«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը պատրաստ է ստանձնել պետական կառավարումը

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը

Երկրում ձևավորվող աղետալի իրավիճակը հաղթահարելու և առաջիկայում պետական կառավարումն ստանձնելու պատրաստակամության մասին

Ռեժիմի և կեղծ ընդդիմության առաջնորդները, որոնք իրականում Ռուսաստանի քաղաքական գործակալներից բաղկացած միասնական թիմ են, իրենց դավաճանական ու ապիկար քաղաքականությամբ երկիրը հասցրել են քաղաքական և սոցիալ-տնտեսական աղետի:

Նրանք իրենց օտար տերերի թելադրանքով մեր երկիրը ներքաշեցին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կործանարար գործընթացի մեջ, ինչի հետևանքով մենք դառնում ենք Ռուսաստանի կցորդ և նրա հետ միասին գահավիժում ենք դեպի անդունդ:

Նման արտակարգ իրավիճակից հնարավոր է դուրս գալ բացառապես արտակարգ քայլերի միջոցով:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտարարում է, որ թույլ չի տալու երկիրը հասցնել  քաոսի և ամեն պահի պատրաստ է ստանձնելու պետական կառավարման պատասխանատվությունը:

Միևնույն ժամանակ՝ որպես իրատեսական ուժ, Շարժումը գործող ռեժիմից պահանջում է երկիրը վերջնական կործանումից փրկելու համար առնվազն իրականացնել հետևյալ քայլերը.

  1. դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը,
  2. արգելել քաղաքական և սպեկուլյատիվ նպատակներով դեպի Հայաստան ռուսական ռուբլու մուտքը,
  3. արգելել Հայաստանից դեպի Ռուսաստան արտարժույթի ելքը,
  4. մշակել և իրականացնել հակաճգնաժամային միջոցառումներ ավելի կայուն արտաքին գործընկերների, առաջին հերթին՝ Արևմուտքի և Իրանի, հետ,
  5. երկրի ներսում կարգավորել տնտեսական իրավիճակն ու միջավայրը:

Շարժումը ռեժիմին զգուշացնում է, որ դեպի քաոս երկրի գահավիժումը կանխող այսպիսի արտակարգ քայլեր չկատարվելու դեպքում.

  1. վերանայելու է 2015 թ. ապրիլի 24-ին ռեժիմին հեռացնելու ծրագիրը և արագացնելու է ժողովրդին փողոց հանելու և ռեժիմին հեռացնելու քայլերը,
  2. ձեռնամուխ է լինելու արտակարգ լիազորություններով օժտված ժամանակավոր կառավարություն ձևավորելու գործին:

 

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

Share Button