Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը.«Բռնությունն ու ահաբեկումը չեն կարող ընդհատել պայքարը»:

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակից Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձի, Շարժման մյուս մասնակիցների ավտոմեքենաները հրկիզելու, ինչպես նաև ազատամարտիկների նկատմամբ բռնությունների դեպքերի առթիվ:

Մեր երկիրը բռնազավթված է:

Կառավարող ռեժիմն իր կյանքը երկարացնելու համար պատրաստ է ամեն ինչի: Այսօր նա արդեն հանձնում է Արցախը և մեր պետականությունը:

Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում: Մի կողմից նա փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր չեն հաշտվելու այս վիճակի հետ: Մյուս կողմից՝ նա ձգտում է բարոյապես թուլացնել հայկական բանակը, որպեսզի կարողանա իր սև գործն անել առանց լուրջ դիմադրության:

Եվ զարմանալի կլիներ, եթե Շանթ Հարությունյանին, նրա ընկերներին, Հայկ Կյուրեղյանին կամ ինձ չբանտարկեին: Չէ՞ որ մենք թեկուզ տարբեր ձևերով, բայց կոնկրետ քայլերով դեմ ենք դուրս եկել ռեժիմին:

Սակայն բանտարկությունը չի կարող ընդհատել պայքարը: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր եղբայրների ու քույրերի արյան գնով ձեռք բերած Արցախն ու հայկական պետականությունը պահպանելու համար:

Մեզ կործանող չարիքի աղբյուրը ռեժիմն է, այդ պատճառով առաջին հերթին պետք է հեռացնենք նրան: Իսկ դրա համար պետք է համախմբվել և կազմակերպվել: Այդ նպատակով ես միացա Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների սկսած շարժմանը և 2014 թ. մայիսի 16-ին առաջադրվեցի որպես Նոր Հայաստանի Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու:

Սիրելի մարտական ընկերներ և հայ ժողովուրդ: Մենք ժամանակ չունենք: 2015 թ. ապրիլի 24-ին լրանում է Մեծ Եղեռնի 100-ամյակը: Սակայն պատմությունը կարծես թե կրկնվում է: Եթե մենք չկանխենք այսօրվա սպիտակ ցեղասպանությունը, վաղը նաև կարմիր ցեղասպանության կենթարկվենք:

Մենք պարտավո՛ր ենք ստեղծել այն Հայաստանը, որի համար զոհվել են Լեոնիդ Ազգալդյանը, Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը և մեր մյուս հերոսները:

Կոչ եմ անում իմ բոլոր ազատամարտիկ ընկերներին և ամբողջ հայ ժողովրդին:

Մեր կռիվը կիսատ է մնացել: Ամեն ինչ արեք, որպեսզի հեռացնենք սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմին և կառուցենք հայկական պետություն: Մի՛ խաբվեք  ընդդիմություն խաղացող գործիչներին և օլիգարխներին: Միացե՛ք ճշմարիտ ազատամարտիկ և ազգային գործիչ Ժիրայր Սեֆիլյանին ու նրա գլխավորած շարժմանը: 2015 թ. ապրիլի 24-ին պետք է դուրս գանք փողոց, հեռացնենք ռեժիմին և կանխենք վաղվա ցեղասպանությունը:

Սա Հայաստան է և վերջ:

10 դեկտեմբերի 2014 թ., Նուբարաշենի բանտ

Share Button