Ինչպե՞ս է Հիմնադիր խորհրդարանը դառնալու լեգիտիմ

Հիմնադիր Խորհրդարանի համար ինքնառաջադրվածների կողմից 300 ստորագրությունների հավաքումը լեգիտիմացման առաջին փոքր քայլն է:

Ձևավորվելուց հետո Հիմնադիր խորհրդարանը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հետ պայմանագիր է կնքելու։ Այդ պայմանագրում հստակ ձևակերպվում են բոլոր այն լիազորություններն ու պարտականությունները, որոնք քաղաքացին տալու է Հիմնադիր Խորհրդարանին: Այդ պայմանագրի կնքումը պայմանականորեն կարող ենք կոչել բաց հանրաքվե, որն իրականացվում է հենց պայմանագիր կնքելով։  Հիմնադիր խորհրդարանը կդառնա լեգիտիմ, եթե նրա հետ պայմանագիր կնքի առնվազն 830.514 քաղաքացի: Այդ թիվը ՀՀ-ում համապետական ընտրություններին ամենաշատ մասնակցած քաղաքացիների (2008 թ. նախագահական ընտրություններ) 50%+1 է: Պայմանագրի կնքման գործընթացը կսկսվի Հիմնադիր խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո: Ամենայն հավանականությամբ, այս գործընթացը գործող ռեժիմի հակազդեցության պատճառով ավարտին կհասցվի նրա հեռացումից հետո:

Պայմանագրի կնքման շնորհիվ հեղափոխականայս գործընթացը դառնում է լիարժեք իրավաչափ: Նման իրավիճակում հակառակորդն իրավական առումով դատապարտված է պարտության, քանի որ այս գործընթացում ոչ մի հակաօրինական տարր նա չի կարողանալու գտնել:Լեգիտիմացման այս գործընթացը կարևոր է ոչ միայն ներքին, այլև միջազգային-իրավական իմաստով, քանի որ առնվազն ապահովում է նաև արտաքին գործոնների չեզոքությունը:

Արդյոք կարո՞ղ են ինքնառաջադրվել Արտերկրում ապրող հայերը:

Այո, կարող են: Ինքնառաջադրվելու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն և մշտապես բնակվել Հայաստանում: Սակայն եթե տվյալ անձը ընտրվում է որպես Հիմնադիր Խորհրդարանի պատգամավոր, նա պարտավորվում է վերադառնալ և բնակվել Հայաստանում, ինչպես նաև դիմում ներկայացնել՝ քաղաքացիություն ստանալու համար:

Ի՞նչ է անելու Հիմնադիր խորհրդարանը ռեժիմին հեռացնելու համար և ի՞նչ է անելու դրանից հետո

Ռեժիմին հեռացնելու համար Հիմնադիր խորհրդարանը պետք է համախմբի ժողովրդին, կազմակերպի նրա պայքարը և ժողովրդի կազմակերպված ուժով հեռացնի ռեժիմին:

Ռեժիմին հեռացնելուց հետո Հիմնադիր խորհրդարանը պետք է Ազգային ժողովի փոխարեն ստանձնի պետության օրենսդիր իշխանության իրականացման գործը, ինչպես նաև կազմավորի անցումային կառավարություն:

Հիմնադիր խորհրդարանը և նրա ստեղծած անցումային կառավարությունը պատվաստի նման տեղադրվելու են գործող պետական կառավարման համակարգի մեջ և իրենց առանցքային դերերի շնորհիվ նախապես մշակված անցումային փուլի ծրագրին համապատասխան փոփոխելու են համակարգի բնույթը:

Հասկանալի է, որ համակարգի փոփոխությունը ենթադրում է երկրի կյանքի բոլոր ոլորտներում արմատական փոփոխությունների կատարում, բուն համակարգի կառուցվածքի և գործառույթների բարեփոխում, կադրերի զանգվածային փոփոխություն:

Ինչպե՞ս է հեռացվելու ռեժիմը

Հիմնադիր խորհրդարանը ձևավորվելուց հետո պետք է ժողովրդին մոբիլիզացվելու կոչ անի: Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, համախմբվի Հիմնադիր խորհրդարանի շուրջ, գործի ըստ նրա հանձնարարությունների և այլևս չվերադառնա տուն մինչև այն ժամանակ, երբ հաջողվի ձերբազատվել այս ռեժիմից:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Share Button