական կապիտալ ունեցող բանկերի կողմից կատարված ներդրումները, ռուսական կապիտալ ունեցող բանկերը կձգտեն Հայաստանի շուկայից գնել և Ռուսաստան տեղափոխել հնարավորինս շատ դոլար և եվրո:

Ռուսաստանում սկսվող դոլարի դեֆիցիտը մեղմելու համար Ռուսաստանի իշխանությունները պարտադրանքի քաղաքականություն են կիրառում արտահանող ընկերությունների նկատմամբ՝ նրանց ստիպելով իրենց մոտ առաջացող դոլարային հասույթը վաճառելու ֆոնդային բորսայում:

Ռուսաստանի վատթարացող  վիճակը և այն հանգամանքը, որ  իշխանությունները տնտեսությունում սկսել են կիրառել ռեպրեսիվ քաղաքականություն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, նշանակում է, որ մոտ ապագայում Ռուսաստանի բիզնես միջավայրը գնալով դառնալու է ավելի և ավելի անբարենպաստ, կրճատվելու են բիզնես նախագծերը, մեծանալու է կապիտալի արտահոսքը և, որպես դրա հետևանք՝ կտրուկ կրճատվելու են աշխատատեղերը, ինչը անպայման կանդրադառնա արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների վրա, որոնք ստիպված կլինեն վերադառնալ Հայրենիք:

 

Share Button