Հայաստանը և Արևմուտքը. նոր տեսլական Կովկասի համար

Նախախորհրդարանը ներկայացնում է ԱՄՆ-ում գործող «Փոլիսի ֆորում Արմենիա» (Policy Forum Armenia (PFA) կազմակերպության «Երկրի իրավիճակը» վերլուծական շարքի հերթական զեկույցը՝ «Հայաստանը և Արևմուտքը. նոր տեսլական Կովկասի համար» վերտառությամբ (http://www.pf-armenia.org/press-release/pfa%E2%80%99s-new-report-lays-out-roadmap-armenia%E2%80%99s-relations-west-and-new-vision-caucasus):

Թեև Նախախորհրդարանը համաձայն է զեկույցում արտահայտված ոչ բոլոր դիրքորոշումների հետ, այդուհանդերձ ողջունում է Հայաստանի պետական կառավարման համակարգի կամազրկության, օտարներից կախյալության և անգործության պայմաններում Հայաստանի արտաքին ռազմավարության վերաբերյալ մասնագիտական բարձր մակարդակով գործնական քննարկում հարուցելու այս նախաձեռնությունը:

Նախախորհրդարանի տարաձայնությունները կամ վերապահումները, մասնավորապես, վերաբերում են Արցախյան հակամարտության վերջնական լուծման նախընտրելի համարվող տարբերակին, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների բնականոնացման առումով արտահայտված տեսակետին, ինչպես նաև զեկույցի այն դրույթներին, որոնք անուղղակիորեն դիտարկում են տարածաշրջանում Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, կայացման և հավանական գործընկերների հետ հարաբերությունների զարգացման դերային և ձևաչափային առումները:

Նախախորհրդարանը համարում է, որ Հայաստանը պետք է միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ դառնալու և իր շահերն արդյունավետ կերպով իրացնելու համար որպես մերձակա կենսական-անվտանգային տարածք դիտարկի ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ամբողջ Մեծ Մերձավոր Արևելքը, հայաստանակենտրոն ցանցային սկզբունքով առավելագույնս համախմբի, զարգացնի և գործադրի հայության ամբողջ ներուժը, Իրանի հետ ձևավորի տանդեմային ձևաչափի գործընկերություն և այդ դիրքերից ձգտի Հայաստանը ու նրա շուրջ համախմբված հայկական ցանցը վերածելու «Մետաքսի ճանապարհի» վրա գործող միջտարածաշրջանային և միջքաղաքակրթական կամուրջ-միջնորդի ու տրանսֆերային հանգույցի:

Նախախորհրդարանը Արցախյան հակամարտության կապակցությամբ լուծումը տեսնում է հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետությանը Արցախի (ազատագրված տարածքներն ընդգրկող առկա սահմաններով) դե յուրե վերամիավորմամբ:

Նախախորհրդարանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում է մեր պահանջատիրական նպատակների հաշվառմամբ՝ Հայաստանի և Սփյուռքի բազմազանացված ու տարատեսակված ռազմավարության միջոցով:

Հակառակ այս դիտարկումներին, Նախախորհրդարանը բարձր է գնահատում «Փոլիսի ֆորում Արմենիա»-ի «Երկրի իրավիճակը» վերլուծական զեկույցների շարքը, ինչպես նաև տարիների ընթացքում Վաշինգտոնում նրա վարած գործունեությունն ընդհանրապես, համարելով, որ այս կազմակերպությունն իր սուղ միջոցներով լրացրել է և շարունակում է լրացնել հարաբերությունների մշակման, հետազոտությունների և լոբբինգի բնագավառներում ինչպես պետության, նույնպես և սփյուռքյան կառույցների դատարկ թողած տեղը: