Սփյուռքը ժամանակավոր երևույթ է. «Այլընտրանք»

Այս կիրակի՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության հռչակման քսաներեքերորդ տարին է: Ցավոք, մենք այսօր չունենք փաստացի անկախ պետություն, չունենք պետականություն: Տարեցտարի, ամսեամիս ապացուցվում է այդ փաստը: Այնուամենայնիվ, անկախությունը սուրբ խորհուրդ է պարունակում իր մեջ և ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այն հավատով և վստահությամբ, որ մենք մոտ ժամանակներս կարողանալու ենք ստեղծել հայկական իսկական պետություն և ինքնիշխան պետություն և դրանով արժանի ենք լինելու անկախ պետության տեր լինելու պատվին:

Միգուցե հենց սեպտեմբերի 21-ի առիթով այս օրերին Երևանում կազմակերպվում է Հայաստան-Սփյուռք համաժողով կոչված հերթական միջոցառումը: Այդ միջոցառումների շարքը սկսվել է 1998 թ.-ից կամ 1999 թ.-ից և հետևողականորեն շարունակվում է մինչև այսօր: Եթե դեռևս առաջին տարիներին այս միջոցառումների կազմակերպումը իր մեջ պարունակում էր որոշ ակնկալիքներ և հույսեր, որ Հայաստան և Սփյուռք հարաբերություններին դրանք կհաղորդեն նոր լիցք, կօգնեն ստեղծել կենսունակ և արդյունավետ հարաբերություններ, ապա արդեն երկար ժամանակ է, որ այս միջոցառումները կորցրել են նույնիսկ իրենց ձևական նշանակությունը: Դա ամեն անգամ ապացուցվում է, երբ մենք լսում ենք, ականատես ենք լինում, թե ինչպես սփյուռքյան բազմաթիվ ներկայացուցիչներ քննադատում են այս միջոցառումների բովանդակային ձևը, միջոցառումներ, որոնք այսօրվա Հայաստանում տիրող ռեժիմը փորձում է ծառայեցնել իր շահերին՝ սփյուռքը փորձելով պահել իր փեշերի տակ և ստեղծելով այն թյուր կարծիքը, թե Հայաստանը իսկապես տերն է սփյուռքի: Մինչդեռ Հայաստանի այսօրվա իշխանություններն ընդհանրապես տերը չէ հայության՝ ո´չ Հայաստանում, ո´չ սփյուռքում:

Ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները

Հայաստանի և սփյուռքի միջև ճիշտ հարաբերությունների ձևը գտնելու համար պետք է մեկնել նույն Հայաստանի և ընդհանրապես հայության այսօրվա վիճակի գնահատականից և համապատասխան հետևություններ անել հարաբերությունների առումով: Այսօրվա գնահատականով՝ Հայաստանը և հայությունը, առանց չափազանցության, գտնվում են արտակարգ իրավիճակում: Բոլորի համար պարզ է, որ Հայաստանը երկար տարիներ ի վեր գտնվում է զառիթափի վրա, զառիթափ, որի թեքությունը գնալով ավելի սրվում է, և ավելի արագ տեմպերով Հայաստանը անկում է ապրում: Այս իրականությանը վերջին մեկ տարվա ընթացքում եկել են ավելանելու անվտանգության առումով լայն իմաստով տարածաշրջանային շատ լուրջ վտանգներ՝ և´ հյուսիսում տեղի ունեցող զարգացումները, և´ հարավում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, որոնք ամբողջ տարածաշրջանը դարձնում են շատ անկայուն և անկանխատեսելի: Հայաստանի անմիջական հարևանությամբ ևս (և հենց սահմանների վրա) բախումներն ավելացել են և այս ամենն արտակարգ իրավիճակ են ստեղծել Հայաստանի համար: Հայությունն ընդհանրապես Հայաստանից դուրս ևս երկար տարիներ ի վեր ապրում է անորոշության և աննպատակայնության իրավիճակում և, ուրեմն, այս դրությունը պահանջում է արտակարգ լուծումներ: Լուծումները հիմնականում պետք է գան Հայաստանից: Եվ Հայաստանի իրավիճակն է, որ պետք է էապես փոխվի և այդ պարագայում միայն սփյուռքի իրավիճակը կարող է նաև համապատասխանորեն փոխվել, որովհետև հայկական կյանքի կենտրոնը՝ սիրտը, Հայաստանն է: Հայությունը ընդհանրապես իմաստ չունի Հայաստանից դուրս: Չնայած հատկապես հին սփյուռքը Արևմտյան Հայաստանի ծնունդ է, այնուամենայնիվ, այսօրվա Հայաստանն է, որ իմաստ է տալիս սփյուռքի գոյությանը:

Սփյուռքը տևական կյանք չունի

Ինչպիսի՞ն պետք է լինեն սփյուռքի հարաբերությունները Հայաստանի հետ և փոխադարձաբար: Սփյուռքի գոյությունը, բոլորս գիտենք, չի կարող տևական, մշտական լինել: Ցանկացած ժողովրդի համար սփյուռքը ժամանակավոր երևույթ է: Եվ հնարավոր է սփյուռքի կյանքը էթնիկական, մշակութային իմաստով ընդամենը երկարացնել, բովանդակություն տալ այդ կյանքին և այդ գոյությունը օգտակար դարձնել նաև հայրենիքին: Բայց, ի վերջո, սփյուռքը տևական կյանք չունի, և լուծումը պետք է լինի հայրենադարձությունը՝ լինի դա այսօրվա գոյություն ունեցող Հայաստանում, թե մեր բոլորի երազած ապագա ամբողջական Հայաստանում: Վերջին քսան-քսանհինգ տարիների արտագաղթի աղետալի պատկերին ի տես, մենք կարիք ունենք հայրենադարձության: ժողովրդագրական խնդիրը հայ ժողովրդի համար ընդհանրապես առաջնային խնդիր է, և առաջնային լուծում է հայրենադարձությունը, սակայն հայրենադարձությունը հնարավոր դարձնելու համար Հայաստանում իրավիճակը պետք է փոխվի, այսինքն՝ այն պայմանները, որոնք Հայաստանի բնակչությանը մղում են դեպի դուրս, նույն պայմանները արգելք են հանդիսանում, որ նույն այդ մարդիկ և նախկին սփյուռքի ներկայացուցիչները վերադառնան հայրենիք:

Գլխավոր խնդիրը՝ ստեղծել իրական, հայկական պետություն

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, նույնիսկ այսօրվա փոքր Հայաստանը (պատմական Հայաստանի հետ համեմատած) ամբողջ հայ ժողովրդի՝ ներառյալ արևմտահայերի հայրենիքն է: Սա սկզբունքային կեցվածք է. պետք է գիտակցել շատ պարզորեն, որ այս Հայաստանի կորուստը Հայաստան հասկացության ամբողջական կորուստ է նշանակելու, և այս Հայաստանի կորուստով ընդհանրապես հայ ազգն է, որ դադարելու է գոյություն ունենալուց, և անհեթեթ է լինելու այս Հայաստանի կորստի պարագայում Արևմտյան Հայաստանի և ցեղասպանության հետևանքները վերացնելու առումով ակնկալիքներ ունենալ: Միայն իսկական կենսունակ հայկական պետությունը կարող է գլխավոր երաշխիքը դառնալ ցեղասպանության հետևանքների վերացման և հետևաբար, այսօրվա Հայաստանի վերականգնումը, կենսունակության վերագտնումը և ներկա քառասուներկու հազար քառակուսի կիլոմետրի վրա իսկական հայկական պետականության ստեղծումը ամբողջ հայ ժողովրդի՝ ներառյալ սփյուռքահայության, գլխավոր խնդիրներից մեկն է:

Սփյուռքում հայերի հայ մնալու իրողությունը հնարավորինս երկարատև պահպանելու համար պետք է հայ մնալը իմաստավորվի: Հայ լինելը նաև պետք է իմաստավորվի գլխավորապես ներկա Հայաստանի իրավիճակը փոխելու, բարելավելու խնդիրը լուծելու պարտավորությունը վերցնելով: Նաև պետք է գիտակցենք, որ որպեսզի սփյուռքում հայը մնա հայ հնարավորինս երկար ժամանակ, հատկապես նոր սերունդները պետք է հպարտ լինեն հայությամբ, պետք է այսօրվա գոյություն ունեցող Հայաստանը հպարտության առարկա լինի նրանց համար: Իսկ այսօրվա Հայաստանը, ցավոք, բոլոր իմաստներով հեռու է հպարտություն պատճառելուց և կարող ենք հեշտությամբ պատկերացնել սփյուռքում ծնված երիտասարդի հոգեբանական վիճակը: Հետևաբար, այս առումով ևս Հայաստանի առողջացումը՝ իսկական հայկական պետության, պետականության ստեղծումը շատ-շատ կարևոր է սփյուռքում հայ մնալու համար:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ նաև սփյուռքի համար այսօրվա Հայաստանի առողջացումը էական նշանակություն ունի, ուստի սփյուռքի առաջամարտիկները՝ հայկականությունը կրելու առումով առաջամարտիկները, գիտակցելով այս իրողությունը, պետք է իրենց գլխավոր խնդիրը դարձնեն՝ մասնակցել Հայաստանում իրական, որակական փոփոխությունների պայքարին և դրանով ստեղծել այնպիսի Հայաստան երկիր, որը հենարանն է լինելու մնացյալ հայկական խնդիրների լուծմանը:

Բարեբախտաբար սփյուռքում գնալով ավելի գիտակցվում է այն փաստը, որ այսօրվա հայկական պետությունը ներկայացնել հավակնող խավը, իրականում, չի ներկայացնում հայկական պետության և հայ ժողովրդի շահերը, ուղղակի պահանջվում է , որ այդ գիտակցումը ավելի արագանա, և հայերը իրենց մասնակցությունը բերեն Հայաստանում տեղի ունեցող պայքարին, մյուս կողմից՝ մի անգամ, որ Հայաստանում հաստատվի իրական հայկական պետություն, սփյուռքը չափազանց մեծ դեր ունի այդ հայկական պետությունը ծաղկեցնելու առումով:

Չնայած մենք անընդհատ շեշտում ենք և սա իրականություն է, ցավոք, դրանից խուսափում չկա, որ մենք իրականում գտնվում ենք աղետալի իրավիճակում և արտակարգ իրավիճակում, և այս իրավիճակի շարունակությունը կարող է հանգեցնել մեր պետության և հայրենիքի, և հետևաբար նաև ազգի վերացման: Սա բացարձակապես չի նշանակում, որ մենք դատապարտված ենք այդ արդյունքին: Հայ ժողովուրդը Հայաստանում և հատկապես սփյուռքում ունի աներևակայելի հնարավորություններ և այդ բոլոր հնարավորությունները պետք է ի գործ դրվեն Հայաստանի ծաղկեցման համար և փոխադարձաբար նոր Հայաստանն այս անգամ իսկապես տեր պիտի կանգնի սփյուռքին:

Մեր պատկերացումով՝ հայկական աշխարհն իրենից պետք է ներկայացնի ցանցային իրականություն, որտեղ կա «հայկական ցանց», «հայկական աշխարհ» հասկացություն, որի կենտրոնը Հայաստանն է, այլ խոսքով՝ դասական իմաստով Հայաստան և սփյուռք իրարից բաժանված հասկացողությունը պիտի քիչ-քիչ վերանա և արտերկրում ապրող հայերը ցանցային դարձող աշխարհում «հայկական ցանց», «հայկական աշխարհի» մաս են կազմելու, և այդ ձևով ինչ-որ չափով նաև Հայաստանի մաս: Ներկա աշխարհը այդ հնարավորությունները տալիս է, հաղորդակցման միջոցների արագացմամբ և ընդհանրապես ցանցային հարաբերությունների զարգացմամբ, բայց նման բան հնարավոր չէ այսօր պատկերացնել, ցավոք, որովհետև այսօր Հայաստանն ինքը գտնվում է, կարելի է ասել, և՛ արտաքին, և՛ ներքին օկուպացված վիճակում, և ինքն իր տերը չէ, որպեսզի կարողանա նաև սփյուռքի տերը դառնալ: Սակայն ես վստահ եմ, որ հնարավոր է լինելու ստեղծել ներդաշնակ և համերաշխ մի հայկական ամբողջություն, որտեղ և՛ սփյուռքը օգնելու և ծաղկեցնելու է Հայաստան հայրենիքը, և՛ Հայաստան պետությունը՝ որպես կենտրոնը հայկական աշխարհի, բարի, ազնիվ առումով տիրություն է անելու սփյուռքին:

Հետևաբար, երբ խոսում ենք ապագա հայկական ցանցային աշխարհի մասին, դա չպետք է պատկերացնենք թվային, քանակական առումով այսօրվա իրականությամբ, այսինքն՝ քսան տոկոս Հայաստանում, ութսուն տոկոս սփյուռքում հայերի տեղաբաշխության պատկերով: Դա անբնական պատկեր է, առանց մասսայական և իհարկե կազմակերպված, և ժամանակի վրա տարածված հայրենադարձության չի կարող հայկական առողջ աշխարհ և առողջ Հայաստան գոյություն ունենալ: Այսինքն՝ հայրենադարձությունն անխուսափելի պիտի լինի նոր որակի հայկական պետության ստեղծումից հետո, իսկ Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է ունենան առողջ, ներդաշնակ, համերաշխ և ամբողջացված ձև ու բովանդակություն:

Share Button