Հերթական անգամ ապացուցվում է, որ մեր պետությունը չի կայացել

Ազատություն ռադիոկայանի կայքէջում 2014 թ. սեպտեմբերի 15-ին հրապարակված «Ազնավուր․ «Շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ» վերնագրով http://www.azatutyun.am/content/article/26584544.html հոդվածում մեջբերումներ են կատարվում Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի կողմից միջազգային մամուլին տված հարցազրույցներից:

Այդ հարցազրույցներում աշխարհահռչակ շանսոնիեն, խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց նախագահին հարցնելու, թե ինչ պետք է անել, բայց հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին: Որպես օրինակ նա նշել է, որ Թուրքիայի դեսպանի հետ իր տեսակցության մասին նախապես չի տեղեկացրել Սերժ Սարգսյանին, քանի որ կարող են իրեն ասել, թե պետք չէ դա անել, մինչդեռ ինքը ուզում է ազատ լինել իր քայլերում: Միևնույն ժամանակ՝ նա հայտարարել է, որ ինքը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի և չի ուզում ունենալ:

Բերված օրինակով հերթական անգամ ապացուցվում է, որ մեր պետությունը չի կայացել, իսկ համատեղության կարգով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պարտականությունները կատարող երգիչը բացահայտ կերպով ոտնահարում է ՀՀ Սահմանադրության և դիվանագիտական ծառայությունը կարգավորող օրենքների պահանջները՝ դրանց փոխարեն ղեկավարվելով իր անձնական պատկերացումներով և ցանկություններով:

Ռեժիմը փորձում է պետության չկայացածությամբ և նրա միջազգային ցածր վարկանիշով պայմանավորված պրոբլեմները լուծել քաղաքականության հետ կապ չունեցող ու դրանից խուսափող հայտնի մարզիկներին և արվեստագետներին որպես դեսպաններ ներգրավելով: Սակայն այդպիսի մոտեցումը ներկայիս աշխարհի աճող անկայունացման պայմաններում լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի արտաքին անվտանգության համար:

Նման իրավիճակում դե ֆակտո ինքնիշխանություն չունեցող Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի անկառավարելիությունն իր հերթին ավելի է մեծացնում նաև նրա դե յուրե ինքնիշխանության կորստի հավանականությունը, որի վտանգն առավել շոշափելի է դարձել անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո:

Նախախորհրդարանի քարտուղարությունն այս ակնառու օրինակով ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը հայտնվել են իրենց գոյությանն սպառնացող արտակարգ իրավիճակում, որից հնարավոր է դուրս գալ միայն արտակարգ լուծումների միջոցով:

Ուստի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին՝ ի տես նոր աղետի սպառնալիքի, հայ ժողովրդի համար կարևորագույն դասը պիտի լինի ինքն իրեն ապավինելը, իսկ հիմնական խնդիրը՝ ազգային ուժերն համախմբելը: Դրա լավագույն առիթը 2015 թ. ապրիլի 24-ն է, քանի որ այն ամենահարմար պահն է համազգային քաղաքացիական անհնազանդության միջոցով հնարավորինս անցնցում կերպով ռեժիմին հեռացնելու և արտահերթ ընտրությունների պայմաններ ստեղծելու համար:

Share Button