Ժողովրդական բանակ ստեղծելու ժամանակն է. «Այլընտրանք»

Ներկա Հայաստանի տարածքը սահմանային տարածք է

2014 թվականի հատկապես հուլիս ամսվա վերջը և օգոստոսի առաջին կեսը հայ ժողովրդի համար՝ մասնավորապես Հայաստանի և Արցախի բնակչության համար, դարձան փորձության օրեր: Ադրբեջանը դիմեց արկածախնդրության, փորձեց իր կուտակած ուժերը և հանդիպեց հայկական զինյալ ուժերի կողմից հատու պատասխանի: Մենք՝ ի պատիվ մեր զինվորների և սպայական կազմի, պատվով դուրս եկանք այս փորձությունից, որից հետո անհրաժեշտ է դասեր քաղել եղածից և ավելի ամրապնդել մեր դիրքերը:

Խոնարհվելով մեր զինվորների և սպայական կազմի քաջության և խրոխտության դիմաց՝ պնդում եմ, որ մենք պետք է շատ ավելի ամուր պաշտպանվածություն ունենանք: Եվ վերոնշյալ սահմանային բախումների օրերին տեղի ունեցած զարգացումները և դրանից անմիջապես հետո՝ հատկապես Նոյեմբերյանի սահմանային շրջաններում տեղի ունեցող դեպքերը, երբ Հայաստանի քաղաքացիներ առևանգվում կամ կորչում են և անցնում Ադրբեջանի կողմը, բոլոր այս զարգացումները անհրաժեշտ են դարձնում առնվազն սահմանային գյուղերի բնակչության զինումը համապատասխան ձևով, նրանց ռազմական պատրաստվածության ապահովումը և ժողովրդական զինյալ ուժերի ձևավորումը: Այս հարցը օրակարգի թեմա դարձավ, և ներկա ռեժիմի պատասխանատուները մերժեցին այս առաջարկը, որը բանաձևվեց թե՛ հասարակական, թե´ քաղաքական դեմքերի կողմից:

Մյուս կողմից, այս անցնող երկու ամիսների ընթացքում մեր մեծ տարածաշրջանում տեղի ունեցան կարևոր զարգացումներ: Մեկը՝ հյուսիսում Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետ կապված, մյուսը հարավում՝ Մերձավոր Արևելքում: Հյուսիսում զարգացումները վերջին ամիսներին գնացին ռազմական գործողությունների ուղղությամբ, և այս պահին դեռևս պարզ չէ, թե դրանք ինչ ավարտ կունենան: Մեկ բան պարզ է, որ Հայաստանից Հյուսիս արդեն թատերաբեմը քաղաքականից և դիվանագիտականից դառնում է նաև ռազմական գործողությունների թատերաբեմ, ինչը անվտանգության առումով լուրջ հարցեր է դնում մեր առջև՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու առումով: Մյուս կողմից, նույնքան, եթե ոչ ավելի մտահոգիչ զարգացումներ տեղի ունեցան Հարավում. խոսքը վերաբերում է իսլամական պետության ձևավորմանը, նրանց կողմից ոչ կոնվեցիոնալ ձևերով պատերազմ մղելու միտումներին: 2014 թվականին՝ հայերի ցեղասպանությունից համարյա ուղիղ հարյուր տարի անց, նույն տարածաշրջանում նոր ցեղասպանությունների միտումներ են երևում. ո՛չ տարածաշրջանը, ո՛չ աշխարհը, ո՛չ մեծ տարածաշրջանը՝ Հայաստանը ներառյալ, պատրաստ չեն նման միտումներին հատու պատասխաններ տալու կամ պաշտպանվելու համար:

Չպետք է մոռանալ, որ «Իսլամական պետություն» կազմավորման ներսում կան բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ՝ բացի արաբներից նաև թուրքեր, ադրբեջանցիներ, չեչեններ: Բացի այդ, «Իսլամական պետություն» կոչված կազմավորման կողմից պաշտոնապես սպառնալիք ուղղվեց Ռուսաստանին, հատկապես Կովկասը Իսլամական պետություն դարձնելու ուղղությամբ: Այս բոլորը Հայաստանը դնում են նոր մարտահրավերների առջև: Հայաստանը պետք է պատրաստ լինի դեմն առնելու ցանկացած լուրջ զարգացման, և չնայած հուլիսի վերջի-օգոստոսի սկզբի փորձությունից պատվով դուրս գալու փաստին` մենք պետք է գիտակցենք, որ այդ փորձությունը համեմատաբար փոքր փորձություն է, իսկ շատ ավելի մեծ, լայնամասշտաբ և տարբեր որակի փորձությունների պարագայում մեր երկիրը կարող է պատրաստ չլինել դրանց դեմն առնելուն՝ հաշվի առնելով պաշտպանվածության առկա մոտեցումները:

 

Ժողովրդագրական ճգնաժամ. զորակոչի տարիքի երիտասարդները թվով չեն հասցնում լրացնել բանակի շարքերը

Չմոռանանք, որ Հայաստանը չունի ռազմավարական խորություն, այսինքն՝ ներկա Հայաստանի քառասուներկու հազար քառակուսի կիլոմետր տարածքը սահմանային տարածք է, հետևաբար մենք չենք կարող ասել, որ Հայաստանի մի մասը թիկունք է իրենից ներկայացնում, իսկ մյուս մասը՝ առաջնային գիծ. ամբողջ Հայաստանը պետք է համարել առաջնային գիծ: Ռազմավարական խորքի բացակայության կողքին երկրորդ չափազանց կարևոր գործոնը ժողովրդագրական վիճակն է: Ցավոք, արտագաղթի և ծնելիության շեշտակի անկման պատճառով մենք տեսնում ենք, որ արդեն իսկ զորակոչի տարիքի երիտասարդները թվով չեն հասցնում լրացնել բանակի շարքերը և այդ պատճառով ևս անհրաժեշտություն է առաջանում կիրառել «ժողովրդական բանակ» հասկացությունը: «Ժողովրդական բանակ» ասելով՝ պետք է հասկանալ, օրինակ, շվեյցարական բանակը, ինչ-որ չափով նաև իսրայելական բանակը (անկախ այն հարցից, թե մենք ինչ մոտեցում ունենք Իսրայելի վարած քաղաքականության նկատմամբ), որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ազգի և պետության զինվոր է, մշտապես մարզված է և ցանկացած պահի պատրաստ է պատերազմի և հայրենիքի պաշտպանության կոչին: Այս երկրներում բոլոր քաղաքացիները մարզվում են, բոլոր քաղաքացիները՝ տղամարդ, թե կին, տղա, թե աղջիկ, անցնում են ռազմական պատրաստվածություն, իհարկե, հարգելով աղջիկների, կանանց բնախոսական (ֆիզիոլոգիական) յուրահատկությունները, և բացի այդ՝ քաղաքացիները կանոնակարգված ձևով զինված են:

Ներկա մարտահրավերներին և մեր մեծ տարածաշրջանում ստեղծված անվտանգության նոր պայմաններին դիմակայելու գլխավոր երաշխիքը Հայաստանում ժողովրդական բանակի՝ քաղաքացիներից կազմավորված բանակի ձևավորումն է: Իհարկե, պաշտոնական բանակը շարունակում է գոյություն ունենալ, ինչպես Շվեյցարիայում, Իսրայելում և աշխարհի այլ երկրներում, սակայն այդ բանակը պետք է դառնա շատ ավելի մարտունակ, շատ ավելի շարժունակ, շատ ավելի պրոֆեսիոնալ, իսկ բնակչությունը՝ տղամարդկանցով և կանանցով, մշտապես պատրաստ վիճակում պետք է գտնվի՝ պաշտպանելու հայրենիքը ցանակացած արտաքին արկածախնդրությունից: Այն զարգացումները, որոնք տեղի են ունենում մեծ տարածաշրջանում, ըստ ամենայնի, ժամանակավոր զարգացումներ չեն. աշխարհն ապակայունանում է և գնալով ավելի շատ դառնում է բազմաբևեռ, և այս բազմաթիվ բևեռները դեռևս բավական երկար ժամանակ իրար նկատմամբ բախումնային հարաբերություններում են գտնվելու: Եվ քանի դեռ այդ կայունացումը չի հաստատվել, մենք պարտավոր ենք մշտապես պատրաստ լինել ցանկացած անակնկալի, ինչը մեր պաշտպանվածության ներկա պայմաններում չի կարելի ապահովված համարել:

Ուրեմն այսօր Հայաստանի առջև դրվում է ժողովրդական բանակ՝ ազգ-բանակ ձևավորելու հրամայականը: Բոլոր ազնիվ և պատասխանատու քաղաքական հոսանքները, ուժերը և անձնավորությունները` Հայաստանում, թե Հայաստանից դուրս, պետք է գիտակցեն այս հրամայականի անհետաձգելիությունը: Հայ ժողովրդի Ցեղասպանության հարյուրամյակի շեմին մենք տեսնում ենք, որ հարյուրամյակը դիմավորում ենք տարածաշրջանում նոր ցեղասպանությունների կամ սպառնալիքների առկայության պայմաններում, և չի բացառվում, որ նորանոր ժողովուրդներ ենթակա լինեն ցեղասպանության սպառնալիքին: Եվ որպեսզի հայ ժողովուրդը մի անգամ ևս այդ սպառնալիքին ենթակա չլինի, մենք այսօրվանից իսկ պարտավոր ենք այդ ուղղությամբ պատրաստվել: Սա պահանջում է մեր բոլորի կողմից քաղաքացիական, ազգային և քաղաքական բարձր գիտակցություն և պատասխանատվություն: Այս շատ կարևոր օրակարգը, այսինքն՝ ազգ-բանակի ձևավորումը, չի կարելի իրականացնել առանց այսօրվա բանակի և պաշտպանական համակարգի ներսում առկա հոռի երևույթների վերացման, և սա մեր ազգի համար շատ կարևոր թեստ է՝ ապացուցելու համար, որ այս միակ ոչ ձևական, ոչ խամաճիկային, իրական համակարգը՝ բանակը, մենք կարող ենք մաքրել առկա թերություններից: Եվ, ինչու ոչ, բանակի ներսում արվելիք դրական փոփոխություններով վարակել մնացյալ ոլորտները: Այս գործընթացը քաղաքացի ձևավորելու լավագույն ձևերից մեկն է նաև: Անհատ քաղաքացին իրավունքների կողքին ունի պարտականություններ՝ պաշտպանելու պետություն կոչված ինստիտուտը, որը համազոր է ինքն իրեն պաշտպանելու պատասխանատվությանը, հետևաբար քաղաքացին նախ պարտավոր է մասնակցել իր անձի և բոլորի պետության պաշտպանությանը: Երկրորդ՝ ազգ-բանակ ձևավորելու գործընթացը պահանջում է մեր Զինված ուժերի ներսում հոռի երևույթների ուղղում, սրբագրում:

Ոչ մի պատճառ չկա, որ մարդիկ փախուստ տան իրենց սեփական անձը և հայրենիքը պաշտպանելու պարտականությունից և պատվից

Ազգ-բանակ ձևավորելը լավագույն առիթն է քաղաքացիական, հայրենասիրական ոգով սեփական անձը, ընտանիքը, հարևանին, բարեկամին և ամբողջ ազգը պաշտպանելու, մարդկանց մտածողության մեջ հավաքական գիտակցություն ներմուծելու համար: Ոչ մի պատճառ չկա, որ մարդիկ փախուստ տան իրենց սեփական անձը և հայրենիքը պաշտպանելու պարտականությունից և պատվից: Խնդիրը այդ գործողության վեհությունը փոխանցելու մեջ է: Ամեն մարդ, ամեն քաղաքացի, ամեն հայ մարդ ունակ է և պատրաստ է ընկալելու ֆիզիկական, հոգևոր և մտավոր պատրաստվածության և մարզվածության առավելությունները թե´ անձնական, թե´ հավաքական մակարդակների վրա: Ժողովրդի ռազմական պատրաստվածություն և զինում չի նշանակում անիշխանություն և չկարգավորված զինում (Շվեյցարիայում յուրաքանչյուր տան մեջ կա գրանցված զենք, նույնը և Իսրայելում և այլ երկրներում). սա չի նշանակում, որ քաղաքացին կամայականորեն իրավունք ունի զենքն իր հետ ման տալ: Սրանք բաներ են, որոնք հնարավոր է և անհրաժեշտ է կանոնակարգել, ընդ որում՝ կանոնակարգել փուլային ձևով: Փուլերով աշխատելու պարագայում այն խնդիրները, որոնք կան և կարող են առաջ գալ, հերթով պետք է լուծվեն և կդադարեն հիմնական մտահոգություն լինելուց:

Share Button