Պետք է թույլ չտալ, որպեսզի Սարգսյան-Ալիև հանդիպմանը Արցախում ռուսական զորքեր տեղակայելու իմաստով ինչ-որ որոշումներ կայացվեն

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը առաջիկայում  կհանդիպեն Սոչիում, որտեղ բանակցություններ կանցկացնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Հատկանշական է, որ երկար սպասված հանդիպումը որոշվեց անցկացնել Սոչիում այն պարագայում, երբ հանդիպման  նախաձեռնողը Ֆրանսիան էր ու  խոսվում էր այն Փարիզում կամ Նյու Յորքում անցկացնելու մասին:

ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը այս հանդիպումը դիտարկում է  երկու տերությունների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի մրցակցության շրջանակներում և  նկատի ունենալով տարածաշրջանում Ռուսաստանի  ունեցած  նկրտումները՝ որոշակի մտահոգություններ ունի. «Անցնող ամիսների ընթացքում Ռուսաստանը իր ոչ պաշտոնական խոսնակների միջոցով հաճախ էր խոսում տարածաշրջանում, այսինքն  Ադրբեջանի և Հայաստանի կամ Արցախի  միջև  այսպես ասած  խաղաղարար ուժեր տեղակայելու մասին և այս վերջին օրերի բախումները կարող են առիթ հանդիսանալ, որպեսզի Ռուսաստանի այդ միտումը դարձյալ սեղանի վրա դրվի: Բոլոր զգոն հայաստանյան քաղաքական ուժերը պետք է շատ զգույշ լինեն  թույլ չտալու համար, որ սպասվող ամսի 8-9 -ի հանդիպմանը Արցախում ռուսական զորքեր տեղակայելու իմաստով ինչ-որ որոշումներ կայացվեն, որովհետև այդ պարագայում ռազմի դաշտի վրա բախման թեժ կետերում մեր զինվորների մեծ զոհողության գնով ձեռք բերված այս ամուր դիրքերը լրիվ հօդս կցնդեն, եթե նման համաձայնությունների հանգեն երկու կողմերը Ռուսաստանի հովանավորությամբ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Ստեղծված իրավիճակը Ալեք Ենիգոմշյանը համարում  է ՀՀ իշխանությունների վարած մեղկ քաղաքականության արդյունք. «Եթե հայկական դիվանագիտությունը՝  հանձինս ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի և արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի, անցնող տարիների ընթացքում ցուցաբերեին շատ ավելի հստակ սկզբունքային կեցվածքներ, եթե չցուցաբերեին այդպիսի մեղկ, շատ դեպքերում պարտվողական, զիջողական կեցվածքներ, Ադրբեջանը չէր համարձակվի այսպես ամբարտավան ձևով իրեն դրսևորել և չէր էլ համարձակվի ռազմական նման արկածախնդրությունների գնալ»:

Վերջին օրերի ընթացքում Զինված ուժերի ցուցաբերած կեցվածքի նկատմամբ խորը հարգանք ունենալով  հանդերձ՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկը գտնում է, որ  եթե  նախկինում բախման կետերում հայկական ուժերը   ավելի խիստ պատասխաններ տված լինեին, ապա  վերջին օրերի դեպքերը տեղի չէին ունենա, քանի որ հակառակորդը չէր համարձակվի նման քայլերի դիմել.  «Երբ սա է եղել հայկական դիվանագիտության մոտեցումը և այն ցուցմունքները, որոնք տրվել են  Զինված ուժերին, ապա Սերժ Սարգսյանից ինչ-որ բան ակնկալելը անհեթեթություն է: Մենք միայն կարող ենք այսօրվանից զգոն լինել և զգուշացնել, որ մենք՝ հայ ժողովուրդը, պատրաստ չենք ընդունելու և ամեն ձևով ընդդիմանալու ենք ցանկացած ձևի զիջման և զիջողական ու պարտվողական կեցվածքի, որը կարող է կամ կարող չէ դրսևորվել առաջիկա այդ հանդիպման ընթացքում»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Վերջինս պատահական չի համարում նաև շաբաթ օրը արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հարցազրույցը news.am կայքին, որտեղ   վերջինս  ասել էր, որ Հայաստանն, անշուշտ, ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը: Երբ սահմանին առկա նմանօրինակ լարվածության պարագայում արտգործնախարարը խոսում է ԵՏՄ անդամակցութան մասին, ապա դա, ըստ Ալեք Ենիգոմշյանի, հստակ ուղերձ է Ռուսաստանին:

«Կարծես թե սահմանին դեպքեր տեղի չէին ունենում, և գլխավոր խնդիրը այն էր, թե Հայաստանը միանալո՞ւ է ԵՏՄ-ին, թե ոչ, և նա հաստատեց դա: Դա   կարելի է մեկնաբանել որպես Ռուսաստանին տրված հավաստիք, որ այո՛, Հայաստանը միանալու է ԵՏՄ-ին և դրանից անմիջապես հետո հայտարարվեց Սոչիի հանդիպման մասին, և այստեղ  այդ անուղղակի կապը սահմանային բախումների և Ռուսաստանի միջև երևում է, բացի այդ դրանից հետո սահմանային բախումները սկսեցին իրենց թափը կորցնել, իհարկե թափն  ու ուժը կորցրեցին նաև հայկական ուժերի հատու հարվածների արդյունքում»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Share Button