«Մենք ռազմավարական թիկունք չունենք. ամբողջ ժողովուրդը, այդ թվում՝ կանայք, պետք է զինված և զինավարժ լինեն». Ժ. Սեֆիլյան

Սահմանին տիրող լարված իրավիճակի, հայկական կողմի ձեռնարկած համապատասխան քայլերի, Ադրբեջանի ագրեսիայի մասին մեր  հարցերին պատասխանել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

-Պարոն Սեֆիլյան, մի քանի օր է հայ-ադրբեջանական ու ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակն առավել լարված է, թշնամին անընդհատ դիմում է հարձակողական գործողությունների, ի՞նչ եք կարծում, հակառակորդի այս ակտիվությունն ինչո՞վ է պայմանավորված:

-Շփման գծում լարվածության աճումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հարաբերությունների և, ըստ այդմ, դրանց հարաբերակցության փոփոխության հետևանք է:

Ստատուս-քվոն որոշիչ մասով ձևավորվել և պահպանվում էր՝ որպես այդ ուժերից առավել ազդեցիկ երկուսի՝ մի կողմից ի դեմս ԱՄՆ-ի ու Եվրոպական միության հանդես եկող Արևմուտքի և մյուս կողմից՝ Ռուսաստանի, կամ, այլ կերպ ասած, Մինսկի խմբի համանախագահողների միջև աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք:

Ներկայումս նրանց հարաբերություններն էապես փոխվել են: Արևմուտքը և Ռուսաստանը վերածվել են սառը պատերազմի մեթոդաբանությամբ ու միջոցներով միմյանց հետ հակամարտող կողմերի և ձգտում են մեկը մյուսին դուրս մղել տարածաշրջանից:

Ավելին՝ Ռուսաստանը ձգտում է մեծացնել և ուժեղացնել իր անմիջական ներկայությունը տարածաշրջանում՝ փորձելով առիթներ որոնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում զորքեր տեղակայելու համար: Այս առումով հարկ եմ համարում շեշտել, որ դա հակասում է մեր կենսական շահերին, ուստի մենք ամեն գնով պետք է խափանենք այդ ծրագիրը:

Այս ամենի հետևանքով, հատկապես  սեպտեմբերի 3-ից հետո, դիտվում է Մինսկի խմբի միջնորդական և վերահսկիչ ներուժի ու ազդեցության թուլացման գործընթաց:

Զուգահեռաբար Հայաստանի հանցավոր ու ապիկար ղեկավարության վարած դավաճանական արտաքին քաղաքականության պատճառով նույն սեպտեմբերի 3-ից հետո կտրուկ կերպով սկսել է նվազել Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ արտաքին անվտանգության բեռի ամբողջ ծանրությունը մնացել է ժողովրդի և նրա բանակի ուսերին:

Ադրբեջանը, առիթից օգտվելով, շփման տարբեր հատվածներում սադրանքի է դիմում՝ նպատակ ունենալով փորձարկելու մեր պաշտպանունակությունը, ինչպես նաև շոշափելու միջազգային ռեակցիան:

-ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմի կորուստներն ավելի մեծ են, քան հայկական կողմինը, բայց դարձյալ շարունակում են իրենց գործողություններով իրավիճակը սրել, ինչու՞:

-Ադրբեջանական կողմին երբեք չեն հետաքրքրել իր կորուստները: Այդ հանգամանքը չի կարող նրան հետ պահել մեր ուժն ու միջազգային ռեակցիան ստուգելու իր նպատակից:

-Հայկական կողմի պատասխան քայլերն արդյո՞ք բավարար եք համարում: Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անեին այս ընթացքում ՀՀ իշխանությունները, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունները, որ չեն արել:

-Պետական կառավարման ամբողջ համակարգը ռեակտիվ կառավարման ռեժիմով է աշխատում: Կանխատեսումային կառավարում չկա: Որովհետև նրա գլխին կանգնած վարչախումբը ոչ միայն ազգուրաց է, այլև ապիկար: Պետական մարմինները պետք է ոչ թե հիմա ինչ-որ բան անեն, որ էլի չեն անում, այլ նախապես պետք է պատրաստեին պետությունը, նրա բնակչությունն ու տարածքը: Ամեն ինչ արվում է կիսատ-պռատ, ոչ պրոֆեսիոնալ կերպով՝ անտեսելով նաև ազգային շահերն ու մարդկային իրավունքները: Իհարկե, այս ամենի գլխավոր մեղավորը քաղաքական ղեկավարությունն է և դիվանագիտական կազմը: Այդ մասին է խոսում նաև Բաղրամյան 26-ի և արտգործնախարարության հանցավոր պասիվությունը: Նրանց փոխարեն պաշտպանության նախարարությունն է ակտիվություն ցուցաբերում:

Նման պայմաններում հայկական զինուժի գործողությունները չեն կարող բավարար համարվել: Մենք հակառակորդին համարժեք պատասխան ենք տալիս հիմնականում մեր զինծառայողների ոգու և անձնվիրության շնորհիվ, ինչի հետևանքով նաև զոհեր ենք ունենում: Մինչդեռ կարելի էր ոչ միայն խուսափել զոհերից, այլև ստեղծել այնպիսի պաշտպանական համակարգ, որի պարագայում Ադրբեջանը չէր համարձակվի նման քայլերի դիմելու:

Այս պահին, երբ մնացել են ժողովուրդն ու իր բանակը, ճիշտ և արդյունավետ կլինի համապատասխան հետևություններ անել: Իսկ այդպիսիք պարզ են ու հստակ: Հարկավոր է համախմբվել, հեռացնել ազգուրաց քաղաքական ռեժիմին, վերահաստատել ժողովրդի իշխանությունը, վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը, արժանի հակահարված տալ արտաքին հակառակորդին և ձեռնամուխ լինել երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը:

-Եղան կարծիքներ, թե հատկապես սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչներին հարկավոր է զինել, ինչի անհրաժեշտությունը չտեսավ Սերժ Սարգսյանը, Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

-Մենք ռազմավարական թիկունք չունենք: Մեր ամբողջ ժողովուրդը, այդ թվում՝ կանայք, պետք է զինված և զինավարժ լինեն: Նախախորհրդարանի մշակած նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի պաշտպանական ոլորտին վերաբերող բաժնում հստակ սահմանված են բովանդակ ազգային ներուժի համախմբման ու գործադրման միջոցով առավելագույն պաշտպանունակություն ապահովելու մոտեցումներն ու քայլերը:

-Սահմանը պահող մեր զինծառայողների պատրաստվածությունն այս պահին ինչպե՞ս կգնահատեք:

-Ես հիացած եմ մեր զինծառայողների արիությամբ ու անձնազոհությամբ: Ոչինչ չի փոխվել: Հայ մարդը եղել և մնում է բացառիկ զինվոր: Սակայն, ինչպես նշեցի, մեր պաշտպանական համակարգը լուրջ թերություններ ունի, ինչը էական մասով քաղաքական ղեկավարության մեղքն է, այլ ոչ զինվորների ու հրամանատարների: Մենք պետք է ստեղծենք մեր ազգին հարիր պաշտպանական համակարգ: Այդ ժամանակ կտեսնեք, թե ինչի են ունակ հայ զինվորն ու հրամանատարը:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյան

Աղբյուրը՝ galatv.am