Գործող պետական կառավարման համակարգն ու կուսակցական դաշտն անբուժելի հիվանդ են, ուստի մենք առաջարկում ենք սկզբում դրանցից դուրս ձևավորել պետական կառավարման այլընտրանքային մարմիններ, ապա սկսել լեգիտիմացնել այդ մարմիններին և զուգահեռաբար նրանց միջոցով համախմբել ժողովրդին ու վերջինիս ուժով հեռացնել ռեժիմին:
Այդ մարմիններից հանգուցայինը օրենսդիրն է, որը մենք անվանել ենք Հիմնադիր խորհրդարան, քանի որ այն պետք է հիմք դնի նոր որակի հայկական պետության: Ժողովրդի համախմբման, ռեժիմի հեռացման և հետագայում պետության կառավարման պատասխանատվության ստանձնման բեռի հիմնական մասն ընկնելու է նրա վրա:
Եվ, երբ Հիմնադիր խորհրդարանը կազմավորվի, այդ ժամանակ արդեն կսկսվի ժողովրդի համախմբումը ռեժիմին հեռացնելու նպատակով:
Հակառակ պարագայում ռեժիմի հեռացումից հետո կառաջանա քաոսային իրավիճակ:
Արդեն ստեղծվել է անցումային արդարադատության սկզբունքներով գործող Արդարության ատյանը, որի առաքելությունը երկրում առաջացած արդարության ճգնաժամի հաղթահարումն է և մարդկանց մեջ ապագայի հույսի պահպանումը:
Ստեղծվել է Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով, որն ապահովում է Հիմնադիր խորհրդարանի ձևավորման աշխատանքը:
2014 թ. մայիսի 16-ից մեր ժողովրդի, այդ թվում՝ նրա արտերկրում բնակվող մասի, քաղաքականապես առավել ակտիվ ներկայացուցիչներն սկսել են ինքնառաջադրվել Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր դառնալու նպատակով:
Նախախորհրդարանի քարտուղարություն