Որոշումների կայացումը պետք է լինի մեր ձեռքում

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԵՏՄ-ին միանալու աղետալի հետևանքները հաղթահարվելու են ռեժիմի հեռացմամբ» թեմայով: Բանախոսներ՝ Ժիրայր Սեֆիլյան, Գարեգին Չուգասզյան, Ալեք Ենիգոմշյան, Հրանուշ Խառատյան, Գևորգ Սաֆարյան:

Այն հարցին, թե ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու դպքում Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը նշեց. «Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ մենք մեր ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունքը հանձնում ենք օտարին: Կարելի է ասել, որ Հայաստանը մտնում է դասական գաղութային վիճակի մեջ: Կորցնում ենք երեք հիմնական ուղղություններով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը՝ ռազմաքաղաքական անվտանգություն, տնտեսական անվտանգություն և արտաքին հարաբերություններ»:

Ազգագրագետ, Այլընտրանքային Արդարության ատյանի անդամ Հրանուշ Խառատյանն իր խոսքում նշեց, որ «մեր ռազմական անվտանգությունը կապել Ռուսաստանի հետ, նշանակում է համաձայնվել ռուս-թուրքական համաձայնությունների զոհը դառնալ: Ակնհայտ է, որ Հայաստանը իր շահերը հարմարեցնում է ավելի մեծ պետությունների շահերին: Մինչև հիմա նույնիսկ տնտեսական հիմնավոր հաշվարկ չկա, թե ո՞րն է մեր շահը՝ այս միություն մտնելով: Սա բացահայտ հարկադրանք է Հայաստանի վրա: Իսկ Հայաստանի Հանրապետության քայլը՝ արդեն գաղութացված երկրի ստիպված գործողություն: ԱԺ-ում ստորագրվեց Հայաստանի դասական գաղութացման տակ»:

Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանը, ում նկատմամբ օրեր առաջ մահափորձ էր կիրառվել, նշեց. «Արցախը Հայաստան է և վերջ»,- ասում էր Լեոնիդ Ազգալդյանը: Ես՝ որպես նոր սերնդի ներկայացուցիչ, կրկնում եմ մեր հերոսի խոսքերը: Եթե այն ժամանակ խրամատները Աղդամի մոտ էին, ապա դրանք կարող ենք տեղափոխվել հենց այստեղ: Եվ եթե մեզ ժառանգվել է «դե յուրե» անկախություն, ապա մեր սերունդը կերտելու է «դե ֆակտո» անկախություն՝ ռեժիմի հեռացումից հետո»:

Իսկ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին համախմբման կոչ անելով, ընդգծեց. «Այս օրերին նկատում եմ խուճապային վիճակ: Սակայն ռեժիմի հեռացման համար մոտենում ենք մեր կողմից սահմանված վերջնաժամկետին՝ 2015 թ. ապրիլի 24-ին: Վստահ եմ, որ Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համախմբմամբ մենք կարողանալու ենք հեռացնել պատճառը՝ մեր ժողովրդի շահերը չներկայացնող ռեժիմին»:

Իսկ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Արդարության ատյանի ադնամ Ալեք Ենիգոմշյանը վստահություն հայտնեց, որ «այսօր պարտվողները միայն այն անձինք են, ովքեր կայացնում են այս որոշումները: Ժողովուրդը, ի վերջո, գտնելու է իր ոգեղենությունը և ինքիշխանության ոգին, ինչպես գտավ և հաղթեց Սարդարապատում»:

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime