Ազգ-բանակի վերածվելը դարձել է հրամայական

ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ ԲԱՆԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշխարհը թևակոխել է բազմաբևեռացման և անկայունացման փուլ: Իրադարձությունների զարգացման ընթացքը հուշում է, որ հերթական կայունացման փուլը հեռու է:

Մասնավորապես՝ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, որի մաս է կազմում նաև մեր երկիրը, վերածվել է մեծ ու փոքր շահերի արյունալի բախման հանգույցի: Մեր աչքի առաջ տեղի են ունենում այսպես կոչված «հիբրիդային» (կանոնավոր և անկանոն ուժերի, ինչպես նաև տեղեկութային միջոցների համադրված կամ խառը կիրառմամբ) պատերազմներ, որոնք ուղեկցվում են հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացմամբ, մարդկայնության դեմ հանցագործություններով, ցեղասպանություններով և ձգտում են սահմանային վերաձևումների:

Մինչդեռ նշված արժեքները պաշտպանելուն կոչված միջազգային իրավունքով սահմանված երաշխիքները կամ չեն կատարվում կամ կատարվում են ուշացած և ոչ անհրաժեշտ չափով:

Մենք նույնպես կանգնած ենք «հիբրիդային», չի բացառվում նաև՝ բազմաճակատ,  պատերազմի հավանական մարտահրավերին դեմ հանդիման:

Մեր պարագայում այս ավանդական վտանգներին, որոնք առաջին հերթին բխում են Ադրբեջանից, ինչպես նաև հավանական է՝ Թուրքիայից, կարող են նախորդել և/կամ հաջորդել և/կամ զուգահեռաբար կիրառվել ծայրահեղական խմբավորումների զինված հարձակումներ: Այդ խմբավորումները արագ տեմպերով աճում ու ծավալվում են մեզանից շատ փոքր հեռավորության վրա, որը ավտոմեքենայով կարելի է անցնել 14-15 ժամվա ընթացքում: Հաշվի առնելով այդ ուժերի ծագման տարածքներն ու սնուցման աղբյուրները, ինչպես նաև մեր տարածաշրջանում դրանց տարածման միջավայրերի նպաստավորությունը, առանց չափազանցության կարելի է փաստել, որ կարճ ժամանակ հետո այդպիսի խմբավորումներ կարող են հայտնվել նաև մեր սահմաներին:

Մեզ համար այս մարտահրավերի իրական լինելու վտանգի մասին են վկայում ծայրահեղականների կողմից Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցման, Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում դրանց անդամների երևան գալու, Թուրքիայի հետ նրանց գաղտնի, բայց ծավալուն գործակցության, ծայրահեղականներին չեզոքացնելու գործընթացի տևականության վերաբերյալ արևմտյան ռազմաքաղաքական ղեկավարության կանխատեսումների, կոալիցիոն ուժերի պատժիչ գործողությունների հետևանքով դեպի Կովկաս ծայրահեղականների տեղաշարժի հավանականության և մի շարք այլ հանգամանքեր:

Բացի այդ՝ մենք իրավունք չունենք անտեսելու մեր տարածաշրջանում ուժային կենտրոնների շահերի բախման թեժացումը, ինչը կարող է հանգեցնել նրանց կողմից Արցախյան հակամարտության գոտում ստատուս-քվոն ամեն գնով խախտելու փորձերի:

Չնայած այն փաստին, որ մեր պաշտպանական համակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, ներկայիս դեկորատիվ հայկական պետության միակ իրական և հարազատ կառույցն է, որը նաև ս. թ. հուլիս-օգոստոս ամիսներին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած բախումների ընթացքում ապացուցեց իր գործունակությունը, հարկ է գիտակցել և խոստովանել, որ այն որակական և քանակական առումներով պատրաստ չէ նշված մարտահրավերին դիմագրավելու համար:

Զուգահեռաբար՝ այս արտաքին մարտահրավերին գումարվում է պետության կենսունակության տևական ու շարունակվող անկման մարտահրավերը, որը հետևանք է նրա սուբյեկտի՝ իրավատեր ու հայրենատեր քաղաքացու, կայացման ճգնաժամի:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ստիպված ենք փաստել, որ դրա հետևանքները մեծավ մասամբ հաղթահարած լինելու փոխարեն հայտնվել ենք մեր գոյությանն սպառնացող   արտակարգ իրավիճակում, որից հնարավոր է դուրս գալ միայն արտակարգ լուծումների միջոցով:

Ռազմավարական-տարածքային խորության բացակայության և մարդկային ու այլ  ռեսուրսների սակավության պայմաններում նշված արտաքին և ներքին զույգ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել ժողովրդին և պետությանը «Ազգ-բանակ» ձևաչափով կազմակերպելու միջոցով, ինչը ենթադրում է.

  1. ձևավորել համազգային պաշտպանական ներուժը մոբիլիզացնելու և նրա արդյունավետ կիրառումն ապահովելու ունակ պաշտպանական համակարգ, իսկ պետության մյուս հաստատությունների գործունեությունը կառուցել դրա առանցքի շուրջ,
  2. առանց սեռի խտրության զինել ու վարժեցնել ամբողջ ժողովրդին, որպեսզի հնարավոր լինի ապահովել անձի՝ որպես իրավատեր ու հայրենատեր քաղաքացու, լիարժեք կայացումը, քանի որ այս պարագայում նա ունակ կլինի ոչ միայն գիտակցել ազգային, մարդկային ու քաղաքացիական իրավունքները, այլև ֆիզիկապես պաշտպանել դրանք արտաքին ու ներքին վտանգներից:

Միևնույն ժամանակ՝ ինչպես հայ, այնպես էլ այլ ժողովուրդների փորձը ցույց է տալիս, որ նման մարտահրավերը հնարավոր է չեզոքացնել վճռական մենակի հոգեբանության, համաժողովրդական կորովի, կամքի, զորաշարժի, կազմակերպվածության և մեր պետության ինքնիշխանությունը սահմանափակող միջազգային պարտավորություններով կաշկանդված չլինելու պարագայում: Այդ պարագայում նաև իրական դաշնակիցներ կունենանք, որովհետև մենք էլ իրական ուժ կլինենք:

Մինչդեռ, եթե ապավինենք օտարին, այդ թվում՝ այս կամ այն վերպետական կառույցին կամ ռազմաքաղաքական դաշինքին մաս կազմելու ձևով, մի օր, ինչպես պատահեց նախորդ դարասկզբին, կարող ենք տեսնել, որ «դաշնակիցները» լքել են մեզ:

Հաշվի առնելով, որ գործող վարչախումբը ցանկություն չունի զբաղվելու մեզ սպառնացող այս վերահաս վտանգը կանխելու և չեզոքացնելու հարցով, Նախախորհրդարանը նախաձեռնում է հասարակական հիմունքներով կազմավորել Հայաստանի տարածքի, ինքնիշխանության և  բնակչության պաշտպանության կազմակերպման մարմին՝ «Ազգ-բանակ» հասարակական կոմիտե» անվանմամբ:

«Ազգ-բանակ» հասարակական կոմիտե»-ի գործառույթներն են.

  1. Մշակել և ներկայացնել «Ազգ-բանակ»-ի մտահղացումը, դրա իրագործման առաջին փուլի համար նախատեսելով ամբողջ ժողովրդին զինելու և վարժեցնելու, երկրի տարածքը պաշտպանության համար սարքավորելու, ինչպես նաև սահմանամերձ շրջանները ուժեղացված պաշտպանությամբ հատուկ վարչատնտեսական գոտու վերածելու քայլեր:
  2. «Ազգ-բանակ» ձևաչափով ազգի և պետության կազմակերպումը դարձնել թիվ մեկ հասարակական պահանջ և դրա շուրջ համախմբել ժողովրդին:

Նախախորհրդարանը նախատեսում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին մեր գոյությանն սպառնացող այս մարտահրավերները գիտակցող և դրանց չեզոքացմանը մասնակցելուն պատրաստ ուժերի և անհատների հետ կազմակերպել հանդիպումներ ու քննարկումներ՝ «Ազգ-բանակ» հասարակական կոմիտե»-ն ձևավորելու և նրա գործունեությունն ապահովելու նպատակով:

Share Button