ԵՏՄ պայմանագիրը նետվելու է պատմության աղբանոցը

Վարչախումբը և դեկորատիվ ընդդիմությունը գործում են որպես տանդեմ ու ձեռք ձեռքի տված մարդաթափ են անում Հայաստանը և օտարին են հանձնում նրա ինքնիշխանությունն ու Արցախը:

Օտար տերերի սցենարով մշակված այս ծրագիրը վարչախումբը իրագործում է որպես կատարող, իսկ «ընդդիմությունն» ըստ ամենայնի աջակցում է նրան:

Այդ երկուսի վերնախավը կազմող քաղաքական գործակալների թիմն ի սկզբանե գործել է միասնաբար:

Այդ թիմն էր, որ ԽՍՀՄ-ի փլուզմամբ ձեռք բերած մեր պետականությունը վերածեց Ռուսաստանի և մյուս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերը սպասարկող գործիքի, իսկ Արցախի հարցի լուծման ճանապարհը շեղեց Հայաստանի հետ վերամիավորվելու բնականոն ուղուց և տարավ դեպի «անկախացում», դրանով իսկ Արցախը վերածելով այդ ուժային կենտրոնների պատանդի:

Հանուն անձնական և կլանային մանր շահերի օտարի աջակցությամբ մեր երկիրը բռնազավթած այս քաղաքական գործակալներն իրենց իրական էությունն ամբողջովին բացահայտեցին 2014 թ. հոկտեմբերի 10-ին կատարած քայլերով:

Այսօր արդեն տեսնում ենք, որ նրանց ջանքերով խորհրդառուսական գերությունից նորգաղութային կախյալության վիճակի մեջ հայտնված մեր երկիրը Եվրասիական Տնտեսական Միությանը (ԵՏՄ) կցվելու միջոցով վերստին ենթարկվում է դասական գաղութացման, իսկ Արցախը մաքսակետի միջոցով տարանջատվում ու մեկուսացվում է Հայաստանից, որպեսզի գաղութարարը կարողանա իրեն հարմար տարբերակով այն զոհաբերել հանուն ռուս-թյուրքական հերթական սիրախաղի:

Մեր երկիրը կերակրատաշտի վերածած և դրա համար պայքարում իրար հակառակորդ, սակայն իրենց հրեշավոր ծրագիրն իրականացնելիս միասնաբար գործող այս ազգադավ տանդեմի նպատակն է ընկճել ժողովրդի ոգին և խափանել նրա ընդհանրական քաղաքական կամքի, մտքի և ծրագրերի ձևավորումն ու գործադրումը:

Գործելով միասնական ծրագրի համաձայն, վարչախմբի պարագլուխն այդ օրը ստորագրում էր Հայաստանի ինքիշխանությունն ու Արցախը ռուս-թյուրքական նորօրյա դաշինքը մարմնավորող ԵՏՄ-ին զոհաբերելու պայմանագիրը, իսկ «ընդդիմությունը» ձգտում էր քաղաքական աճպարարությամբ խլացնել այդ դավաճանությունը և մոլորեցնել արմատական փոփոխություների կարոտ մեր ժողովրդին:

Մինչդեռ միայն այն հանգամանքը, որ այդ պայմանագիրը, խախտելով միջազգային իրավունքի սահմանները, դրանից անդամ պետության դուրս գալը պայմանավորում է բոլոր մյուս անդամների համաձայնությամբ, պետք է դառնար համազգային ընդվզման անհրաժեշտության ահազանգ:

Մեր ժողովրդի ոգուն ու իրական ուժին անծանոթ այս ստրկամիտների թիմն այնքան է լկտիացել, որ «ընդդիմության տիտանի» բերանով Ազատության հրապարակի բարձր բեմից ազդադարում է մեր ազատության մահավճիռը և պահանջում, որ իր տնօրինմանը հանձնենք մեր կամքը և գիտակցությունը:

Ըստ այս թիմի դավադիր տրամաբանության՝ դեպի ԵՏՄ կոչվող ռուս-թյուրքական զնդանը մտնելու գործընթացն անշրջելի է, իսկ մեր ժողովուրդն ազգային պետություն կառուցելու և Արցախը պահպանելու փոխարեն ընդամենը պետք է հաշտվի արյունաքամ լինելով մեռնելու մտքին ու հնազանդ ամբոխի նման ենթարկվի նրա դատարկամիտ հրահանգներին:

Նախախորհրդարանը փաստում է, որ վարչախմբի և «ընդդիմության» իբրև թե լավ մտածված ու քողարկված ծրագիրն այլևս հայտնի է մեր ժողովրդի մեծամասնությանը, իսկ նրա դեռևս մոլորված հատվածն այդ մասին շատ շուտով կտեղեկանա:

Նախախորհրդարանը փաստում է նաև, որ վարչախմբի և «ընդդիմության» միասնական գործողությունները թեև ժամանակավորապես որոշակիորեն դժվարացնում են երկիրն ազատագրելու, տականքից մաքրելու և ազգային պետություն կառուցելու ծրագիրը, սակայն ի վերջո նպաստավոր են այն պարզ պատճառով, որ բացում են ժողովրդի աչքերն ու ցույց տալիս բոլոր իրական հակառակորդներին:

Նախախորհրդարանը, խորապես հավատալով մեր ժողովրդի ազատատենչ ոգուն, անկոտրում կամքին և իմաստուն մտքին, համոզմունք է հայտնում, որ.

  1. Հայաստանը ԵՏՄ-ին կցելու միջոցով գաղութացնելու ծրագիրը նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում ի սկզբանե ձախողված է թեկուզ այն պատճառով, որ այդ ծրագիրն ինքնին մեռելածին է,
  2. միևնույն ժամանակ՝ կարճաժամկետ հեռանկարում այս ծրագրից բխող գոյութենական վտանգների հաշվառմամբ, ազգային ազատագրական պայքարն այսուհետև ծավալվելու է դասական գաղութացումից ազատագրվելու ուղղությամբ՝ հարկ եղած դեպքում կիրառելով դրան բնորոշ զինանոցի մեթոդներ և միջոցներ,
  3. Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, մենք անշրջելիորեն մտնելու ենք վարչախմբից և դեկորատիվ ընդդիմությունից ազատվելու, ներքին տականքին պատասխանատվության ենթարկելու և երկիրն ապագաղութացնելու գործընթացի մեջ,
  4. միջազգային իրավունքին և մեր ազգային շահերին հակասող Կարսի և Մոսկվայի հայադավ պայմանագրերի ոգով և ոճով կազմված ԵՏՄ պայմանագիրն իր նախորդների հետ միասին նետվելու է պատմության աղբանոցը:

Մենք ենք տերը մեր երկրի:

 

Share Button