Մի՞թե հնարավոր չէ ժողովրդին կազմակերպել առանց Հիմնադիր խորհրդարանի, հեռացնել ռեժիմին, իսկ դրանից հետո արտահերթ ընտրություններ անցկացնել և ընտրել նոր Նախագահ, Ազգային ժողով ու կազմել նոր կառավարություն

Ռեժիմին հեռացնել հնարավոր է, սակայն պետությունը կմնա առանց կառավարման, քանի որ պետական կառավարման մարմինների ղեկավար կազմի մեծ մասն ակնհայտորեն բաղկացած է քրեական պատասխանատվության ենթակա մարդկանցից, որոնք պետք է անմիջապես հեռացվեն զբաղեցրած պաշտոններից: Նման իրավիճակում հնարավոր չի լինի ներկայիս խորհրդարանով, կառավարությամբ ու մյուս մարմիններով ժամանակավորապես շարունակել պետության կառավարումը՝ մինչև դրանք կփոխարինվեն արտահերթ ընտրությունների միջոցով:

Սակայն, նույնիսկ եթե նման մոտեցում ցուցաբերվի և ինչ որ հրաշքով արտահերթ ընտրությունները բարեհաջող կերպով անցկացվեն, միևնույն է, չի լուծվի Հայաստանի ազատագրման ու ապագաղութացման հարցը, քանի որ այդ դեպքում կփոխվեն միայն ռեժիմի պարագլուխն ու մյուս ղեկավար անձերը, սակայն ռեժիմը և, առավել ևս՝համակարգը, չեն փոխվի:

Այսպես դատելու պատճառն այն է, որ գործող կուսակցությունների ղեկավար կազմը, չնչին բացառություններով, ներկայիս կառավարող վերնախավի մասն է և բաղկացած է նույնպիսի ապազգային, նյութապաշտ ու ստրկամիտ մարդկանցից: Նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար շերտը, չնչին բացառությամբ, գործակցում է ռեժիմի հետ և, ըստ էության, մեզ կառավարող բանդայի մաս է կազմում:

Այսինքն՝ ռեժիմին հեռացնելուց անմիջապես հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու պարագայում մեր երկրիը դարձյալ կհայտնվի ստրկամիտ, ապաշնորհ և նյութապաշտ մարդկանց կառավարման ներքո: Երկրի և ժողովրդի կեղեքումն էլ կշարունակվի: Չի բացառվում՝ որ դա տեղի ունենա ավելի վատթար ձևերով:

Որպեսզի դա տեղի չունենա և մենք կարողանանք փոխել պետական կառավարման համակարգը, առաջարկում ենք ռեժիմին հեռացնելուց հետո սահմանել անցումային փուլ, որպեսզի դրա ընթացքում արմատախիլ արվի բացասականը և սերմանվի դրականը: Առաջին հերթին՝ մենք պետք է ձերբազատվենք ներքին տականքից և խափանենք նրա վերարտադրության հնարավորությունը:

Տականքի վերարտադրության բացառումը մենք պատկերացնում ենք երկու հիմնական միջոցառումների՝ գործակալական և տնտեսական լյուստրացիաների միջոցով: Դրանց շնորհիվ կպարզվի, թե ով՝ ով է: Բնականաբար՝ մեր պետության և ժողովրդի դեմ աշխատած անձինք զրկվելու են հետագայում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Այս միջոցառումներից հետո կմնան այն կուսակցությունները, որոնք կդիմանան ժամանակի, օրենքի և ժողովրդի քննության փորձությանը: Հավանական է, որ ստեղծվեն նաև նոր կուսակցություններ:

Եվ միայն այս ամենից հետո կարող են անցկացվել արտահերթ ընտրություններ:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Share Button