Ռեժիմի բոլոր քայլերը հակառակ արդյունք տվեցին

 

Մամուլի հաղորդագրություն

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մամուլի ասուլիսի

Վերջին շրջանում շեշտակի աճում է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման աջակիցների և համախոհների շրջանակը:

Այդ գործընթացը հիմնականում տեղի ունեցավ և տեղի է ունենում ռեժիմի կազմակերպած տեղեկատվական շրջափակումը շարժման կողմից ճեղքելու շնորհիվ, ինչը առավելապես,  կատարվեց իրազեկման ավտոերթերի միջոցով:

Հատկանշական է, որ աջակիցների և համակիրների շրջանակն աճում է ժողովրդի բոլոր շերտերում և, որքան էլ կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, առաջին հերթին պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ ուժային մարմիններում:

Ռեժիմը, տեսնելով, որ հողը ոտքերի տակից հեռանում է, փորձեց Շարժման մասնակիցների ավտոմեքենաները հրկիզելու, նրանցից Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձ կատարելու, ինչպես նաև Գևորգ Գասպարյանին սպանելու սպառնալիք հղելու միջոցով առաջին հերթին զսպել Շարժման նկատմամբ համակարգի ներսում հասունացող համակրանքը, ինչպես նաև խափանել ավտոերթերը՝ դրանց հետագա ազդեցությունը չեզոքացնելու նպատակով:

Սակայն ռեժիմի բոլոր քայլերը հակառակ արդյունքը տվեցին:

Մեր քաղաքացիներն ու հայրենակիցները ոչ միայն չվախեցան, այլև ընդունեցին մարտահրավերը և հաջորղ ավտոերթը տեղի ունեցավ ավելի շատ, այդ թվում՝ հրկիզված ավտոմեքենաների մասնակցությամբ:

Զուգահեռաբար՝ «Իրավունք և ազատություն» հիմնադրամը հանգանակություն կազմակերպեց հրկիզված մեքենաների սեփականատերերի կրած վնասները փոխհատուցելու նպատակով:

Ընդամենը երկու տասնօրյակի ընթացքում ՀՀ քաղաքացիների և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների նվիրաբերությունների շնորհիվ հաջողվել է հավաքել բավարար չափի գումար, ուստի այսօր արդեն հնարավոր է փոխհատուցել հրկիզված ավտոմեքենաների սեփականատերերի կրած նյութական վնասները:

Այս հանգամանքը իրական վկայություն է այն մասին, որ մեր ժողովրդի դիմադրական ներուժը աճում է բավականին արագ տեմպերով, ինչը իրական նախադրյալ է 2015 թ. ապրիլի 24-ին, իսկ իրադարձություների զարգացման արտակարգ տարբերակի դեպքում՝ նաև անհրաժեշտ պահին, ռեժիմին հեռացնելու համար:

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime