Եղիա Ներսեսյանին բերման են ենթարկել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի գործով:

Հիշեցնում ենք, որ բնապահպանների, այդ թվում՝ Եղիա Ներսեսյանի ջանքերով հայտնաբերված որսագողության այս դեպքի քննությունը կատարվում է միակողմանի և ուղղորդված կերպով: Հանցագործության իսկական մեղավորներին բացահայտելու և պատժելու փոխարեն քրեական հետապնդման է ենթարկվում Գառնի գյուղի բնակիչ, 1983 թ. ծնված Նորայր Սարգսյանը: Մինչդեռ նա և նրա ընտանիքի անդամները հերքում են որսագողության հետ նրա առնչության հանգամանքը:

Զուգահեռաբար՝ մեղադրող կողմը ձգտում է բնապահպաններին, տվյալ դեպքում՝ Եղիա Ներսեսյանին, ներքաշել այս շինծու քրեական գործի մեջ՝ բնապահպանների և ազդակիր օբյեկտների հետ առնչություն ունեցող քաղաքացիների միջև արհեստական հակասություններ ստեղծելու նպատակով:

Նախախորհրդարանի քարտուղարություն