Արցախյան հակամարտության լուծման բանալին հայ ժողովրդի ձեռքում է

«Թերթ» էլեկտրոնային լրատվամիջոցը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցը հրապարակել է էական կրճատումներով: http://www.tert.am/am/news/2014/09/20/sefilyan-zhirayr/ Ստորև հրապարակում ենք հարցը և պատասխանն ամբողջությամբ՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին:

Հարց

Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ զարգացումններն ինչպե՞ս եք գնահատում։ Նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի  և առաջիկայում արդեն Ֆրանսիայի միջնորդությամբ սպասվող հանդիպումներն արդյոք հուշում են, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ավելի շատ ուշադրություն են սկսել դարձնել հարցի կարգավորմանը։ Բացի այդ, Երևանում Ջեյմս Ուորլիքը խոսել էր բանակցային նոր փուլ սկսելու մասին։

Պատասխան

Մինսկի խմբի համանախագահողների նպատակը ըստ էության ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ դրա օգտագործմամբ տարածաշրջանում իրենց շահերի սպասարկումը: Ներկայումս Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների սրման պատճառով տարածաշրջանում նոր իրավիճակ է առաջացել, որը կողմերից յուրաքանչյուրը ձգտում էօգտագործել հօգուտ իրեն:

Մինսկի խումբն իրականում ձախողել է իր առաքելությունը, քանի որ մինչ օրս ոչ միայն չի կարողացել հասնել կարգավորման, այլև չի ապահովել անգամ հրադադարի ռեժիմի պահպանումը շփման գծում: Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ հրադադարի ռեժիմի խախտման  հիմնական մեղավորները հակամարտող կողմերն են: Հայկական կողմի պարագայում նրա քաղաքական ղեկավարության և, մասնավորապես՝ դիվանագիտական անձնակազմի հանցավոր անգործությունն է պատճառը, որ խաղաղ պայմաններում զոհվում և վիրավորվում են մեր հարյուրավոր զինծառայողներ:

Ավելին՝ Մինսկի խմբի առաքելությունն այլևս իրատեսական չէ, քանի որ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով նրա համանախագահողներից Ռուսաստանը մյուս երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար վերածվել է հակառակորդի:

Նման պայմաններում միջնորդական առաքելությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե դրա ձևաչափը վերանայվի և ընդգրկի մեր հարևան ու բարեկամ պետությանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը: Իրանի մասնակցությունը կարևոր եմ համարում մի շարք առումներով: Նա այսօր բազմաճակատ ձևաչափով ներքաշված լինելով Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտություններում, խիստ շահագրգռված է իր հյուսիսային սահմանին կից տարածքումխաղաղության պահպանմամբ: Պետք է նաև նկատի ունենալ, որ հյուսիսային ուղղությունը Իրանի ամենահարմար և անվտանգ ռազմավարական ելքն է դեպի հյուսիս և արևմուտք: Բացի այդ՝ Իրանն ունի տարածաշրջանում շահեր հետապնդող ուժերին հավասարակշռելու բավարար հզորություն: Այս ամենի շնորհիվնա կարող է տարածաշրջանում արդյունավետ կերպով հանդես գալ որպես կայունարար գործոն: Համոզված եմ, որ նշված, ինչպես նաև մի շարք այլ պատճառներով Իրանի ներգրավումը կարող է ապահովել շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Իսկ Արցախյան հակամարտության լուծման բանալին հայ ժողովրդի ձեռքում է: Մենք դե ֆակտո լուծել ենք այդ հարցը, ուստի պարզապես պետք է ավարտին հասցնենք այն և ապահովենք նաև դրա դե յուրե լուծումը: Ռեժիմի հեռացումից հետո միավորման հանրաքվե է անցկացվելու և դրա արդյունքների հիման վրա Արցախը առկա սահմաններով դե յուրե հռչակվելու է Հայաստանի մաս:

 

Share Button