«Սա Հայաստան է և վերջ» կոմիտեն, որը միավորում է արցախյան քաղաքական և հասարակական գործիչների, սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Այնտեղ մասնավորապես նշվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Նորից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով:
Ցավոք, դրա հետեւանքով ունեցանք նաեւ զոհեր:
Միեւնույն ժամանակ՝ թուրքը նորից տեսավ մեր ոգու եւ բազկի ուժը:
Ադրբեջանը հասկացավ, որ 1994-ին իր իսկ խնդրանքով կնքված զինադադարի պայմանագիրը խախտելու դեպքում կարող է կրկին տարածքներ կորցնել:
Իսկ սահմանի ամբողջ երկայնքով խրամատում կանգնած հայ զինվորների կողքին Արցախյան գոյամարտի վետերանների հայտնվելը եւ համատեղ մարտական հերթապահությունը ապացուցեցին, որ հայ ժողովուրդը միասնական է եւ տեր ու պաշտպան է իր Հայրենիքին: Իր հերթին՝ դիրքում կանգնած հայ զինվորն իր ուսին զգաց ավագ սերնդի եւ ամբողջ ժողովրդի գնահատանքը, աջակցությունն ու խրախուսանքը:
Թշնամին հաշվարկել էր, որ մեր երկրում առաջացած ճգնաժամային իրավիճակը, այդ թվում՝ անարդարությունը, արտագաղթը, աղքատությունը եւ գործազրկությունը պարարտ հող է ստեղծել մեզ վրա ռազմական ճնշումներ գործադրելու միջոցով իր նպատակներին հասնելու համար:
Սակայն նրա հաշվարկները սխալ դուրս եկան: Մեր ժողովուրդը մեկ անգամ եւս ապացուցեց, որ չնայած բոլոր դժվարություններին, անհրաժեշտ պահին ունակ է վերակազմավորվելու եւ լուծելու ազգի ու պետության առջեւ ծառացած ճակատագրական խնդիրները:
Սիրելի՛ հայրենակիցներ: Մենք պարտավոր ենք նույն միասնականությամբ հաղթահարել նաեւ մեր երկրում առաջացած ճգնաժամը՝ սահմանելով արդարություն, կասեցնելով արտագաղթը, ի վերջո՝ ստեղծելով հզոր եւ ազգային պետություն»:
Կոչը ստորագրել են կոմիտեի ներքոնշյալ անդամները՝
Քերոբ Ղազարյան
Վահան Բադասյան
Գրիշա Հայրապետյան
Արթուր Խաչատրյան
Ադելա Աղաջանյան
Տիգրան Կյուրեղյան
Մխիթար Ավետիսյան:
– See more at: http://artsakhnews.am/?p=1060#sthash.4z7E9XGM.dpuf