Անհրաժեշտ է ձևավորել «Ազգ-բանակ» պաշտպանական համակարգ. Մաս 2

«Արտակարգ իրավիճակը համապատասխան մոտեցումներ է պահանջում»

Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը «Հայեցակետ» ռադիոհաղորդմանը:

Մաս 2. «Արտակարգ իրավիճակի ընձեռած արտակարգ հնարավորությունները: «Ազգ-բանակ» պաշտպանական համակարգը»

Պատկերացնենք, որ իշխանության է եկել Նախախորհրդարանը կամ ցանկացած այսպիսի արմատական փոփոխության ուժ, կուսակցություն (կուսակցություն փոխաբերական իմաստով, ոչ նեղ իմաստով), շատ ցավոտ որոշումներ են պահանջվում, օրինակ՝ ստրկացնող պայմանագրերի չեղարկում` ներառյալ նրանք, որ արդեն կան և նրանք, որոնք կարծես ուզում են մեր վզին փաթաթել, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունների որոշակի կարգավորում: Որտե՞ղ է Նախախորհրդարանը տեսնում այն պաշարը, որի վրա հենվելով նա կկարողանա այդ շատ կարևոր, բայց ինչ-որ տեղ նաև հիվանդագին լուծումները կյանքի կոչել:

Գիտե՞ք ինչ, երբ մենք ասում ենք արտակարգ իրավիճակ է, սրա մեջ կան և՛ արտակարգ վտանգներ, և՛ արտակարգ հնարավորություններ, և այդ հնարավորություններն են, որ սովորաբար մեր գաղութացված գիտակցությունը չի նկատում, որովհետև մենք անընդհատ ավելի ու ավելի վատի մասին ենք մտածում, չենք նկատում այն հնարավորությունները, որոնք բացվել են հենց այս անցումային շրջանում՝ դեպի բազմաբևեռ աշխարհ: Որո՞նք են այդ հնարավորությունները, որոնք չկային մեկ տարի առաջ: Ես կարծում եմ, որ մեծ տերությունների միջև հակասությունները բարձրացրել են Հարավային Կովկասի գինը: Հարավային Կովկասի միջանցքը, այսպես ասեմ, ավելի թանկացել է, և այդ Հարավային Կովկասում շատ կարևոր դեր ունի Հայաստանը: «Թանկացրել է» նաև Հայաստանի դիրքը, որովհետև մենք տեսնում ենք, որ Իրանը շրջափակումից դուրս է գալիս, և Իրանի՝ շրջափակումից դուրս գալը և նոր՝ առհասարակ եվրասիական նախագծերը (ես նկատի չունեմ Եվրասիական միությունը միայն), որոնք կապված են նոր մետաքսի ճանապարհ ի հետ, բոլոր ճանապարհներն անցնում են Իրանով, և այո՛, Իրանից հետո այդ ճանապարհները, այդ գոտիները, տնտեսական նոր զարգացման հնարավորություններ են բացելու: Այսինքն՝ եվրասիական այս նոր տրամաբանությունը ստիպում է հենց Իրանի ղեկավարությանը հնարավոր ճանապարհների մասին խոսել: Մեկը արաբական ճանապարհն է, մյուսը թուրքական ճանապարհն է, երրորդը՝ կովկասյան ճանապարհը: Ընդ որում՝ կովկասյան ճանապարհի մասին խոսելիս իրանցիները չեն նշում երբևիցե Ադրբեջանի անունը, իրենք խոսում են Հայաստանով անցնող ճանապարհների մասին: Ուրեմն մենք պիտի գիտակցենք, որ Հայաստանը, լինելով շատ փոքր օղակ այս նոր և մեծ շղթաներում, եթե որակյալ օղակ դարձավ, ապա իր գինը կտրուկ մեծանում է: Ընդ որում՝ մեծանում են հնարավորությունները բոլոր աշխարհաքաղաքական հիմնական բևեռների հետ: Այստեղ, որպեսզի դա տեղի ունենա, մենք պիտի նախ ազատվենք մեր մեջ նստած գաղութային գիտակցությունից, ապագաղութացվենք և չմտածենք, որ «Չէ, մեզ կուտեն», «Այստեղ պատերազմներ կլինեն» և այլն, և այլն:

Դուք ասացիք, որ Հայաստանի գինն էլ է բարձրանում, բայց երբ նայում ենք մենք մեր արտաքին քաղաքականությանը և գործող իշխանությունների քաղաքականությանը, տպավորություն է առաջանում, որ Հայաստանը անընդհատ էժանանում է:

Ես կկոչեի ոչ թե գործող իշխանություն, այլ գործող ադմինիստրացիա: Այ, եթե մենք սկսենք մեր գիտակցության ապագաղութացումը, ամեն ինչ տեղը կընկնի: Դա մերը չէ առհասարակ: Եվ երբ լինի մեր արտաքին քաղաքականությունը, երբ մեր ազգային շահերով առաջնորդվող արտաքին քաղաքականություն կունենանք, այդ դեպքում դա կլինի ոչ թե հակառուսական, հակաարևմտյան կամ հակաիսլամական, այլ կլինի պրոհայկական՝ հայամետ: Հենց սա´ չկա, սա է ինքնիշխանության հիմնական սյուներից մեկը, որը պետք է այսօր վերականգնվի Հայաստանում: Մենք ստիպված ենք լինելու դա վերականգնել, որովհետև այն արտակարգ իրավիճակը, որ առաջանում է մեր շուրջ, մեզ ստիպելու է մենակի հոգեբանությամբ շարժվել առանց արկածախնդրությունների՝ այլ ընդամենը գիտակցելով սեփական արժեքը:

Քննադատել իշխանությունը, դա արդեն ընդհանուր է, հասնում է զավեշտի, արդեն իշխանությունն ինքն իրեն է սկսում, իբր թե, քննադատել` տարբեր խողովակներ օգտագործելով: Երևի թե դա նրանից է, որ կան բացահայտ խնդիրներ, որոնք ակնհայտ են, և չի կարելի դրանք կոծկել: Սակայն դրական փոփոխությունների ծրագիր շատ քիչ է ներկայացվում հանրությանը: Եթե դիտարկենք Նախախորհրդարանի հենց այդպիսի փորձը դրական ծրագիր ներկայացնելու, ո՞րն է այդ ծրագրի առավելությունը հնարավոր այլընտրանքների համեմատությամբ:

Ես կասեի, որ այստեղ նախ իրատեսության խնդիր կա, որովհետև եթե մենք գնահատենք Հայաստանի պոտենցիալը, ապա կտեսնենք, որ մի բան, որ վստահ կա, բանակն է: Մենք ունենք ոչ դեկորատիվ բանակ` հաղթած բանակ և մարտական ոգի, և ահա այս հանգամանքը այս տարիների ընթացքում պետության ձեռքբերումների մեջ պետք է նշել: Մնացած առումներով մենք կարող ենք արձանագրել պետության սնանկություն: Ուրեմն, ինչ են անում առհասարակ սնանկացած ընկերությունների հետ: Երկու ճանապարհ կա՝ կամ լիկվիդացում, կամ վերցնում են այն կենսունակ մասը, որ կա և դրա հիման վրա վերակառուցում են ընկերությունը՝ փոխելով մենեջմենթը: Սա արվում է բիզնեսներում, նույնը պիտի արվի սնանկացած պետությունների պարագայում: Ամեն պետություն պիտի իր մեջ գտնի այն ուժերը, որոնք ցանկանում է փրկել այն, ինչ կենսունակ է: Մեր պարագայում մենք ունենք բանակ, բայց մեր ռեսուրսը մաշվում է: Ինչո՞վ է դա արտահայտվում: Տնտեսական ծայրահեղ վիճակը, որում մենք հայտնվել ենք, թույլ չի տալիս մեզ մրցակցել մեր հիմնական հակառակորդի հետ և տարիների ընթացքում գնալով ավելի դժվարանում է մրցակցության խնդիրը: Երկրորդ՝ արտագաղթի տեմպերը, որ կան Հայաստանում, լրջագույն դեմոգրաֆիական խնդիրներ են ստեղծում բանակի համար, այսինքն՝ եթե դրան գումարենք նաև մեր երկրի՝ թիկունք չունենալու հանգամանքը (այն, որ մենք ռազմավարական թիկունք չունենք և չենք կարող նահանջել):

Սրանից բխում է, որ ամբողջ մեր պաշտպանական համակարգի կոնցեպցիան, հենվելով գոյություն ունեցող բանակի վրա, պետք է փոխվի, այսինքն՝ մենք պետք է այլ պաշտպանական կոնցեպցիա որդեգրենք: Հենց սա այն հիմնական նորություններից մեկն է, որ Նախախորհրրդարանը իր տեսական մշակումներում բերել է՝ առաջ քաշելով «ազգ-բանակի» ստեղծման անհրաժեշտությունը:

Դա կարող է սկսվել սահմանային գյուղերից. նախ որոշակի զինավարժական ուսուցում անցնելուց հետո զենքի բաժանումով և այդ փորձը ունենալով ՝ հետագայում դա կարելի է տարածել ամբողջ երկրի վրա, ընդ որում՝ այստեղ սեռերի միջև տարբերություն չպետք է լինի: Սա այն հիմքն է, կարելի է ասել, որի վրա պիտի փոփոխություններ սկսվեն:

Երկրորդ հիմնական կարևոր բանը, որի մասին պիտի խոսենք, այն տնտեսական պոտենցիալն է, որը Հայաստանը ցուցաբերել է: Դա մեր բարձր տեխնոլոգիական հնարավորություններն են, որոնք հատկապես այս ռեգիոնում տարբերում են Հայաստանին իր հարևաններից: Եվ այդ պոտենցիալը աճելու շատ մեծ հնարավորություն ունի նաև բանակի ռազմաարդյունաբերական համալիրը փոխելու, բանակի արդյունավետությունը փոխելու առումներով, որը, սակայն, չի օգտագործում: Եվ դրա վրա, այսինքն՝ Հայաստանում գոյություն ունեցող տնտեսական հիմնական ճյուղերի վրա, նոր կլաստերների ստեղծումն է: Ես դրան գումարեմ այն, որ մենք ռեսուրսներ ունենք՝ թե´ մետաղական, թե´ ոչ մետաղական, ունենք նաև ջրային պաշարներ, էլեկտրաէներգիա ստանալու հնարավորություն, որոնցով նույնպես առանձնանում ենք: Այս բոլոր հնարավորությունները թույլ են տալիս պատկերացնել, որ երկիրը կարող է կյանքը շարունակել նոր որակով՝ որպես նոր պետություն տարածաշրջանի այս պայմաններում:
«Արտակարգ իրավիճակը համապատասխան մոտեցումներ է պահանջում». Մաս 1
«Ինչպե՞ս օգտագործել արտակարգ իրավիճակի ընձեռած հնարավորությունները». Մաս 3
«Ցեղասպանության 100-ամյակը՝ առանց գործող ռեժիմի». Մաս 4