Ինչպե՞ս օգտագործել արտակարգ իրավիճակի ընձեռած հնարավորությունները. Մաս 3

«Արտակարգ իրավիճակը համապատասխան մոտեցումներ է պահանջում»

Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը «Հայեցակետ» ռադիոհաղորդմանը

Մաս 3. «Գիտակցության ապագաղութացումը և արտակարգ իրավիճակի ընձեռած արտակարգ հնարավորությունների օգտագործման մեխանիզմները»

Դուք ասացիք, որ մենք ունենք հեռանկարային հնարավորություններ, որոնք արժեքավորված չեն և չեն օգտագործվում: Սակայն ես կցանկանայի, որ մենք մի փոքր քննարկենք, թե ինչո՞ւ դրանք չեն օգտագործվում, դրանց օգտագործման շահառուները ովքե՞ր են և չօգտագործելու շահառուները ովքե՞ր են, կամ այդ հնարավորությունները քնեցնելու, սառեցնելու շահառուներ կա՞ն արդյոք:

Սովետական միության քանդվելուց հետո փաստորեն Հայաստանում քաղաքական դաշտ գոյություն չուներ և չկային անկախության ծրագրեր, չկային որոշակի տեսլականներ, թե ինչ տիպի տնտեսական քաղաքականություն պիտի լինի: Այսպես ասած՝ գնաց այնպես, ինչպես գնաց: Եվ այդ ընթացքում մենք տեսանք, որ այս տարիների ընթացքում այդ ամբողջ ժառանգությունը վատնվեց: Արցախյան հաղթանակի բերած ամբողջ լիցքը նույնպես վատնվեց, և մարդիկ այդպես խորթացան իրենց երկրից: Մեր բնակչությունը, որ պիտի տեր դառնար իր երկրին, խորթացել է: Սա հիմնական խնդիր դարձավ:

Ինչո՞ւ այսպես եղավ. երկու քաղաքական պատճառ և տնտեսական մեխանիզմներ օգտագործվեցին: Քաղաքականը իշխանության բռնազավթումն է, որը հետադարձ կապից ժողովրդին զրկել է, որպեսզի ժողովուրդը չկարողանա որևիցե ձևով փոփոխությունների, որոշումների վրա ազդել: Այս քաղաքական բռնազավթումը,  կարող ենք ֆիքսել, որ իննսունական կեսերից հետո տեղի ունեցավ, հետո ավելի խորացավ:

Սրան հետևեց տնտեսական բռնազավթումը, այսինքն՝ տնտեսության մոնոպոլիզացիան, տնտեսության որոշակի կառուցվածքի ստեղծումը, որը արտահանում-ներմուծման իմաստով շատ անբարենպաստ վիճակներ էր ստեղծում, կամ բարենպաստ վիճակներ է ստեղծվում կոմպրադորական իշխանության համար, որը նորգաղութային այդ վիճակին շատ արագ հարմարվեց և սկսեց ծառայել իր հին տերերին՝ արդեն նոր դերերով: Այս մեխանիզմն էր, որը առաջացրեց այս վիճակը:

Հիմա որպեսզի մենք դրանից ազատվենք, իհարկե, պետք է վերականգնենք այս հետադարձ կապը: Եթե մենք իսկապես քաղաքական փոփոխություններ չարեցինք, մեր ժողովուրդը չհասավ նրան, որ արտահերթ ընտրություններ լինի իր կամքով և արդեն հեռացված իշխանության պարագայում արվի այդ փոփոխությունը, ապա մենք չենք կարող վերականգնել այդ հետադարձ կապը քաղաքական իմաստով: Իսկ դրա վերականգնման պարագայում այն փոփոխությունները, որոնք պետք է արվեն, տնտեսական լյուստրացիան է, որոնք ակնհայտորեն արվել են շատ երկրներում, մենք տեսել ենք հաջող դեպքեր: Եվ դա կհանգեցնի այն շեղումների և մակաբույծ ադմինիստրացիայի վերացմանը, որն արդեն առաջացել է այս տարիների ընթացքում:

Եթե մենք փորձում ենք հետադարձ հայացք գցել իննսունական թվականներին, կտեսնենք, որ մի այսպիսի մտայնություն առաջացավ, երևի ոչ միայն Հայաստանում, որը մինչ այսօր այս կամ այն կերպ գերակշռող է քաղաքական կյանքում: Հերիք է, որ Հայաստանը ինտեգրվի, այսինքն՝ միանա գոյություն ունեցող ինչ-որ արդեն ձևավորված համակարգի, այդ կենսունակության պակասը, որ ունի Երրորդ հանրապետությունը, միանգամից կլրանա, բոլոր խնդիրները կլուծվեն, նորմալ կյանք կձևավորվի դեմոգրաֆիական տեսակետից, անվտանգության տեսակետից: Ձեր ասածից կարծես թե երևում է, որ Նախախորհրդարանը չի կիսում այդ պատկերացումը, ես ճի՞շտ եմ հասկացել:

Սա հենց մենք կոչում ենք «գիտակցության գաղութացում», սա գիտակցության գաղութացման տիպիկ օրինակ է: Եթե որևիցե ժողովուրդ իր ապագան կապում է երրորդ մի ուժի հետ՝ թե´ անվտանգության երաշխիքները, թե´ տնտեսական զարգացումը և այլն, դա նշանակում է՝ ինքն արդեն գիտակցությամբ է գաղութացվել: Խնդիրը այն չէ, որ դաշնակիցներ չպետք է ունենաս, դաշնակիցներ ողջ աշխարհում կան, բայց դաշնակիցը նրա համար է, որ ինքը աջակցի քեզ: Եթե դու ինքդ չես ուզում ապահովել քեզ տնտեսապես, ռազմականապես և այլն, ապա ոչ ոք քեզնով չի զբաղվելու, հակառակը՝ դու պարարտ տեղ ես ստեղծում, որ ինչ-որ մեկը վերցնի դա իր ձեռքը: Հատկապես մեր նման երկիրը, որը նման խաչմերուկում է գտնվում, տարբեր բևեռների միջև՝ թե´ ռեգիոնալ, թե´ համաշխարհային: Ուրեմն եթե գիտակցում ես, որ դու կամուրջի վրա ես՝ շատ թանկ կամուրջի վրա, այդ կամուրջը բացվել-փակվելու հատկություն ունի և կարող է փակել և բացել տարբեր արժեքավոր ճանապարհներ, եթե քո մեջ ուժ և արժանապատվություն ես գտնում տիրություն անելու այդ կամուրջին, ապա քեզ հետ բոլորը սկսում են հաշվի նստել, որովհետև այդ ուժերը մեկը մյուսին չեզոքացնում են ինչ-որ տեղ և մրցակցության մեջ են գտնվում: Այսինքն՝ մենք պիտի գիտակցենք Աստծո տված այն բարիքը, որին տեր ենք դեռ: Եվ եթե տեր չենք ուզում լինել, ապա դա հենց խոսում է մեր գիտակցության գաղութացվածության մասին:

Տարբեր մոտեցումներ կան: Կա մոտեցում, որ հանրային բարքերի, մտայնության փոփոխությունը շատ ավելի բարդ է, քան նույնիսկ նյութը, քան կյանքի, տնտեսության փոփոխությունը այլն, որ դա տասնամյակներ, դարեր կարող է տևել և, համենայն դեպս, հաճախ շատ ագրեսիվ ջանքեր է պահանջում: Եթե մենք խոսում ենք գաղութացված մտածողությունից, դրանք երևի թե բավականին համատարած են և բավական խորքային են: Ձեր կարծիքով, ինչքա՞ն ժամանակ է հարկավոր և ի՞նչ ջանքեր, որպեսզի այդ մտայնությունը գոնե հետին պլան մղվի և առաջնային չլինի:

Մենք խոսում ենք, իհարկե, իսպառ վերացման մասին, ուրեմն, խոսքը վերաբերում է մի ամբողջ սերնդի: Այսինքն՝ մի սերունդ է հարկավոր, որպեսզի դա լրիվ անհետանա: Հետսովետական շրջանի այս սերնդի ազգային ինքնությունը շատ ավելի ամուր է, քան նախորդ սերունդներինը: Ամուր ազգային ինքնությունը մեր առավելություններից է, որը չուներ Առաջին հանրապետությունը: Մենք այսօր ունենք երիտասարդություն, որ չի տեսել այդ ամբողջ գաղութը, դրա համար ինքը չի պատկերացնում, որ հիմա կարող է այս միտումը մեզ նորից տանել գաղութային վիճակի, բայց հերիք է, որ գնաս Ռուսաստան, հայությունը, որ Ռուսաստանում ապրում է, ինքը զգում է, թե իր վիճակը ինչ է. երկրորդական քաղաքացու իր վիճակը հասկանում է: Սա առավելություն է, բայց եթե խոսում ենք իսպառ վերացման մասին, դա մի ամբողջ սերունդ է պահանջելու:

Բայց հասկանանք մի բան, որ գոյություն ունեն լծակներ, որոնք թույլ են տալիս այդ գաղութացումից ազատվել: Եթե մենք այդ լծակների օրենքը հասկանում ենք և անցնում ենք այդ լծակների օգտագործմանը, ապա դա արագանում է: Իսկ եթե այդ լծակներից չենք օգտվում, հակառակը՝ վերականգնվում է գաղութային մտածողությունը, ինչ որ մեր աչքի առաջ տեղի է ունենում՝ սկսած դպրոցներից, օտարալեզու դպրոցներ բացելուց, հիմա արդեն խոսում են լրիվ գաղութային պրովինցիա դառնալու պատրաստակամության մասին. «մենք ո՞վ ենք, մենք ինչո՞ւ պիտի անկախ առհասարակ լինենք» և այլն: Սրա մասին մի քանի տարի առաջ ոչ ոք չէր խոսում: Ինչո՞ւ: Որովհետև լծակները հայտնվեցին այն ուժերի ձեռքում, որոնք սկսեցին օգտագործել այդ լծակները ի վնաս ինքնիշխանության, ի վնաս ապագաղութացման և այլն: Ուրեմն մեր խնդիրը պիտի լինի հասկանալ, որ եթե գոյություն ունի ընտրախավ Հայաստանում, որը հասկանում է սա, պետք է լծակները իր ձեռքում լինեն, ինքը այդ լծակները պետք է վերցնի՝ լինի դա հեռուստատեսություն, լինի դա տնտեսություն, ռազմական արդյունաբերություն կամ որևիցե այլ կարևոր բան: Սրանք բոլորը լծակներ են, որոնք ձևավորում են, արագացնում են, ամրապնդում են ապագաղութային գիտակցությունը:


«Արտակարգ իրավիճակը համապատասխան մոտեցումներ է պահանջում». Մաս 1
«Անհրաժեշտ է ձևավորել «Ազգ-բանակ» պաշտպանական համակարգ». Մաս 2
«Ցեղասպանության 100-ամյակը՝ առանց գործող ռեժիմի». Մաս 4

Share Button