Սթափվե´ք, այլապես կգա այն օրը, երբ ժողովուրդը կստիպի ձեզ սթափվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Նախախորհրդարանի գրասենյակում կայացավ մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը  և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Թեման՝ «Ռեժիմի հանցավոր ոտնձգությունները «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցներից Գևորգ Սաֆարյանի կյանքի և մյուսների գույքի նկատմամբ, ինչպես նաև շարժման հետագա գործողությունները»

«Խոսքս ուղղում եմ ոստիկանությանը. եթե դուք չեք հասկանում, որ ձեր գործողություններով ծառայում եք օտարին, ապա մենք դա հուշում ենք ձեզ: Սթափվե´ք: Իսկ եթե չսթափվեք, կգա օրը, որ ժողովուրդը կպարտադրի ձեզ սթափվել: Առաջին մեքենան այրվել է ԱԱԾ շենքի ուղիղ դիմաց: Գորիկ Գուրգենիչն այդ քայլով ցանկացել է հստակ ասել, որ անողը ես եմ: Այս ձեռագիրը նորություն չէ: Սա արդեն KGB-ական պրիմիտիվ ձեռագիրն է, որը եթե տասը տարի առաջ աշխատում էր, այսօր արդեն չի աշխատում: Եթե հարվածը մեր տեսակի շարժմանն են ուղղել, ապա զգուշացնում եմ՝ այդ հարվածով միայն ուժեղացնում են մեզ: Այս համակարգից գործի բացահայտում չենք սպասում, մենք մեր առանձին քննությունն ենք անցկացնելու: Ակնհայտ է, որ իրենք իրենց չեն բացահայտելու»,-իր խոսքում նշեց Ժիրայր Սեֆիլյանը:

Այն հարցին, թե արդյոք ռեժիմի հեռացման մասին խոսելիս բանախոսները չե՞ն վախենում հերթական «Մարտի 1-ից», Գևորգ Սաֆարյանը պատասխանեց. «Մարտի մեկին ժողովուրդը հաղթեց: Պարտվեցին նրանք, ովքեր առաջնորդում էին ժողովրդին: Մեզ մի´ վախեցրեք, որ երկիրը կգնա ցնցումների: Հիշեցնում եմ, որ մենք 20 տարուց ավել ցնցվում ենք: Ավել ինչքա՞ն կարող ենք ցնցվել: Բաներ կան, որոնք հանդուրժել չի´ կարելի: Իսկ Մարտի մեկից պետք է վախենան սերժիկները, ոչ թե մենք»:

Իսկ Գարեգին Չուգասզյանն ընդգծեց ռեժիմի հեռացման անհրաժեշտությունը և իրենց կողմից սահմանված վերջնաժամկետը: «Ռեժիմի հեռացման համար ընտրվել է օր՝ 2015 թ. ապրիլի 24-ին: Իսկ եթե ապրիլի 24-ին ռեժիմը հրաման տվեց կրակել ժողովրդի վրա, ապա նա կստորագրի Թալեաթի իր դատավճիռը: Իսկ մենք գիտենք, որ թալեաթների գործողությունից հետո եղավ ՆԵՄԵՍԻՍ օպերացիան: Ուստի, այդ օրը ժողովրդի վրա կրակելու հրաման տվողները թող շատ ուշադիր լինեն»:

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

Share Button