Հաջողվել է չեզոք գոտուց հանել մեր օդաչուներից Ազատ Սահակյանի դին և Սերգեյ Սահակյանի ու Սարգիս Նազարյանի մասունքները

Հայկական բանակի հատուկ գործողությունների միջոցով հաջողվել է հայ-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտուց հանել մեր օդաչուներից Ազատ Սահակյանի դին և Սերգեյ Սահակյանի ու Սարգիս Նազարյանի մասունքները: Հերթական անգամ հայկական բանակի զինծառայողներն իրենց անձնազոհության և մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ փրկեցին հայ ազգի արժանապատվությունը: Միևնույն ժամանակ՝ հերթական անգամ զինծառայողները ստիպված եղան իրենց կյանքը վտանգի ենթարկել ապազգային և ապաշնորհ քաղաքական-դիվանագիտական ղեկավարության կոպիտ սխալները շտկելու համար: 

Չմոռանանք, որ այս տարվա օգոստոսին արձանագրված լարվածության և, առավել ևս՝ հակամարտությունը օդային տարածք փոխադրելու և մեր ուղղաթիռին խոցելու դեպքերը խոսում են այն մասին, որ հակառակորդը նախկինի համեմատությամբ հետզհետե ավելի մեծ համարձակություն է ձեռք բերում: Եվ դրա միակ մեղավորը դարձյալ քաղաքական-դիվանագիտական ղեկավարությունն է, քանի որ իր ստրկամտության պատճառով ձախողել է արտաքին քաղաքականությունը և հանձնում է մեր ինքնիշխանությունը:
Չմոռանանք նաև, որ մեր ուղղաթիռն անպաշտպան վիճակում հակառակորդի համար հեշտ թիրախ էր դարձել ոմն բարձրաստիճան հրամանատարի մեղքով, մինչդեռ մեղավորը մինչ օրս ոչ միայն չի բացահայտվել ու պատժվել, այլև քրեական գործ չի հարուցվել երեք սպայի կյանք խլած այդ հանցագործության դեպքի առթիվ:
Այսպես այլևս չի կարելի շարունակել: Վաղուց հասունացել է պահը, որ զինվորականները, առաջին հերթին՝ հանուն ազգային արժանապատվության ապրող ու ծառայող հրամանատարության առողջ հատվածը, գիտակցեն նման քաղաքական-դիվանագիտական ղեկավարությանը հանդուրժելու աղետալի հետևանքները: Նրանք պետք է գործեն ոչ թե օրվա օրենքների, այլ մեր գոյությանն սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերներն օր առաջ չեզոքացնելու անհրաժեշտության տրամաբանությամբ: Մինչ այդ՝ բանակը պետք է լուծի նաև ինքնամաքրման խնդիրը: Մեր ժողովուրդը սիրում է իր բանակին և ամեն վայրկյան սպասում է, թե երբ է նա վերջապես միանալու ռեժիմի վերահսկողությունից դուրս գտնվող ուժերին, որպեսզի հնարավոր լինի առանց ցնցումների հեռացնել ապազգային կառավարիչներին և ձեռնամուխ լինել ինքնիշխան ու հզոր ազգային պետության կառուցման գործին:

Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան էջից: