Արդյո՞ք Նախախորհրդարանի առաջարկած ծրագիրը հեղափոխություն չէ: Եվ չի՞ հանգեցնելու դա Ուկրաինական տիպի սցենարների, «Մայդանի», արյունահեղության և քաղաքացիական պատերազմի

Հեղափոխություն է: Սակայն մեզ համար հեղափոխությունը ոչ թե արյունն է, բախումներն ու կառավարական շենքերի գրավումը, այլ արմատական դրական փոփոխությունները: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ռեժիմն առանց արյունի հեռանա և փոփոխությունը սահուն լինի: Ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար պետք է կիրառվեն քաղաքացիական անհնազանդության ձևերն ու մեթոդները: Մենք իրավունք չունենք մեր երկիրը ցնցումների մատնելու: Բացի այդ՝ հետագայի համար ճակատագրական սխալ կլինի բռնության միջոցով փոփոխությունների հասնելու նախադեպի ձևավորումը:

Միևնույն ժամանակ՝ եթե ռեժիմը փորձի բռնություն կիրառել, պետք է համարժեք պատասխան ստանա: Դա ժողովրդի բացառիկ իրավունքն է: Ժողովուրդն իրավունք ունի ամեն գնով վերականգնելու իր իշխանությունը, այդ թվում՝ այդ իշխանությունը յուրացրածների նկատմամբ բռնության կիրառման միջոցով: Ի դեպ՝ ժողովրդի իրավունքն ավելին է, քան միջազգային իրավական ակտերում և որոշ պետությունների սահմանադրություններում սահմանված այսպես կոչված ապստամբության իրավունքը: Ժողովուդրդն է տերը, մինչդեռ կառավարիչները նրա ծառաներն են, ուստի տերը չի կարող ապստամբել ծառայի դեմ: Տերն ընդամենը պատժում է հանցագործ ծառային, որ յուրացրել է իշխանությունը և վերականգնում է կարգը:

Որքանո՞վ է հավանական քաղաքացիական պատերազմը Հայաստանում:

Հայաստանը միազգ երկիր է, մեզանում սոցիալական, մարդկային կապերը շատ ամուր են ու սերտ, ուստի քաղաքացիական պատերազմը գործնականում բացառված է: Հնարավոր են ռեժիմի ներկայացուցիչների, նրանց շահառուների և վարձկանների սադրանքներ, որոնք պետք է խափանվեն բոլորիս աչալրջության շնորհիվ:

Հնարավո՞ր է արդյոք անցնցում փոփոխություն:

 

Եթե «եգիպտոսներում» և «ուկրաինաներում» նախօրոք ձևավորվեին զուգահեռիշխանության մարմիններ և ժողովրդին պայքարի տաներին դրանց գլխավորությամբ ու նախապես մշակված ծրագրով, ապա հնարավոր կլիներ խուսափել ցնցումներից: Առնվազն՝ նման անորոշություններ և արյունահեղություն չէր լինի:

Այդ պատճառով ենք մենք շատ կարևորում նախապես Հիմանդիր խորհրդարանի ձևավորումը և լեգիտիմացումը:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Share Button