Դեպի Արցախ ավտոերթը տեղի է ունենալու հունվարին

Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ» թերթին:

Հարցազրույց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի հետԻնչո՞ւ չկայացավ ավտոերթը դեպի Արցախ:

Հարց.Արդյո՞ք արցախյան վերնախավի հիմնավորումները այնքան զորեղ էին, որ հրաժարվեցիք ավտոերթ անելու գաղափարից:

Ժիրայր Սեֆիլյան. Մենք որոշեցինք առժամանակ հետաձգել դեպի Արցախ ավտոերթը, որովհետև Արցախի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում մեզ համար պարզ դարձավ, որ մարտավարական տեսակետից ճիշտ կլինի արցախցիների իրազեկումը բաժանել երկու փուլի՝ առաջին փուլում բավարարվելով ղեկավարության իրազեկմամբ: Արցախի ղեկավարության հիմնավորումները մեր որոշման վրա չեն ազդել, բայց տեղիք են տվել իրազեկման մեր մարտավարությունը վերանայելուն և ավելի արդյունավետ դարձնելուն:

 

Հարց. Բանակցությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը ի՞նչ հիմնավորումներ բերեց՝ անցանկալի համարելով ավտոերթը:

Ժիրայր Սեֆիլյան. Արցախի ղեկավարությունը փորձում էր հիմնավորել, որ Արցախը կիսապատերազմական վիճակում է, դեռևս ճանաչված չէ, ուստի նրա համար էական նշանակություն ունի ՀՀ-ի հետ ամուր կապը, որը, ըստ նրանց, առաջին հերթին հիմնված է պաշտոնական Երևանի նկատմամբ արցախցիների հավատի ու վստահության վրա, մինչդեռ ավտոերթերը կարող են սասանել այդ հավատն ու վստահությունը: Այդ պատճառով նրանք առհասարակ խիստ անցանկալի էին համարում երևանյան քաղաքական գործընթացների մեջ արցախցիներին ներքաշելը:

Բնականաբար, մենք ոչ միայն անհիմն, այլև վնասակար ենք համարում այս մոտեցումները, ինչի մասին մանրամասն տեղեկացրել ենք Արցախի ղեկավարությանը: Այս մասին մեր ժողովրդին իրազեկել ենք նաև Արցախի ղեկավարության հետ մեր հանդիպման արդյունքների վերաբերյալ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարության մեջ:

Հարց. Ե՞րբ է տեղի ունենալու արցախյան ավտոերթը:

 

Ժիրայր Սեֆիլյան. Ամենայն հավանականությամբ՝ հունվարի երրորդ տասնօրյակում:

Հարց. Ի՞նչ կարծիքներ ուներ Արցախի վերնախավը` կապված «100 ամյակը առանց ռեժիմի» կարգախոսի ու ծրագրի հետ: Ըստ «Նախախորհրդարան»-ի հաղորդագրության` Ստեփանակերտին ժամանակ է տրվելու Շարժման գաղափարները ծանրութեթեւ անելու համար, այսինքն Արցախի ղեկավարությա՞նն էլ եք ցանկանում ներգրավել պայքարում:

 

Ժիրայր Սեֆիլյան. Կողմերը հիմնականում բավարարվել են կարծիքների փոխանակմամբ: Մենք մեր տեսակետն արդեն հայտնել ենք առկա իրավիճակի մասին Արցախի ղեկավարության մոտեցումների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Շարժման մեջ Արցախի ղեկավարությանը ներգրավելուն, ապա մենք շարունակելու ենք երևանյան ռեժիմին հեռացնելու մեր քայլերը և շուտով ուրիշ իրականություն ենք ձևավորելու, ուստի Արցախի ղեկավարությունը ինքը պետք է որոշի, թե որքանով է նպատակահարմար շարունակել կառչած մնալ հոգեվարք ապրող այս ռեժիմից:

Հարց. ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը կոչ է արել զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից ու սահմանադրական կարգը խախտելուց; Արդյո՞ք դա համարում եք զգուշացում «100 ամյակը առանց ռեժիմի» նշանաբանով առաջնորդվող քաղաքացիներին: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը, համարո՞ւմ եք, որ այն ուղղված է «Նախախորհրդարան»-ին:

 

Ժիրայր Սեֆիլյան. Գ.Հակոբյանն իր ղեկավարած ԱԱԾ-ով ռեժիմի կարևոր գործիքներից մեկն է և մի քանի անգամ մասնակցել է ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացնելու և սահմանադրական կարգը խախտելու հանցավոր գործողություններին: Ներկայումս ՀՀ-ում հակասահմանադրական կարգ է, այդ պատճառով ժողովրդի իշխանությունը և սահմանադրական կարգը վերականգնելու բոլոր կոչերն ու գործողությունները սահմանադրական են:

Այո, նրա խոսքերը համարում եմ որպես Նախախորհրդարանին և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը մասնակցող քաղաքացիներին ուղղված զգուշացում և գնահատում եմ որպես մարտահրավեր: Պետք է ենթադրել, որ նրա զգուշացումը առաջիկա բռնությունների նախերգանք է և, միգուցե՝ այդ բռնությունների մեկնարկի ազդանշան: Միևնույն ժամանակ՝ Գ. Հակոբյանի այսօրինակ հայտարարությունը ռեժիմի թուլության դրսևորում է:

Շարժման կողմից հայտարարում եմ, որ մենք ընդունում ենք այս մարտահրավերը ևս:

Միևնույն ժամանակ, հավաստիացնում եմ, որ ոչ մի բռնություն չի կարող կասեցնել ժողովրդի հասունացող ընդվզումը, որովհետև բռնությունները չեն կարող վերացնել մեր երկրի՝ հետզհետե խորացող  արտաքին և ներքին աղետալի իրավիճակի պատճառները:

Հարց. Ինչպիսի՞ տպավորություններ կային Արցախում` կապված ձեր նպատակների ու գաղափարների հետ:

Ժիրայր Սեֆիլյան. Արցախցում տիրող իրավիճակի և արցախցիներին Շարժման մեջ ներգրավելու գործի առանձնահատկությունների մասին հանգամանալից կերպով կանդրադառնանք հետագայում:

Հարց. Ինչպե՞ս անցավ ավտոերթը Սյունիքում:

Ժիրայր Սեֆիլյան. Առանց չափազանցության կարող եմ ասել, որ սյունեցիներն ի դեմս մեզ գտան հույսի և հավատի այն հենարանը, որը փնտրում էին: Նրանք օր առաջ սպասում են, թե երբ ենք սկսելու փողոցային պայքարը: Եվ զանգվածաբար խոստանում էին ապրիլի 24-ին կանգնել մեր կողքին:

Աղբյուրը՝

http://www.armtimes.com/

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

 

Share Button