Կարելի է նույնիսկ ժայռեր քանդել, ուր մնաց թե այս փտած համակարգը

Մեր զրուցակիցն է Լոս Անջելեսի «Հայկական վերածնունդ» շարժման անդամ Նորիկ Մարկոսյանը
Պարոն Մարկոսյան, Դուք միացել և Ձեր անհամաձայնությունն եք հայտնում Սուրեն Խաչատրյանի՝ մարզպետ նշանակվելու կապակցությամբ: Ձեր կարծիքով, նրան մարզպետի պաշտոնում նշանակելու մոտիվացիան ո՞րն էր:
Նրա վերանշանակման մոտիվացիաները տարբեր են: Նախ, այդ վերանշանակմամբ ռեժիմը ապահովեց օլիգարխների շահերի պաշտպանությունը Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտում, ինչպես որ նախկինում Մաքսիմ Հակոբյանի միջոցով էր այն պաշտպանվում դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից սկսած: Հաջորդ մոտիվացիան Սյունիքում ցանկացած ժողովրդական ընդվզումների կանխումն է, Սյունիքի ժողովրդին զսպաշապիկ հագցնելը: Եվ երրորդը` հաջորդ ընտրություններում իրենց թելադրած թեկնածուների քվեների ապահովումը:
Հայաստանում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, երբ մի կողմից հանրահավաքներ են, մյուս կողմից չկա լայն վստահություն դրանց նկատմամբ:
Դա կապված է այն բանի հետ, թե ովքեր են այդ հանրահավաքների կազմակերպիչներն իրենց անցյալով: Երբ հանրահավաք են կազմակերպում այն ուժերն ու անհատները, ովքեր ժամանակին մաս են կազմել ռեժիմին կամ համագործակցել են նրա հետ և այսօր հանրահավաք են հրավիրում, բնականաբար ժողովուրդը չի կարող վստահել նրանց, կամ եթե նույնիսկ մաս էլ չեն կազմել, ապա շրջադարձային փոփոխությունների հնարավորություն ունենալով՝ ժողովրդի քվեի կամ նրա ընվզման միջոցով պատշաճ քայլերի չեն դիմել, հարկ եղածի չափ քաղաքական կամք չեն դրսևորել և հիասթափեցրել են ժողովրդին: Ընդհանրապես, մեծ հաշվով, ժողովուրդը հիասթափված է հենց դրա արդյունքում:
Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանին հայկական սփյուռքում սուր հարցեր են տալիս, նաև բողոքի ցույցեր են անցկացնում նրա դեմ:
Պետք է նշեմ, որ Սփյուռքում սուր հարցեր երբեք չեն հնչում ավանդական կուսակցությունների ու կազմակերպությունների կողմից, որի մասին փաստում են այն հանդիպումներն ու ընդունելությունները, որոնք այդ կուսակցությունները կազմակերպում են նրա պատվին: Ահավասիկ, հիշենք Գլենդելում մի քանի օր առաջ տեղի ունեցած ընդունելությունները Տիգրան Սարգսյանի պատվին և Նյու Յորքում՝ Սերժ Սարգսյանի պատվին: Այդպիսի հարցերը, և ընդհանրապես երկրի նախագահից պատասխանատվություն են պահանջում Սփյուռքում հայրենիքի ցավով մտահոգ հայությունը, որոնք, այո, մտահոգված են երկրի իրավիճակով, և նաև անհամբեր սպասում են, որ հայրենիքում արմատական հեղափոխական գործընթացներ սկսվեն՝ հույս ունենալով, որ այդ գործընթացներն իրականացնող ուժերը հետագայում կապահովեն Սփյուռքի ակտիվ և ներգործուն մասնակցությունը երկրի որոշումների կայացման գործընթացում: Մինչ այժմ Սփյուռքը միայն օգտագործվել է հայրենի իշխանությունների կողմից որպես դոնոր, բայց ոչ որպես երկրի լիիրավ տեր:
Վարչապետը ԱԺ ամբիոնից սպառնում է մարտի 1-ով և գողական բառապաշարով է խոսում: Սա Ձեր կարծիքով ինչի՞ մասին է խոսում:
Եթե նախագահը իրեն իրավունք է վերապահում Կոլումբիայի համալսարանում դեռ դատական պրոցեսի գործընթացը չավարտված Շանթ Հարությունյանին խուլիգան և հանցագործ որակել՝ դրանով իսկ ճնշում գործադրելով դատարանի վրա, ապա ի՞նչ կարելի է սպասել նրա նշանակած վարչապետից։ Մարտի մեկի մասին խոսելով այդ վարչապետը ապացուցեց, որ պետության մատն է խառը Մարտի մեկի գործին: Այսինքն՝ առանց ամաչելու և գողականով Հովիկ Աբրահամյանը պնդեց, որ նախկինում արել ենք ու չենք պատժվել, հիմա էլ կանենք, և նաև, որ զգալով ժողովրդական ցասման ալիքի անխուսափելի հզորացումը, նրանք դրանով սպառնում են ժողովրդին, կանխելու համար իրենց համար ոչ շահավետ արդյունքը:
Այսօր ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության դեմ բողոքի ձայն բարձրացնողը նույն քրեա-օլիգարխիկ համակարգն է ներկայացնում ու ընտրություններում ընտրակաշառք բաժանում: Այս պայմաններում հասարակությունն ի՞նչ պետք է անի: Գնա իշխանափոխության հանուն փոփոխությա՞ն, թե՞ այլ ելքեր է պետք որոնել:
Միանշանակ հարկավոր է ոչ թե իշխանափոխություն և կոսմետիկ վերափոխություններ իրականացնել, այլ հիմնական, արմատական համակարգափոխություն: Երկրի կառավարման համակարգն այնպիսի լուրջ խնդիրներ ունի, և այս 20 տարիներին կոռուպցիան այնպես է քայքայել բոլոր համակարգերը, որ միայն համակարգափոխության հեղափոխությունն է, որ կարող է փրկել իրադրությունը: Այսօրվա կառավարման համակարգը գործում է միայն օլիգարխիկ համակագի կանոններով, ի շահ նրանց ու ոչ օրենքի գերակայության սկզբունքով:
Հայաստանում փոփոխությունների ի՞նչ ելքեր եք տեսնում:
Ժողովուրդը պետք է և պարտավոր է հասկանալ, որ այսպես շարունակվելու պարագայում շատ մեծ կորստի առջև է կանգնելու, որը մեր պետության կործանումն է, և նա այսօր պարտավոր է սթափվել, ոտքի կանգնել և իրեն հայտնի միջոցներով հասնել համակարգային հեղափոխության: Իհարկե, դա հեշտ չի լինելու իմ կարծիքով, սակայն Հայաստանի առողջ ուժերի մասնակցությամբ այն հնարավոր կդառնա: Կարծում եմ, որ գոյություն ունեն այդպիսի ուժեր և անհատներ, որոնց շուրջը համախմբվելով կարելի է նույնիսկ ժայռեր քանդել, ուր մնաց թե այս փտած, կոռումպացված, հակազգային, ժողովրդի քվեն չունեցող համակարգը:

Աղբյուրը՝ lragir.am

Share Button