Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսը. 26.11.2014 (տեսանյութ)

Նոյեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Շուշիի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ ադրբեջանական ուժերի կողմից խոցված ուղղաթիռի հարցին, նշեց, թե որոնք են ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառները, խոսեց առաջարկվող ելքերի և ռեժիմին հեռացնելու վերջնաժամկետի մասին:

«Մեր ուղղաթիռները խոցեցին, որովհետև գիտեին, որ չեն պատժվելու, այսինքն՝ համարժեք պատասխան չեն ստանալու: Հարցեր կան, որ մնում են անպատասխան. ինչո՞ւ այդպիսի երթուղի ընտրվեց և ո՞վ էր որոշել այդ երթուղին: Ինչո՞ւ մինչ օրս քրեական գործ հարուցված չէ: Եթե հարուցված է, ինչո՞ւ հանրությունը տեղյակ չէ այդ մասին: Իմ համոզմամբ՝ խնդիր է դրված՝ բարոյալքելու մեր բանակը: Հայ զինվորի համար շատ ծանր է այն երևույթը, որ զինակիցներիդ դիակներն աչքիդ առջև են, իսկ քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս, որ գնաս և դուրս բերես նրանց:

Սա մեծ հարված էր մեր զինվորականությանը: Բայց, բարեբախտաբար, մեր բանակն իր ուժերով կարողացավ իր պատիվը փրկել: Ցանկանում եմ շեշտել, որ այս հարվածն առաջինը չէ, և վերջինը չի լինելու: Ես համոզված եմ դրանում: Քանի դեռ Հայաստանում կա այս հանցավոր ռեժիմը, նման հարվածները շարունակվելու են: Սա տարածաշրջանային անցուդարձերի հետ ուղղակի կապ ունի: Օկուպացված մեր երկրում մեկ հաստատություն է մնացել, որը կարող է տեր կանգնել մեր ինքիշխանությունը, և այդ կառույցը բանակն է: Մեր բանակն է, որ ունի կարողություն՝ կանգնեցնելու մեր ինքիշխանության՝ դեպի անդունդը գլորվող անիվը»:

Ո՞րն է ելքը:

«Այս ռեժիմի ներսում, այս համակարգի ներսում լուծում չկա: Քանի դեռ այս համակարգի ներսում ենք փնտրում լուծումը, հաջողության չենք հասնելու: Իրենց ընդդիմադիր կոչող ուժերը այսքան տարիների ընթացքում չկարողացան հասկանալ այս պարզ իրողությունը: Մենք պնդում ենք, որ այլևս ժամանակ չունենք, իսկ արմատական փոփոխություններ կատարել այս «խանական» համակարգի օրոք և նրա ներսում, միամտություն է, անհեթեթություն է: Մենք հերթական «ընտրություններին» սպասողը չենք: Ռեժիմի հեռացման համար մենք նշել ենք վերջնաժամկետ՝ 2015 թ. ապրիլի 24-ին: Այդ օրը մենք մեր ժողովրդին հրավիրում ենք փողոց: Այդ օրը մենք սկսում ենք մի գործընթաց, որը կդնի այս ռեժիմի վերջը: Իսկ մինչև այդ՝ մենք լծված ենք զուգահեռ կառավարման համակարգի սաղմերը ստեղծելուն: Ձևավորվում է Հիմնադիր խորհրդարան, որն անցումային փուլում երկիրը կառավարելու բեռն իր ուսերին է վերցնելու: Սա այն պատճառով, որ մենք երկիրը քաոսի չենք տանելու»,- ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ

«Ապրիլի 24-ը պետք է վերաիմաստավորվի: Այդ օրն այլևս սգալու օր չէ: Պետք է հասկանանք, թե որն էր Ցեղասպանության հիմնական պատճառը: Իսկ գլխավոր պատճառը պետություն չունենալն էր: Այսօր մենք խնդիր ունենք ստեղծելու ամուր պետականություն, որը հնարավորություն կտա կանխել ներկայիս ցեղասպանական ընթացքը և լծվել նոր պետություն կառուցելու ընթացքին»:

Share Button