Հայաստանում սպասվում են այլընտրանքային ընտրություններ, ինքնառաջադրվել է 50 քաղաքացի

Ինչպես հրապարակել էր ԳԱԼԱ-ն, Նախախորհրդարանը հայտարարություն էր տարածել «Ռեժիմից հարկավոր է ձերբազատվել մինչև Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը, այսինքն՝ մինչև 2015թ. ապրիլի 24-ը» բովանդակությամբ:

Նախախորհրդարանի անդամները նաեւ հայտարարում էին, որ պետք է ստեղծվի այլընտրանքային իշխանություն: Ինչ փուլում է այլընտրանքային իշխանությունների ստեղծման  գործընթացը: Եվ ինչ ճանապարհով ու ինչ մեթոդներով են որոշում «ճանապարհ դնելու ռեժիմին:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Նախախորհրդարանի մամուլի խոսնակ, պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանի հետ ամբողջությամբ:

-Պարո՛ն Ավետիսյան, Նախախորհրդարանի անդամները քանիցս ասել ենոր պետք էստեղծվի այլընտրանքային իշխանությունորպեսզի իշխանափոխությունը սահունլինի եւ երկրում քաոս չառաջանաԱյս առումով ի՞նչ աշխատանքներ են տարվել:

-Գործող պետական կառավարման համակարգն ու կուսակցական դաշտն անբուժելի հիվանդ են, ուստի մենք առաջարկում ենք սկզբում դրանցից դուրս ձևավորել պետական կառավարման այլընտրանքային մարմիններ, ապա լեգիտիմացնել այդ մարմիններին և զուգահեռաբար նրանց միջոցով համախմբել ժողովրդին ու վերջինիս ուժով հեռացնել ռեժիմին:

Այդ մարմիններից հանգուցայինը օրենսդիրն է, որը մենք անվանել ենք Հիմնադիր խորհրդարան, քանի որ այն պետք է հիմք դնի նոր որակի հայկական պետության: Ժողովրդի համախմբման, ռեժիմի հեռացման և հետագայում պետության կառավարման պատասխանատվության ստանձնման բեռի հիմնական մասն ընկնելու է նրա վրա:

Եվ երբ Հիմնադիր խորհրդարանը կազմավորվի, այդ ժամանակ արդեն կսկսվի ժողովրդի համախմբումը ռեժիմին հեռացնելու նպատակով:

Հակառակ պարագայում ռեժիմի հեռացումից հետո կառաջանա քաոսային իրավիճակ:

Արդեն ստեղծվել է անցումային արդարադատության սկզբունքներով գործող Արդարության ատյանը, որի առաքելությունը երկրում առաջացած արդարության ճգնաժամի հաղթահարումն է և մարդկանց մեջ ապագայի հույսի պահպանումը:

Ստեղծվել է Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով, որն ապահովում է Հիմնադիր խորհրդարանի ձևավորման աշխատանքը:

2014 թ. մայիսի 16-ից մեր ժողովրդի, այդ թվում՝ նրա արտերկրում բնակվող մասի քաղաքականապես առավել ակտիվ ներկայացուցիչներն սկսել են ինքնառաջադրվել Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր դառնալու նպատակով:

-Իսկ մի՞թե հնարավոր չէ ժողովրդին կազմակերպել առանց Հիմնադիր խորհրդարանի, դրանից հետո արտահերթ ընտրություններ անցկացնել և ընտրել նոր Նախագահ, Ազգային ժողով ու կազմել նոր կառավարություն:

-Ռեժիմին հեռացնել հնարավոր է, սակայն պետությունը կմնա առանց կառավարման, քանի որ պետական կառավարման մարմինների ղեկավար կազմի մեծ մասն ակնհայտորեն բաղկացած է քրեական պատասխանատվության ենթակա մարդկանցից, որոնք պետք է անմիջապես հեռացվեն զբաղեցրած պաշտոններից: Նման իրավիճակում հնարավոր չի լինի ներկայիս խորհրդարանով, կառավարությամբ ու մյուս մարմիններով ժամանակավորապես շարունակել պետության կառավարումը, մինչև դրանք կփոխարինվեն արտահերթ ընտրությունների միջոցով:

Սակայն նույնիսկ եթե նման մոտեցում ցուցաբերվի և ինչ-որ հրաշքով արտահերթ ընտրությունները բարեհաջող կերպով անցկացվեն, միևնույն է, չի լուծվի Հայաստանի ազատագրման ու ապագաղութացման հարցը, քանի որ այդ դեպքում կփոխվեն միայն ռեժիմի պարագլուխն ու մյուս ղեկավար անձերը, սակայն ռեժիմը և առավել ևս համակարգը չեն փոխվի:

Այսպես դատելու պատճառն այն է, որ գործող կուսակցությունների ղեկավար կազմը, չնչին բացառություններով, ներկայիս կառավարող վերնախավի մասն է և բաղկացած է նույնպիսի ապազգային, նյութապաշտ ու ստրկամիտ մարդկանցից: Նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար շերտը, չնչին բացառությամբ, գործակցում է ռեժիմի հետ և, ըստ էության, մեզ կառավարող բանդայի մաս է կազմում:

Այսինքն՝ ռեժիմին հեռացնելուց անմիջապես հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու պարագայում մեր երկիրը դարձյալ կհայտնվի ստրկամիտ, ապաշնորհ և նյութապաշտ մարդկանց կառավարման ներքո: Երկրի և ժողովրդի կեղեքումն էլ կշարունակվի: Չի բացառվում, որ դա տեղի ունենա ավելի վատթար ձևերով:

Որպեսզի դա տեղի չունենա և մենք կարողանանք փոխել պետական կառավարման համակարգը, առաջարկում ենք ռեժիմին հեռացնելուց հետո սահմանել անցումային փուլ, որպեսզի դրա ընթացքում արմատախիլ արվի բացասականը և սերմանվի դրականը: Առաջին հերթին՝ մենք պետք է ձերբազատվենք ներքին տականքից և խափանենք նրա վերարտադրության հնարավորությունը:

Տականքի վերարտադրության բացառումը մենք պատկերացնում ենք երկու հիմնական միջոցառումների՝ գործակալական և տնտեսական լյուստրացիաների միջոցով: Դրանց շնորհիվ կպարզվի, թե ով ով է: Բնականաբար, մեր պետության և ժողովրդի դեմ աշխատած անձինք զրկվելու են հետագայում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Այս միջոցառումներից հետո կմնան այն կուսակցությունները, որոնք կդիմանան ժամանակի, օրենքի և ժողովրդի քննության փորձությանը: Հավանական է, որ ստեղծվեն նաև նոր կուսակցություններ:

Եվ միայն այս ամենից հետո կարող են անցկացվել արտահերթ ընտրություններ:

-Արդյո՞ք Ձեր առաջարկածը հեղափոխություն չէ: Ի՞նչ եք կարծում, դա չի՞ հանգեցնելու ուկրաինական տիպի սցենարների, «Մայդանի» և արյունահեղության:

-Հեղափոխություն է: Սակայն մեզ համար հեղափոխությունը ոչ թե արյունն է, բախումներն ու կառավարական շենքերի գրավումը, այլ արմատական դրական փոփոխությունները: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ռեժիմն առանց արյունի հեռանա և փոփոխությունը սահուն լինի: Ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար պետք է կիրառվեն քաղաքացիական անհնազանդության ձևերն ու մեթոդները: Մենք իրավունք չունենք մեր երկիրը ցնցումների մատնելու: Բացի այդ, հետագայի համար ճակատագրական սխալ կլինի բռնության միջոցով փոփոխությունների հասնելու նախադեպի ձևավորումը: Միևնույն ժամանակ՝ եթե ռեժիմը փորձի բռնություն կիրառել, պետք է համարժեք պատասխան ստանա: Դա ժողովրդի բացառիկ իրավունքն է: Ժողովուրդն իրավունք ունի ամեն գնով վերականգնելու իր իշխանությունը, այդ թվում՝ այդ իշխանությունը յուրացրածների նկատմամբ բռնության կիրառման միջոցով:

– Հիմնադիր խորհրդարանն ինչպե՞ս է ձեւավորվելուսպասվո՞ւմ են արդյոք, այսպեսասած, այլընտրանքային ընտրություններե՞րբ եւ ինչպե՞ս են դրանքիրականացվելու:

-Հիմնադիր խորհրդարանը ձևավորվելու է հետևյալ կերպ.

1) Որպես Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու գրանցվելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձ այդ դիմումի գրանցումից հետո իր միջոցներով, իսկ եթե դա հնարավոր չէ` Նախախորհրդարանի աջակցությամբ, Ընտրական հանձնաժողովի կողմից նախապես սահմանված որոշակի ժամկետում (մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը) հավաքում է իրեն լիազորող առնվազն 300 չկրկնվող ստորագրություն:

2) 300 կամ ավելի շատ ստորագրություն հավաքած առնվազն 100 թեկնածուների առկայության պարագայում Ընտրական հանձնաժողովը թեկնածուների ներկայությունն ապահովելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետի հաշվառմամբ մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը նշանակում է Հիմնադիր խորհրդարանի ընտրության օր և այդ մասին պատշաճ կերպով ծանուցում է բոլոր թեկնածուներին: 

3) Նշանակված օրը գումարվում է Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընդհանուր ժողով, և Ընտրական հանձնաժողովը նրանց կազմից Հիմնադիր խորհրդարան ընտրելու նպատակով կազմակերպում է վարկանիշային քվեարկություն: Առավելագույն թվով ձայներ ստացած 65 հոգին դառնում են Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր: 

4) Հետագայում պատգամավորներից որևէ մեկի դուրս գալու պարագայում նրա տեղը լրացնում է վարկանիշային քվեարկությամբ առավել շատ ձայներ ստացած հաջորդ թեկնածուն:

Փաստորեն՝ այլընտրանքային ընտրությունները տեղի են ունենալու նախ՝ թեկնածուներին ՀՀ քաղաքացիների և արտերկրաբնակ հայերի կողմից 300-ական ստորագրությամբ լիազորելու, այնուհետև՝ թեկնածուների կազմից վարկանիշային ընտրություն կատարելու ձևերով:

Ձևավորվելուց հետո Հիմնադիր խորհրդարանը ՀՀ քաղաքացիների հետ անձ առ անձ կնքելու է պայմանագիր, որով քաղաքացիները նրան լիազորելու են ներկայացնել իրենց կամքը և պայմանագրում սահմանված անցումային փուլում՝ ռեժիմի հեռացումից հետո մինչև արտահերթ ընտրություններով կառավարման նոր մարմինների ձևավորումը, իրենց անունից կառավարել պետությունը, կազմավորել անցումային փուլի կառավարություն և այլ պետական մարմիններ:

Հիմնադիր խորհրդարանը կհամարվի լեգիտիմ, եթե նրա հետ պայմանագիր կնքի առնվազն 830.514 քաղաքացի: Այդ թիվը ՀՀ-ում համապետական ընտրություններին ամենաշատ մասնակցած քաղաքացիների (2008թ. նախագահական ընտրություններ) 50%+1 է: Պայմանագրի կնքման գործընթացը կսկսվի Հիմնադիր խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո: Ամենայն հավանականությամբ, այս գործընթացը գործող ռեժիմի հակազդեցության պատճառով ավարտին կհասցվի նրա հեռացումից հետո:

Կա՞ն արդեն մարդիկ, ովքեր արդեն ինքնառաջադրվել են:

-Անշուշտ, արդեն շուրջ 50 հոգի ինքնառաջադրվել է: Նրանք ստացել են ստորագրությունների ձևաթղթեր և այժմ զբաղված են դրանց հավաքմամբ:

Հարցազրույցը՝ Քրիստինա ՄկրտչյանիԱղբյուրը՝ galatv.am

Share Button