Ռեժիմը չի ձգի մինչեւ ընտրություններ, կտապալվի մինչեւ 2015 թ.-ի ապրիլի 24-ը

«Մեր ժողովուրդը ռեժիմից ձերբազատվելու խնդիրը կենսական է համարել առնվազն 1995 թ.-ից սկսած, երբ կեղծիքներով «ընդունվեց» Սահմանադրությունը և նույն կերպ «ընտրվեց» առաջին գումարման Ազգային ժողովը:  Գիտակցելով, որ կուսակցական համակարգն առնվազն կայացած չէ, ինչպես նաև հաշվի առնելով, որ երկրում կառավարման իրական լծակները ռեժիմ կոչվող կառավարող բուրգի և նրա պարագլխի ձեռքում են, ժողովուրդը դրանից հետո քաղաքական փոփոխության նպատակով համախմբվել է բացառապես նախագահական ընտրությունների ժամանակ՝ հույս ունենալով այդ կերպով հասնել հաջողության»,- նման կարծիք հայտնեց Նախախորհրդարանի մամուլի խոսնակ, պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը:

«Դրանից հետո բոլոր՝ 1996, 1998, 2003, 2008, 2013 թթ. նախագահական «ընտրություններում»  հաղթել է ընդդիմադիր թեկնածուն, սակայն տվյալ պահի ընդդիմադիր առաջնորդի և նրա թիմի կողմից պայքարը համակարգի ներսում պահելու, ընտրական հանձնաժողովներին, չգործող սահմանադրական մեխանիզմներին և դատարաններին ապավինելու, ինչպես նաև անվճռականության, ռեժիմի հետ բանակցելու կամ գործակցելու պատճառներով ապստամբ ժողովրդի դիմադրության ալիքն հետզհետե մարել է, ինչին հետևել է հիասթափության ու արտագաղթի հերթական ալիքը»:

varujan

Ըստ Վ. Ավետիսյանի, պաշտոնական ընդդիմության բոլոր ներկայացուցիչները կույր և խուլ են ձևանում ու չեն ուզում խոստովանել, որ «ընտրությունները» վերածվել են ռեժիմի վերարտադրության կատարյալ մեխանիզմի, ուստի դրանց մասնակցելը և համակարգի ներսում մնալը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեժիմի հետ գործարք և նրա լեգիտիմացում:

«Իրենց ընդդիմադիր կոչող այդ ուժերը մոլորեցնում են մեր ժողովրդին և կրկին փորձում են երկրում փոփոխության հասնելու հույսը կապել հերթական՝ 2017 թ. խորհրդարանական և 2018 թ. նախագահական «ընտրությունների» հետ: Նրանք չեն ուզում գիտակցել այն պարզ իրողությունը, որ մեր երկիրն ու ժողովուրդն արյունաքամ են լինում կեղեքումից ու արտագաղթից և չեն դիմանա մինչև այդ ժամանակ: Նրանք գործում են դասական ներքաղաքական պայքարի տրամաբանությամբ, մինչդեռ մեր երկիրը զավթված ու գաղութացված է, ուստի պետք է գործել ազգային-ազատագրական պայքարի տրամաբանությամբ: Ընդսմին, պետք է նկատի ունենալ, որ ազգային-ազատագրական պայքարում գլխավոր հակառակորդը համակարգն է՝ իր միջուկը կազմող ռեժիմով: Ուստի բոլոր այն ուժերը, որոնք մնում են համակարգի ներսում, կամա թե ակամա դառնում են մեր երկրի ու ժողովրդի հակառակորդ»,-նշեց Վ.Ավետիսյանը:

Մենք, շարժվելով այս տրամաբանությամբ և մերժելով 2017 և 2018 թթ. հերթական «ընտրությունների» հետ հույս կապելու տարբերակը, սկսեցինք որոնել ժամանակի առումով շատ ավելի մոտ մի իրադարձություն, որն ազգային-հասարակական գիտակցության և ընկալումների դաշտում նախագահական «ընտրությունների» նման կարող է ունենալ էական նշանակություն: Որոշումը ծնվեց գրեթե ինքնաբերաբար: Որքան էլ կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, ընտրվեց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը:

– Պարո՛ն Ավետիսյանմայիսի 16-ին Նախախորհրդարանը հայտարարեց, որ ռեժիմիցհարկավոր է ձերբազատվել մինչև Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցըայսինքն՝ մինչև2015 թ. ապրիլի 24-ըԻնչո՞ւ է ընտրվել այդ ժամանակահատվածը:

«Ցեղասպանությունից հետո անցել է գրեթե 100 տարի, սակայն դրա հետևանքները դեռևս չեն հաղթահարվել: Մեր Հայրենիքի մեծ մասը մնում է զավթիչի ձեռքում, իսկ մեր ժողովրդի երկու երրորդը ցրված է աշխարհով մեկ: Արտերկրում ապրող մեր հայրենակիցները ձուլվում են, մինչդեռ նրանց անօտարելի իրավունքները մնում են ոտնահարված ու չպաշտպանված: Այս ամենի հետ մեկտեղ, Հայրենիքի մի փոքր հատվածի վրա ծվարած մեր Հանրապետությունը գաղութացված է և գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ: Յուրային տականքն օտարի հետ ձեռք-ձեռքի տված կեղեքում է մեր երկիրը, բռնանում մեր ազգային ու մարդկային իրավունքների վրա: Ժողովուրդը, չդիմանալով կեղեքմանն ու անարդարությանը, աղետալի չափերով արտագաղթում է: Այսպես շարունակվելու պարագայում մի քանի տարի անց մենք կկորցնենք մեր պետականությունը, երկիրը կզրկվի բնակիչներից, իսկ հայությունը՝ Հայրենիքից»:

«Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մի ժամանակահատված է, երբ ազգը մտովի հետ է նայելու, գնահատելու է անցյալը ու փորձելու է նախագծել իր ապագան: Եվ, եթե հայությունը, որպես իր աղետալի անցյալի շարունակություն, տեսնի նույնքան աղետալի ներկան, դժվար թե լուսավոր ու արգասաբեր ապագա կանխատեսի իր համար: Իսկ եթե մեր ազգը մռայլ գույներով տեսնի իր ապագան, հոգեբանորեն կկոտրվի, ինչն անդառնալի ծանր հետևանքներ կունենա նրա համար: Եվ արտերկրաբնակ հայության վերջնական ձուլումն ու Հայրենիքի հայկական մնացած այս վերջին կտորի կորուստը կարճ ժամանակի հարցեր կդառնան: Ուստի հայության համար կենսական կարևորության հարց է Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը դրական, հաղթանակած քայլով դիմավորելը, դրա շնորհիվ հույսն ու հավատը պահպանելը: Դա նորովի իմաստ կհաղորդի մեր ազգային կյանքին և նոր լիցք կապահովի ապագայի նախագծման ու կառուցման համար:  Միևնույն ժամանակ՝ ապրիլի 24-ն ընդամենը վերջնաժամկետ է: Դա նշանակում է, որ ռեժիմը պետք է հեռացվի այդ ժամկետից ոչ ուշ, սակայն կարող է հեռացվել նաև այդ ժամկետից ավելի շուտ»:

Շարունակելի….

Հարցազրույցը՝Քրիստինա Մկրտչյանի
Share Button