Ինչո՞ւ է որոշվել ռեժիմից ձերբազատվելու քայլերն սկսել ապրիլի 24-ին

Ինչո՞ւ է որոշվել ռեժիմից ձերբազատվելու քայլերն սկսել Մեծ Եղեռնի 100-ամյակին՝ 2015 թ. ապրիլի 24-ին: Ինչո՞ւ է ընտրվել այդ ժամանակահատվածը

Մեր ժողովուրդը ռեժիմից ձերբազատվելու խնդիրը կենսական է համարել առնվազն 1995 թ. սկսած, երբ կեղծիքներով «ընդունվեց» Սահմանադրությունը և նույն կերպ «ընտրվեց» առաջին գումարման Ազգային ժողովը:

Գիտակցելով, որ կուսակցական համակարգն առնվազն կայացած չէ, ինչպես նաև հաշվի առնելով, որ երկրում կառավարման իրական լծակները ռեժիմ կոչվող կառավարող բուրգի և նրա պարագլխի ձեռքում են, ժողովուրդը դրանից հետո քաղաքական փոփոխության նպատակով համախմբվել է բացառապես նախագահական ընտրությունների ժամանակ՝ հույս ունենալով այդ կերպով հասնել հաջողության:

Դրանից հետո բոլոր՝ 1996, 1998, 2003, 2008, 2013 թթ. նախագահական «ընտրություններում»  հաղթել է ընդդիմադիր թեկնածուն, սակայն տվյալ պահի ընդդիմադիր առաջնորդի և նրա թիմի կողմից պայքարը համակարգի ներսում պահելու, նրա ընտրական հանձնաժողովներին, չգործող սահմանադրական մեխանիզմներին և դատարաններին ապավինելու, ինչպես նաև անվճռականության, ռեժիմի հետ բանակցելու և/կամ գործակցելու պատճառներով ապստամբ ժողովրդի դիմադրության ալիքն հետզհետե մարել է, ինչին հետևել է հիասթափության ու արտագաղթի հերթական ալիքը:

Պաշտոնական ընդդիմության բոլոր ներկայացուցիչները կույր և խուլ են ձևանում ու չեն ուզում խոստովանել, որ «ընտրությունները» վերածվել են ռեժիմի վերարտադրության կատարյալ մեխանիզմի, ուստի դրանց մասնակցելը և, առհասարակ՝ համակարգի ներսում մնալը, ոչ այլ ինչ են, եթե ոչ ռեժիմի հետ գործարք և նրա լեգիտիմացում:

Իրենց ընդդիմադիր կոչող այդ ուժերը, այսքան անգամ համակարգի ներսում «ընտրություններ» կոչվող քաղաքական փոցխի վրա ոտք դնելուց ու ճակատին հարված ստանալուց հետո նույնիսկ դարձյալ մոլորեցնում են մեր ժողովրդին և կրկին փորձում են երկրում փոփոխության հասնելու հույսը կապել հերթական՝ 2017 թ. խորհրդարանական և 2018 թ. նախագահական «ընտրությունների» հետ:

Նրանք չեն ուզում գիտակցել այն պարզ իրողությունը, որ մեր երկրին ու ժողովուրդն արյունաքամ են լինում կեղեքումից ու արտագաղթից և չեն դիմանա մինչև այդ ժամանակ: Նրանք գործում են դասական ներքաղաքական պայքարի տրամաբանությամբ, մինչդեռ մեր երկիրը զավթված ու գաղութացված է, ուստի պետք է գործել ազգային-ազատագրական պայքարի տրամաբանությամբ: Ընդսմին, պետք է նկատի ունենալ, որ ազգային-ազատագրական պայքարում գլխավոր հակառակորդը համակարգն է՝ իր միջուկը կազմող ռեժիմով: Ուստի բոլոր այն ուժերը, որոնք մնում են համակարգի ներսում, կամա թե ակամա դառնում են մեր երկրի ու ժողովրդի հակառակորդ:

Մենք, շարժվելով այս տրամաբանությամբ և մերժելով 2017 և 2018 թթ. հերթական «ընտրությունների» հետ հույս կապելու տարբերակը, սկսեցինք որոնել ժամանակի առումով շատ ավելի մոտ մի իրադարձություն, որն ազգային-հասարակական գիտակցության և ընկալումների դաշտում նախագահական «ընտրությունների» նման կարող է ունենալ էական նշանակություն:

Որոշումը ծնվեց գրեթե ինքնաբերաբար: Որքան էլ կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, ընտրվեց Մեծ Եղեռնի 100-ամյակը: Պարզունակ և/կամ հակահայ դիրքորոշումների տեսակետից այդ ընտրությունը ճիշտ չհամարվեց, սակայն մեր իրավիճակում դա ամենաճիշտ որոշումն է հետևյալ պատճառներով:

Մեծ Եղեռնը, ցավոք էական հետք է թողել մեր ժողովրդի կյանքում: Ցեղասպանությունից հետո անցել է գրեթե 100 տարի, սակայն դրա հետևանքները դեռևս չեն հաղթահարվել: Մեր Հայրենիքի մեծ մասը մնում է զավթիչի ձեռքում, իսկ մեր ժողովրդի երկու երրորդը ցրված է աշխարհով մեկ: Արտերկրում ապրող մեր հայրենակիցները ձուլվում են, մինչդեռ նրանց անօտարելի իրավունքները մնում են ոտնահարված ու չպաշտպանված: Այս ամենի հետ մեկտեղ՝ Հայրենիքի մի փոքր հատվածի վրա ծվարած մեր Հանրապետությունը գաղութացված է և գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ: Յուրային տականքն օտարի հետ ձեռք-ձեռքի տված կեղեքում է մեր երկիրը, բռնանում մեր ազգային ու մարդկային իրավունքների վրա: Ժողովուրդը, չդիմանալով կեղեքմանն ու անարդարությանը, աղետալի չափերով արտագաղթում է: Այսպես շարունակվելու պարագայում մի քանի տարի անց մենք կկորցնենք մեր պետականությունը, երկիրը կզրկվի բնակիչներից, իսկ հայությունը՝ Հայրենիքից:

Մեծ Եղեռնի 100-ամյակը մի ժամանակահատված է, երբ ազգը մտովի հետ է նայելու, գնահատելու է անցյալը ու փորձելու է նախագծել իր ապագան: Եվ, եթե հայությունը, որպես իր աղետալի անցյալի շարունակություն, տեսնի նույնքան աղետալի ներկան, դժվար թե լուսավոր ու արգասաբեր ապագա կանխատեսի իր համար:

Իսկ եթե մեր ազգը մռայլ գույներով տեսնի իր ապագան, հոգեբանորեն կկոտրվի, ինչը անդառնալի ծանր հետևանքներ կունենա նրա համար: Եվ արտերկրաբնակ հայության վերջնական ձուլումն ու Հայրենիքի հայկական մնացած այս վերջին կտորի կորուստը կարճ ժամանակի հարցեր կդառնան:

Ուստի հայության համար կենսական կարևորության հարց է Մեծ Եղեռնի 100-ամյակը դրական, հաղթանակած քայլով դիմավորելը, դրա շնորհիվ հույսն ու հավատը պահպանելը: Դա նորովի իմաստ կհաղորդի մեր ազգային կյանքին և նոր լիցք կապահովի ապագայի նախագծման ու կառուցման համար:

Միևնույն ժամանակ՝ եթե հանգամանքների բերմամբ ժողովուրդը պատրաստ լինի ավելի շուտ ոտքի կանգնելու, ապա ռեժիմը կհեռացվի ապրիլի 24-ից ավելի շուտ:

100-ամյակը առանց ռեժիմի

Share Button