Հայրենադարձությունը հայրենակերտման կոնտեքստի մեջ. Գարեգին Չուգասզյան

Ապագա հայկական պետության միգրացիոն քաղաքականության իմաստավորման նպատակով մենք պետք է հայրենադարձությունը ընկալենք հայրենակերտման համատեքստի մեջ և դիտենք որպես դրա անհրաժեշտ պայման: Ընդսմին, հայրենադարձությունը պետք չէ ընկալել միայն որպես դեպի Հայաստան տեղի ունեցող անընդհատ և վերջնական գործընթաց:

Այսօրվա համաշխարհայնացման պայմաններում մենք կարող ենք պատկերացնել, որ հայությունը ներառված է շատ ուժեղ Հայաստան կենտրոնով համահայկական ցանցապետության մեջ և, միևնույն ժամանակ հասկանալ, որ Հայաստանի և հայության շահերը, հիմնված լինելով ֆիզիկական Հայաստանի և ֆիզիկական հայության վրա, տարածվում են նաև Հայաստանի ֆիզիկական տարածքից դուրս:

Ես համամիտ չեմ մեր պատմության, մեր պատմական ճակատագրի հայտնի գնահատականների հետ: Մեր պատմությունը պետք է ընկալել որպես սինուսոիդալ` իր տատանումներով ու վերիվարումներով: Ներկայիս անկումը նույնպես մշտական չէ, հարատև անկման շարունակություն չէ, այլ հերթական անկում է հերթական վերելքից առաջ: Մի հիվանդություն, որից դուրս գալով կարելի է ավելի ուժեղ լինել: Ինչպես Նիցշեի մասին Թոման Մանն էր ասում` «Ամեն մարդ չէ, որ կարող է Նիցշեի հիվանդությունով հիվանդանալ»։ Առողջությունը չափվում է այն հիվանդության չափով, որը կարող ես հաղթահարել։

Եթե Հայաստանում մենք կարողանանք առաջադրել և լուծել վստահության վրա հիմնված սոցիալական կապիտալի ձևավորման խնդիրը և դրա շրջանակներում ստեղծենք համապատասխան ինտերֆեյսներ, ապա միանգամայն իրատեսական կդառնան հայրենադարձության բոլոր ձևերը` տնտեսական, գիտական, կրթական, տեխնոլոգիական, մշակութային և այլն: Եվ այս բազմատեսակ հայրենադարձությունը տեղի կունենա ինչպես մասնագետների ու նրանց ընտանիքների անդամների ֆիզիկական հայրենադարձության, այնպես էլ իրենց բնակության երկրներում լինելով հանդերձ` համահայկական ցանցապետության շրջանակներում նրանց ներգրավման ու արդյունավետ մասնակցության ձևաչափերով:

Միայն այսպիսի բարդ ինտերֆեյսի գոյությունը հնարավորություն կտա համախմբելու և արդյունավետ կերպով օգտագործելու այն ամբողջ ներուժն ու հարստությունը, որ մեր ժողովուրդն իր պատմական ճակատագրի բերմամբ այսօր ունի աշխարհում։

Նման սիմբիոզային ձևաչափով հայ ինքնության նորովի կառուցման այս սցենարի իրագործման համար անհրաժեշտ է ունենալ կառավարման շատ բազմապիսի ու արդյունավետ սուբյեկտ` համազգային կառավարման համակարգ: Այդ սուբյեկտը պետք է կարողանա գիտակցել պահի ճակատագրականությունը թե՛ հնարավորությունների ու թե՛ վտանգների առումով և ունակ լինի ցուցաբերելու բավարար կամք՝ դեպքերի ընթացքը դեպի ցանկալի կողմ ուղղելու և այդ կերպով Հայաստանն ու հայությունը անկման վիճակից թռիչքային զարգացման ուղիով տանելու համար։ Անշուշտ, այդ համակարգի գլխավոր բաղադրիչը պետք է դառնա ապագա Հայաստանի պետական կառավարման համակարգը: