Ցեղասպանության 100-ամյակը՝ առանց գործող ռեժիմի. Մաս 4

«Արտակարգ իրավիճակը համապատասխան մոտեցումներ է պահանջում»

Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը «Հայեցակետ» ռադիոհաղորդմանը:

Մաս 4. «Ցեղասպանության 100-ամյակին ռեժիմին հեռացնելու հաղթական քայլը ներկայիս արատավոր շրջանից դուրս գալու նախապայման է»

Վերադառնանք մեր զրույցի ամենասկզբին: Մինչև ձմեռ ձևավորվում է Հիմնադիր խորհրդարանը: Առաջին քայլերը, առաջին գործողությունները, փոփոխությունները, առաջին ներկայացումը հանրությանը ինչպիսի՞ն է լինելու:

Արդեն հանրության հետ մենք աշխատում ենք, չենք սպասում մինչև ձևավորումը լինի: Գիտեք, որ այս տարվա մայիս ամսին տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ հստակ մենք մեր ծրագիրը առաջ քաշեցինք, ներկայացրեցինք, ընդ որում՝ նաև նշեցինք մի վերջնաժամկետ, որը կապված է մեր աղետի, մեծ ողբերգության հարյուրամյակի հետ: Ըստ մեզ` հարյուրամյակը այն կարմիր գիծն է, որը հայությունը չպետք է հատի հուսահատ վիճակում: Ինչպես հիսունամյակի ժամանակ կանգնեցվեց ազգային նահանջը, երբ ոչ միայն օգտագործվեց հիսունամյակը որպես պահանջատիրության մի հնարավորություն, այլև ազգային վերելքի համար հնարավորություն ստեղծվեց: Նահանջը կանգնեցվեց թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում: Կարելի է ասել՝ 88-ին սկսած շարժումը հիսունամյակին ծնված շարժման արդյունքն էր. մենք վայելում էինք այդ արդյունքները՝ սերունդը սկսեց հավատալ իր ուժերին:

Ըստ մեզ՝ հարյուրը սովորական թիվ չէ և դա լոկ թվերի տրամաբանությունը չէ: Այստեղ նումերոլոգիայի մասին չենք խոսում, այլ խոսում ենք այն մասին, որ Ցեղասպանությունից մեզ ոչ թե հարյուր տարի է բաժանում, այլ տասնհինգ ժամ: Եթե ուղիղ նայենք, թե ցեղասպանական ակտերը եզդիների, քրիստոնյաների նկատմամբ որտեղ տեղի ունեցան, դա տասնհինգ ժամվա հեռավորության վրա է մեզանից: Այսինքն՝ ցեղասպանությունը ակտուալ իրավիճակ է: Ոչ թե հարյուր տարի առաջվանը միայն մենք պիտի նշենք, այլ պիտի խոսենք այն մասին, որ մեզ հիմա էլ է սպառնում այդ վիճակը: Հիմա որպեսզի դա չլինի, որպեսզի աղետի առաջ չկանգնենք, ի՞նչ է հարկավոր: Հարկավոր է, որ մենք զորաշարժի ենթարկենք մեր ազգային բնազդը: Հենց հարյուրամյակի առիթով չէ,՞ որ ազգային որոշակի բազմաքանակ միջոցառումներ են տեղի ունենում: Հասկանանք մի շատ կարևոր բան, որ հնարավոր չէ աշխարհից արդարություն պահանջել, միջազգային արդարության պահանջատիրություն առաջ քաշել առանց ներքին արդարության: Ծուղակ է, երբ այս երկուսը դրվում են իրար կողք: Ասում են, թե այ դուք, եթե հիմա սկսեք ներքին արդարության պահանջներ բարձրացնել հարյուրամյակի հետ կապված, դուք, փաստորեն, սրբապղծում եք մեր պահանջատիրությունը: Եթե դու ներսում երկվություն ունես, այսինքն՝ թույլ ես տալիս անարդարությունը երկրի ներսում, բայց աշխարհից արդարություն ես պահանջում, ահա դա է, որ քեզ թուլացնում է: Հերիք է, որ դու հասկանաս, որ այդ երկվությունը պետք է վերացնել և երկու ճակատով միաժամանակ պայքարել, մեկը մյուսին ուժեղացնում է: Մեր ճակատագիրը, այո՛, այնպիսին է, որ այս պահին մենք երկու ճակատ ունենք. այստեղ կա և՛ միջազգային արդարության պահանջատիրություն և՛ իրավատիրության պահանջատիրություն, որովհետև հայրենատիրությունը չի կարելի հակադրել քաղաքացիական իրավունքներին: Սա բացառվում է: Իսկ մենք տեսնում ենք, որ մանիպուլյացիա է գնում գիտակցության մեջ, երբ հակադրվում են, թե չէ՛, մենք ազգային խնդիրներ ունենք, իսկ քաղաքացիական խնդիրները երկրորդական են:

Որպես վերջաբան՝ ի՞նչ ուղերձով կդիմեք մեր ունկնդիրներին՝ որպես Նախախորհրդարանի համակարգող:

Ես կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ արտակարգ իրավիճակը, այն արատավոր շրջանը, որում մենք հայտնվել ենք, ստիպում են, որ մենք զորաշարժի ենթարկենք մեր ազգային ամբողջ իմունիտետը և մեր աղետի հարյուրամյակի տարելիցը դիմավորենք հաղթանակով՝ չունենալով այն ռեժիմը Հայաստանում, որը այսօր կա:
«Արտակարգ իրավիճակը համապատասխան մոտեցումներ է պահանջում». Մաս 1
«Անհրաժեշտ է ձևավորել «Ազգ-բանակ» պաշտպանական համակարգ». Մաս 2
«Ինչպե՞ս օգտագործել արտակարգ իրավիճակի ընձեռած հնարավորությունները». Մաս 3

Share Button