Ինչո՞ւ Արցախյան ազատամարտում հաղթանակ տարած հայ ժողովուրդը չկարողացավ ստեղծել ազգային պետություն և հայտնվեց այսօրվա աղետալի վիճակում

Ինչպես հայտնի է, պետականությունը կորցնելուց հետո հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ ազգային-ազատագրական պայքար է մղել հանուն իր իրավունքների, արժանապատվության և ազատության:

1988 թ. սկսվեց ազգային-ազատագրական պայքարի հերթական փուլը, որի նպատակը Արցախը Հայաստանին վերամիավորելն էր:

Այդ ժամանակ զուգահեռաբար սկսվեց ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացը, որի հետևանքով Խորհրդային Հայաստանն ինքնաբերաբար անկախացավ և ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Անկախությունը ձեռք բերվեց առանց պայքարի՝ որպես նվեր: Այն չգնահատվեց ու չիմաստավորվեց, իսկ անկախ պետականության գաղափարը այդպես էլ գերիշխող չդարձավ:

Պետականության դարավոր կորստի պայմաններում մեր ժողովուրդը զգալի չափով կորցրել էր պետություն կառուցելու գիտելիքը, մշակույթն ու փորձը, չուներ այդ ամենին տիրապետող և ազգային մտածելակերպ ունեցող բավարար քանակի և որակի՝ Հայրենիքին ու ժողովրդին ծառայելու պատրաստ քաղաքական ընտրախավ: Ազգի սերուցքը, որ պետք է դառնար անկախ պետականության կառուցման գործի առաջնորդն ու շարժիչ ուժը, հիմնականում զբաղված էր Արցախյան ազատամարտով և մեծ մասով զոհ գնաց պատերազմին:

Դրա փոխարեն առաջացավ հանուն անձնական շահի ժողովրդին իշխելու և կեղեքելու ձգտում ունեցող, նյութապաշտ, ապազգային ու ստրկամիտ մարդկանցից բաղկացած վերնախավ: Այդ կեղեքիչ վերնախավի ներկայացուցիչներն էլ դարձան կառավարող ռեժիմի անդամներ, ընդդիմություն խաղացող քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, ինչպես նաև քրեական օլիգարխներ:

Հասկանալի է, որ նման վերնախավը չուներ և չէր էլ կարող ունենալ պետության կառուցման և զարգացման ծրագիր, առհասարակ՝ ի վիճակի չէր և հիմա էլ ի վիճակի չէ առաջադրելու ազգային նպատակներ և իրագործելու դրանք:

Այդ պատճառներով ինքնիշխանության ամրապնդման ու հետզհետե հզորացման փոխարեն նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը՝ ազատագրված Արցախի հետ միասին, հանձնվեց աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների խաղի կանոններին ու թելադրանքին, իսկ մենք ազգովին վերածվեցինք դրանց պատանդի:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Share Button