Ինչո՞ւ պետք է պարտադիր կերպով դուրս գալ համակարգից և մերժել նրա կանոնները, ընտրություններն ու կուսակցություններին

Պետությունը պետք է ունենա հետևյալ չորս բաղադրիչները.

  1. տարածք,
  2. կայուն բնակչություն,
  3. պետական կառավարման յուրային համակարգ (ազգային շահերով առաջնորդվող և ժողովրդի կամքը ներկայացնող պետական կառավարման համակարգ),
  4. արտաքին հարաբերություններ վարելու կարողություն:

Այս չորս բաղադրիչներից առաջին երկուսը նախադրյալներ են: Եթե դրանք չկան, ապա պետություն ստեղծելու մասին անիմաստ է խոսել:

Եթե կա տարածք և բնակչություն, ապա հնարավոր է ստեղծել պետություն:

Պետության՝ որպես կազմակերպության, միջուկը նրա կառավարման համակարգն է՝ պետության երրորդ բաղադրիչը: Եթե այդ համակարգն առաջնորդվում է ազգային շահերով և արտահայտում է ժողովրդի կամքը, ապա այն կարելի է համարել յուրային: Իսկ եթե այդ համակարգը ծառայում է օտարի շահերին, ապա այն յուրային չէ: Նման դեպքերում պետությունը դառնում է գաղութ, իսկ նրա կառավարման համակարգը վերածվում է գաղութային վարչակազմի:

Եթե պետության կառավարման համակարգը յուրային չէ և վերածվել է գաղութային վարչակազմի, ապա նա չի կարող նաև արտաքին հարաբերություններ վարել, քանի որ գաղութատեր օտարը զրկում է նրան այդ կարողությունից և նրա շահերի փոխարեն ու դրանց հաշվին ապահովում է իր շահերը:

Գաղութացված պետությունը, որտեղ չկա յուրային կառավարման համակարգ և որը չի կարող արտաքին հարաբերություններ վարել, ժամանակի ընթացքում կորցնում է նաև առաջին երկու բաղադրիչները: Նրա բնակչությունը ոչնչացվում է և/կամ արտագաղթում, իսկ տարածքը, բնականաբար, բաժին է հասնում օտարներին:

Ապազգային, ստրկամիտ ու կեղեքիչ վերնախավի կառավարման, ինչպես նաև պետության կառուցման ծրագրի բացակայության հետևանքով Հայաստանի պետական կառավարման համակարգը դարձել է ոչ յուրային և վերածվել ազգային շահերի հաշվին օտար ուժերին և նրանց տեղական դրածոներին ծառայող գործիքի: Երկիրն էլ, բնականաբար, ենթարկվում է քաղաքական, տնտեսական և մշակութային գաղութացման:

Այդ համակարգի ազգակործան ու հայրենադավ կառավարման և երկրի գաղութացման պատճառով.

  1. Ժողովրդի կամքը և մարդկային իրավունքներն ու ազատությունները ամենուրեք բռնադատվում են, նրան պատկանող իշխանությունը յուրացվել է բռնության, խաբեության և կեղծիքի միջոցով, իսկ երկրի մարդկային, բնական ու նյութական ռեսուրսները ենթարկվում են գիշատչական կեղեքման և սպառման: Դրա հետևանքով երկիրը մարդաթափ է լինում աղետալի արտագաղթից, իսկ շրջակա միջավայրը դառնում է բնակության համար անպիտան ու թունավոր անապատ:
  2. Հայաստանի փոխարեն նրա արտաքին հարաբերությունները տնօրինում է օտարը: Մենք զրկվել ենք մեր ազգի և պետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքից: Դրա հետևանքով առանց մեր կամքը հարցնելու Հայաստանը ներքաշվում է ռուս-թյուրքական հերթական սիրախաղի նպատակներին ծառայող Եվրասիական միության ստեղծման գործընթացում, ինչը  հերթական անգամ լինելու է մեր կենսական շահերի հաշվին՝ սպառնալով առհասարակ կործանել մեր պետականությունն ու հայազրկել երկիրը:
  1. Քաղաքական կուսակցությունները, որոնք կոչված են ձևավորելու և արտահայտելու ժողովրդի կամքը, իրենց նյութապաշտ ու ապազգային ղեկավարների պատճառով քաղաքական պայքարի փոխարեն զբաղվում են քաղաքական առևտրով և ժողովրդին մոլորեցնելով:
  1. Ընտրությունները, որ ժողովրդի կամքի ձևավորման և արտահայտման հիմնական մեխանիզմն են, վերածվել են հանցավոր ռեժիմի վերարտադրության մեխանիզմի: 1995 թվականից սկսած բոլոր՝ 1996, 1998, 2003, 2008, 2013 թթ. ընտրությունները  կեղծվել են, իսկ այդ կեղծիքի դեմ ընդվզած ժողովուրդը միշտ պարտվել է, քանի որ տվյալ պահի ընդդիմության ղեկավարները պայքարը տարել են համակարգի ներսում՝ սկզբում ժողովրդին տանելով համակարգի մաս կազմող դատարանների դռները, այնուհետև փորձելով նույն համակարգի կանոնների համաձայն հանրահավաքային պայքար ծավալել: Ինչպես գիտենք, բոլոր այս  դեպքերում ժողովրդի դեմ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ընդդիմության ծախված և/կամ ապիկար առաջնորդներն ի վերջո հաշտվել են այդ պարտության հետ:

Մինչ օրս այս աղետաբեր համակարգի մեջ ոչինչ չի փոխվել և չի էլ կարող փոխվել, որովհետև ցանկացած փոփոխություն հանգեցնելու է այդ համակարգի ոչնչացմանը: Իսկ համակարգը երբեք չի ուզենա փոխվել, քանի որ չի ուզում ինքն իրեն ոչնչացնել: Նրա օտար տերերին ևս ձեռնտու չէ, որպեսզի համակարգը փոխվի: 

Ուստի, գործող համակարգի ներսում՝ նրա կանոններով, նրա ընտրություններով, նրա դատարաններով, նրա ընդդիմադիր կուսակցություններով և կեղեքիչ վերնախավի մաս կազմող այդ կուսակցությունների առաջնորդներով հնարավոր չէ հասնել փոփոխության:

Ավելին, համակարգի ներսում մնալով՝ մենք երկարացնում ենք նրա կյանքը: Մինչդեռ վիճակն օրհասական է: Մեր երկիրն ու ժողովուրդն աղետալի տեմպերով սպառվում են: Մենք ժամանակ չունենք: Ուստի ոչ միայն պետք է մերժենք 2017 կամ 2018 թթ. առաջիկա հերթական ընտրությունները, այլև առանց դրանց սպասելու օր առաջ պետք է հեռացնենք ռեժիմին և վերականգնենք ժողովրդի կամքն ու իշխանությունը:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Share Button