Ո՞վ է Ալեք Ենիգոմշյանը

Ալեք Ենիգոմշյան (Արա-Ալեքսանդր Կոմշույան)

Ծնվել է 6 փետրվարի 1955 թ, Բեյրութ,  Լիբանան: 1973թ. ավարտել է Բեյրութի Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանը: 1977թ. Բեյրութի Ամերիկյան Համալսարանից վկայվել է տնտեսագիտության բակալավրի աստիճանով և նույն համալսարանում շարունակել տնտեսագիտության մագիստրատուրայի կրթությունը: 1979 թ. համալսարանի տնտեսագիտության բաժնում աշխատել է որպես օգնական հետազոտող: 1979-80 թթ. որպես տնտեսագետ աշխատել է «Արաբական Աշխարհի Թղթապանակներ» (Fiches du Monde Arabe) մասնավոր հետազոտական կենտրոնում:

Մասնակցություն է բերել լիբանանահայ համայնքի ազգային-հասարակական կյանքին: Մինչև 17-18 տարեկանն անդամակցել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) սկաուտական շարժմանն ու Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Լիբանանի Զաւարեան Աշակերտական Միությանը:  Ընդունել է արմատական սոցիալիստական աշխարհահայեացք և 1972-73 թթ. լիբանանահայ այլ երիտասարդների հետ ձեռնարկել հայկական ազգային-առաջադիմական այլընտրանքային շարժման ձևավորման աշխատանքների: 1975-76 թթ. Լիբանանում ծավալված քաղաքացիական պատերազմի պայմաններում սակայն նոր ստեղծված շարժումը տարրալուծվել է:  Շփումներ է հաստատել լիբանանյան և պաղեստինյան բազմաթիվ կազմակերպությունների հետ: 1970-ականների վերջերին վերստին փորձել է ձևավորել առաջադիմական բնույթի հայկական ազգային-ազատագրական շարժման ենթահող: 1980 թ. փետրվարին միացել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ-ին (ՀԱՀԳԲ, ASALA) և շուտով ամբողջ ժամանակով տրամադրվել կազմակերպության աշխատանքներին: 1980 թ. հոկտեմբերի 3-ին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում մարտական առաքելության նախապատրաստական աշխատանքի ընթացքում, ռումբի կանխահաս պայթումի հետևանքով կորցրել է տեսողությունը և ձախ ձեռքը: Ավելի քան 4 ամսվա արգելափակումից հետո դատապարտվել է 18 ամիս պայմանական ազատազրկման և վերադարձել Լիբանան, ՀԱՀԳԲ-ի  շարքեր: 1982 թ-ի վերջից խզել է հարաբերությունները այդ կազմակերպության հետ՝ դրա ղեկավար Հակոբ Հակոբյանի հետ ռազմավարական և մարտավարական հարցերի շուրջ ունեցած լուրջ տարակարծությունների պատճառով: Անվտանգության նկատառումներով երկար տարիներ անցկացրել է ընդհատակում, արտաքին աշխարհից խզված:

1992 թ., ինքնուրույն, արհեստականորեն խոսող ծրագրերի միջոցով սովորել է համակարգիչների օգտագործումը:

1995թ. ժամանակավոր, իսկ 1996թ.-ի վերջից մշտապես ապրում է Հայաստանի Հանրապետությունում: 1997 թ. ամուսնացել է մանկության ընկերուհի Հրանոյշ Հեքիմեանի հետ: 1997-2008 թթ. վերջինիս հետ աշխատել է որպես Nouvelles d’Armenie Magazine ֆրանսիահայկական ամսաթերթի Հայաստանի թղթակից: 1996թ.-ից հասարակական կարգով զբաղեցնում է Մոնթե Մելքոնյան բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնը և այդ հանգամանքով նախաձեռնել և կազմակերպել է բազմաթիվ ծրագրեր: Դրանց շարքում կաչելի է թվել Արցախի (ներառյալ ազատագրված շրջաններ) և ՀՀ սահմանամերձ մի շարք գյուղերում գյուղատնտեսական և մանկա-պատանեական հոգևոր-մշակութային զարգացման ծրագրերը: Նույն հասարակական կազմակերպության գործունեության շրջանակներում և դրանից դուրս զբաղվել է տեսողության խանգարում ունեցող աշակերտներին և ուսանողներին համակարգչային աշխարհին ծանոթացնելու և համակարգիչներով օժտելու, ինչպես նաև նրանց սոցիալական ու մշակութային կյանքում ներգրավելու աշխատանքներով:

Անդամակցել է ՀԱՀԳԲ –ի նախկին քաղբանտարկյալների և ազատամարտիկների «Ուխտ Արարատի»  կազմակերպության և Արցախյան ազատամարտի շնորհիվ ազատագրված տարածքների հանձնումի բացառմանը և ՀՀ-ին Արցախի  վերամիացմանը ձգտող «Միացում»  ազգային նախաձեռնությանը:

2010 թ.-ից համարյա բացառապես զբաղվում է ազգային-քաղաքական գործունեությամբ, նախ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի, իսկ 2012 թ.-ից նաև «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության շարքերում:

2006 թ.-ից ՀՀ քաղաքացի է:

Բացի հայերենից, տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն և, մասնակիորեն, թուրքերեն լեզուներին:

Տարբեր ժամանակներում հոդվածներով հանդես է եկել «2001», Երիտասարդ Հայ, Սփիւռք և Հայաստան (Լիբանան), Հայ Պայքար և Nouvelles d’Armenie Magazine (Ֆրանսիա) և AIM (ԱՄՆ) պարբերականներում:

Share Button