Ո՞վ է Ժիրայր Սեֆիլյանը

Ժիրայր Սեֆիլյանը ռազմաքաղաքական գործիչ է։ Ծնվել է 1967 թ-ի հուլիսի 10-ին Բեյրութում (Լիբանան): 1990 թ.-ից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով Լիբանանից տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել հայկական ջոկատների կազմավորմանը։ 1991թ-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների ազատագրմանը և պաշտպանությանը։ 1992 թ-ից գլխավորել է «Շուշի» առանձնակի գումարտակը։ Կարևոր դերակատարում է ունեցել Շուշիի, ինչպես նաև Արցախի մի շարք շրջանների ազատագրման և պաշտպանության գործում։ Մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորմանը։ Հետպատերազմյան տարիներին զբաղեցրել է հրամանատարական բարձր պաշտոններ։

Զորացրվելուց հետո՝ 2000 թ-ից ի վեր ակտիվորեն զբաղվում է հասարակական-քաղաքական գործունեությամբ։ 2001 թ-ից եղել է«Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգողը, 2006 թ-ին նախաձեռնել է «Հայ կամավորների միություն» շարժումը, նույն թվականից «Արաքս-Կուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2008 թ-ին նախաձեռնել է «Միացում» ազգային շարժումը։ 2009 թ-ից «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի, իսկ 2012 թ-ից՝ «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության քարտուղարության համակարգողն է։ Այժմ առաջնորդում է «100 ամյակը առանց ռեժիմի» շարժումը:

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime