Դարձյալ այն մասին, թե ինչո՞ւ ռեժիմին պետք է հեռացնենք ապրիլի 24-ին

Հայաստանյան ռեժիմին 2015 թ. ապրիլի 24-ին հեռացնելու վերաբերյալ մեր Շարժման կոչին ժողովրդի մեծամասնությունը դրականորեն է արձագանքում: Սակայն մեր առանձին ազնիվ հայրենակիցներ կարծում են, որ այդ օրը նպատակահարմար չէ նման գործողություն կատարելու համար:

Որպես կանոն, մեր առանձին հայրենակիցների այդպիսի կարծիքն ունի հետևալ երկու պատճառները.

1. Նրանք ռեժիմին ընկալում են որպես հանցավոր, սակայն՝ յուրային: Եվ, քանի որ նրանք համարում են, որ ապրիլի 24-ն արտաքին հակառակորդի դեմ համազգային միասնությունն ու պայքարը խորհրդանշող օր է, չեն ընդունում, որ այդ օրը կարելի է ներքին հարց բարձրացնել և դրանով աշխարհին երևալ որպես պառակտված ազգ:
Մինչդեռ ռեժիմը մեզ համար ոչ թե յուրային է, այլ հակառակորդ: Նա շարունակում է արտաքին հակառակորդի կիսատ թողած գործը և արդեն քանի տարի սպիտակ ցեղասպանության է ենթարկում մեզ:
Ուստի ապրիլի 24-ը պետք է դառնա ոչ միայն արտաքին, այլև ներքին ցեղասպան հակառակորդի դեմ համազգային միասնության ու պայքարի օր, որպեսզի վերջապես կարողանանք ստեղծել ազգային պետություն և դրա միջոցով իրականացնենք մեր պահանջատիրական իրավունքը:

2. Նրանք ռեժիմի հեռացումը համարում են ներքաղաքական հարց: Ոմանք դա համարում են անգամ միջկուսակցական պայքարի հարց: Այդ պատճառով նրանք տարակուսում են, երբ մենք կոչ ենք անում ռեժիմին հեռացնել ապրիլի 24-ին:
Մինչդեռ Հայաստանը գաղութացված է, իսկ գաղութացված երկրում կարող է լինել միայն մեկ տեսակի՝ ազգային-ազատագրական պայքար: Բոլոր այն գործիչներն ու ուժերը, ովքեր խոսում են Հայաստանում ներքաղաքական գործընթացների մասին, կամա թե ակամա նպաստում են մեր երկրի գաղութացմանը:
Ուստի ապրիլի 24-ին ռեժիմին հեռացնելու մեր կոչը ոչ թե ներքաղաքական հարցեր լուծելու, այլ Հայաստանն ազատագրելու կոչ է, որին պետք է միանան բոլոր արժանապատիվ ու ազատատենչ հայորդիները:

 

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ, 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար

Share Button