Մենք դե ֆակտո լուծել ենք ԼՂ հարցը, ուստի պարզապես պետք է ավարտին հասցնենք այն. Ժիրայր Սեֆիլյան

Մինսկի խմբի համանախագահողների նպատակն ըստ էության՝ ո´չ թե հակամարտության կարգավորումն է, այլ դրա օգտագործմամբ տարածաշրջանում իրենց շահերի սպասարկումը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի և Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։

 

«Ներկայում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների սրման պատճառով տարածաշրջանում նոր իրավիճակ է առաջացել, որը կողմերից յուրաքանչյուրը ձգտում է օգտագործել հօգուտ իրեն»,-ասաց նա:

 

Ըստ Սեֆիլյանի՝ Մինսկի խումբն իրականում ձախողել է իր առաքելությունը, քանի որ մինչ օրս ո´չ միայն չի կարողացել հասնել կարգավորման, այլև՝ չի ապահովել անգամ հրադադարի ռեժիմի պահպանումը շփման գծում:
Սեֆիլյանի խոսքով ՝ Մինսկի խմբի առաքելությունն այլևս իրատեսական չէ, քանի որ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով նրա համանախագահողներից Ռուսաստանը մյուս երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար վերածվել է հակառակորդի:

 

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը վերջում ընդգծեց, որ Արցախյան հակամարտության լուծման բանալին հայ ժողովրդի ձեռքում է. «Մենք դե ֆակտո լուծել ենք այդ հարցը, ուստի պարզապես պետք է ավարտին հասցնենք այն և ապահովենք նաև դրա դե յուրե լուծումը»:

Աղբյուրը՝ tert.am

Share Button