Անհրաժեշտ է վերանայել Համահայկական հիմնադրամի գործունեությունը

Նախախորհրդարանի հայտարարությունը Համահայկական հիմնադրամի գործունեության վերանայման և ազգային տուրքի արդյունավետ համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին

 

Հատկապես սփյուռք ունեցող ժողովուրդների, այդ թվում՝ հայության, պարագայում ազգային տուրքի համակարգն անհրաժեշտ և օրինաչափ գործիք է համազգային շահերն իրացնելու համար:

Սակայն այդպիսի գործիքը կարող է ազգային, մարդկային, բարոյական և իրավական առումներով արդյունավետ լինել միայն այդ շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգի և/կամ համահայկական վերահսկիչ մարմնի ձեռքին:

Մինչդեռ Հայաստանի ներկայիս վարչախումբն ու քաղաքական-տնտեսական վերնախավը առաջնորդվում են բացառապես նեղ անձնական և խմբակային նյութամոլական շահերով՝ վտանգելով ոչ միայն պետության ինքնիշխանությունը, այլև Հայրենիքի ու ազգի լինելությունը: Իր հերթին՝ Սփյուռքը զրկված է համազգային հարցերում նրանց գործունեությանը միջամտելու իրական հնարավորությունից:

Բնականաբար, նման պայմաններում Համահայկական հիմնադրամի կազմակերպած «համազգային դրամահավաքները» ծառայելու են ոչ թե պետական և համազգային, այլ վարչախմբի քաղաքական և տնտեսական շահերին:

Մինչ օրս անցկացված դրամահավաքների հասցրած վնասը բազմաթիվ անգամներով գերազանցում է դրանց բերած օգուտին, քանի որ դրանք.

  1. Սնուցում են կոռուպցիան, որովհետև կատարված աշխատանքների որակը չի համապատասխանում տրամադրված գումարներին: Բավարար է հիշել տարիներ առաջ Արցախի «ողնաշարի» կամ հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ծավալների և որակի առումներով բացահայտված խայտառակությունները:
  1. Պետբյուջեի զգալի մասի կորստի և մսխման (2012 թ. տվյալներով՝ ավելի քան 750 մլն դոլար, որը կազմում է այդ տարվա ՀՆԱ-ի 7 %-ը) համար վարչախմբից պատասխան պահանջելու փոխարեն նրա համար լրացուցիչ հնարավորություն են ստեղծում շարունակելու իր սև գործը՝ զուգահեռաբար արդարացնելով նրա ապօրինի և անձեռնհաս կառավարումը:
  1. Տասնյակ միլիոնավոր դոլարների ձրի ծառայություն են մատուցում հանցավոր վերնախավին, որի շնորհիվ վերջինս հնարավորություն է ձեռք բերում շարունակելու երկրի և ժողովրդի թալանը: Մասնավորապես՝ պատրվակելով ազատագրված Քարվաճառի շրջանով անցնող Վարդենիս-Մարտակերտ դժվարանցանելի ճանապարհի ռազմավարական նշանակությունը, 2013 և 2014 թթ. դրամահավաքների առյուծի բաժինը հատկացվում է այդ ճանապարհին 30-33 մլն դոլար արժողությամբ մայրուղի կառուցելու ծրագրին:Մինչդեռ այդ ճանապարհի ռազմավարական նշանակությունն ակնհայտ էր Քարվաճառի ազատագրման պահից՝ 1993 թ.-ից: Հարկ է նշել, որ դրանից ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի հարավից-հյուսիս՝ էլ ավելի դժվարանցանելի Բերձոր-Քարվաճառ ճանապարհը: Սակայն կառավարող վերնախավը Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի «ռազմավարականությունը» գիտակցեց միայն Մարտակերտի շրջանի Կաշենի հանքում գտնվող ոսկու մեծ պաշարների շահագործման հնարավորության հասունացման պահից, երբ հայկական օլիգարխիայի համար անհրաժեշտություն առաջացավ մոլորեցված աշխարհասփյուռ հայության հանգանակությունների հաշվին Կաշենից թալանվող հանքահումքը «բարվոք» ճանապարհով փոխադրել դեպի սպառման շուկաներ:
  1. Նվիրատու սփյուռքահայերի շրջանում ստեղծում են «Հայրենիքի զարգացմանն օժանդակած լինելու» խաբկանքը, մինչդեռ իրականում նրանք ակամա նպաստում են վարչախմբի արհեստական լեգիտիմացմանը, քանի որ նա համազգային դրամահավաքն օգտագործում է իրեն որպես յուրային մատուցելու միջոցով մեր ժողովրդին մոլորեցնելու նպատակով:
  1. Հաճախ դրանցից ստացված միջոցներն ուղղվում են ոչ թե համահայկական մասշտաբի հիմնախնդիրների, այլ համայնքային և տեղական նշանակության խնդիրների լուծմանը, ինչը կարող էր արվել և այսպես թե այնպես արվում է համապատասխան փոքր ծրագրերի միջոցով: Մյուս կողմից՝ զգալի չափով արժեզրկվում են, օրինակ, գյուղական ենթակառույցների, դպրոցների և մանկապարտեզների կառուցման և նորոգման ծախսերը, քանի որ այդ գյուղերը դատարկվում են վարչախմբի հանցավոր կառավարման պատճառով:
  1. Վերը նշված պատճառներով՝ էապես նվազեցնում և արժեզրկում են համազգային տուրքի գաղափարն ու հնարավորությունները: Նաև այս հանգամանքն է հանգեցրել այն ամոթալի երևույթին, որ անցած 22 տարիների ընթացքում միջինացված չափով տարեկան ընդամենը 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար է հանգանակվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի՝ անհամեմատ ավելի մեծ ֆինանսական հնարավորությունների պարագայում: Մինչդեռ պետական կառավարման յուրային համակարգի և ազգային շահին հետամուտ հսկողության պայմաններում այդ հանգանակությունները կարող են և կլինեն բազմապատիկ անգամ ավելի շատ:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամը, հետևաբար, վաղուց արդեն համազգային տուրքի միջոցով Հայրենիքի շենացման գործիք չէ, այլ կիրառվում է հատկապես Սփյուռքի հաշվին վարչախմբի քրեաօլիգարխիկ շահերն սպասարկելու համար:

Այս ամենի հաշվառմամբ` Նախախորհրդարանը կոչ է անում դադարեցնել նվիրաբերումները ապազգային ու քրեաօլիգարխիկ կառավարիչներին՝ փոխարենը դրանք ուղղելով գործող վարչախմբի հեռացմանը և Հայաստանում պետական կառավարման յուրային համակարգի ձևավորմանը, ինչպես նաև զուգահեռաբար ձեռնամուխ լինել ազգային տուրքի այնպիսի համակարգի ստեղծմանը, որի միջոցով հնարավոր լինի հայությանը պատկանող հսկայական չափերի կապիտալն արդյունավետ կերպով օգտագործել հայրենի պետության և դրա շուրջ ամբողջացող համահայկական ցանցի կայացման ու հզորացման նպատակով: