Գևորգ Գասպարյանից ներողություն են խնդրել. ռեժիմի ժամանակավոր նահանջը

Ինչպես տեղեկացրել էինք, ս.թ. դեկտեմբերի 10-ին Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրեն Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը (պաշտոնապես՝ մարզպետի օգնական) սպառնացել էր սպանել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, Նախախորհրդարանի Կապանի գրասենյակի պատասխանատու Գևորգ Գասպարյանին՝ նրա քաղաքական գործունեության համար:

Այդ միջադեպի հաջորդ օրը Գևորգ Գասպարյանին է զանգահարել Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի պետ Լուսինե Մարությանը և կատարվածի համար ներողություն է խնդրել Զարզանդ Նիկողոսյանի անունից: Լուսինե Մարությանը հայտնել է, որ Գևորգ Գասպարյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա նաև հավաստիացրել է, որ Զարզանդ Նիկողոսյանը նրան սպանելու մտադրություն չի ունեցել և այժմ էլ չունի և որ Գևորգ Գասպարյանը կարող է զբաղվել իր բնականոն գործունեությամբ:

Այնուհետև ոստիկանության Կապանի բաժնի պետի տեղակալն է մոտեցել Գևորգ Գասպարյանին և նրան հորդորել է հաղորդում ներկայացնել ոստիկանություն:

Գևորգ Գասպարյանը ոստիկանությունում հայտարարել է, որ չի վստահում իրավապահպան մարմիններին, քանի որ դրանք ծառայում են ռեժիմին:

Նախախորհրդարանի քարտուղարությունն այս քայլը գնահատում է ընդամենը որպես ռեժիմի ժամանակավոր և մասնակի նահանջ, ուստի ռեժիմի դեմ պայքարողներին հորդորում է պահպանել զգոնությունը և միշտ պատրաստ լինել հերթական հարվածներին:

Միևնույն ժամանակ՝ հատուկ ուշադրության է արժանի Սյունիքում տիրող աղետալի վիճակը: Մարզպետարանի բաժնի պետի վարքագիծը և խոսքը մեկ անգամ ևս վկայում են այն մասին, որ Սյունիքում Զարզանդ Նիկողոսյանի (իսկ դա նշանակում է առաջին հերթին՝ հենց Սուրեն Խաչատրյանի) կողմից մարդկանց սպանելու մտադրություն ունենալը և այդպիսի մտադրության իրագործումը սովորական երևույթներ են:

Իսկ այդ երևույթներն իրենց հերթին վկայում են այն մասին, որ 2015 թ. ապրիլի 24-ին, երբ ժողովուրդը փողոց դուրս գա, հպարտ սյունեցիները որոշակի փուլից հետո լինելու են պայքարի առաջին շարքերում:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հավաստիացնում է, որ ռեժիմին հեռացնելուց հետո նրա առավել աչքի ընկած ներկայացուցիչները, այդ թվում՝ տխրահռչակ Սուրեն Խաչատրյանը, կանգնելու են օրենքի և ժողովրդի արդար դատաստանի առջև:

 

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime