Պաղեստինի հարցը ողջ մարդկության հարցն է

«Հայ-իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Էմիլ Աբրահամյանի ելույթը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կազմակերպած՝ «Պաղեստինի հարցը ողջ մարդկության հարցն է» թեմայով սեմինարի ժամանակ

25 հուլիսի 2014 թ., Երևան, Կապույտ մզկիթի նիստերի դահլիճ

Հարգելի´ գործընկերներ,

«Հայ-իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը՝ այս կարևոր միջոցառումը կազմակերպելու, ինչպես նաև դրան մասնակցելու նպատակով մեզ հրավիրելու համար:

Մինչ ելույթիս անցնելը, ուզում եմ ողջունել Պաղեստինի ժողովրդի ազատագրական պայքարն ու հերոսական դիմադրությունը: Մեր հոգու պարտքն եմ համարում նաև խորին ցավակցություն հայտնել հարյուրավոր անմեղ մարդկանց՝ երեխաների, կանանց ու ծերերի զոհվելու առթիվ և դատապարտել այն զանգվածային ոճրագործությունը, որ հերթական անգամ կատարվում է այդ բազմաչարչար հողում:

Ներկայումս աշխարհում արձանագրվում են տեկտոնական փոփոխությունների միտումներ, որոնք բավականին սուր կերպով արտացոլվում են Մեծ Մերձավոր Արևելքում և դրան հարող տարածաշրջաններում: Դրանց շարքում, մասնավորապես, կարելի է նշել հետևյալը.

  • Աշխարհը հետզհետե ավելի բազմաբևեռ է դառնում, ինչի հետևանքով աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողքին նշանակալի, երբեմն վճռորոշ կշիռեն ձեռք բերում տարածաշրջանային դերակատարների շղթաները, որոնցում կարևոր է դառնում ոչ այնքան դրանց կազմող օղակների մեծությունը, որքան որակը:
  • Ածխաջրածնային էներգակիրների կարևորությանը զուգընթաց՝ մեծանում են ցամաքային հաղորդակցային ուղիների նշանակությունը:
  • Աճում են Իրանի աշխարհառազմավարական ներուժը և դերը: Դրա համար հավելյալ և դրական դինամիկայով ավելացող ռեսուրս է Արևելքի և Արևմուտքի միջև Իրանի կամրջող դերի տարեցտարի մեծացումը, ինչի համար շատ նպաստավոր է Արևմուտքի և Իրանի հարաբերությունների ձևաչափը հակամարտայինից գործակցայինի փոփոխումը: Զուգահեռաբար՝ ներկայումս տարածաշրջանում հակամարտային տրամաբանությամբ տեղի ունեցող  տրոհման միտումը հավասարակշռվում է Իրանի ինտեգրացնող գործոնի շնորհիվ, ինչը նպաստավոր հանգամանք է տարածաշրջանում երկխոսության տրամաբանությամբ նոր անվտանգային միջավայրի ձևավորման համար:
  • Այս միտումների հանրագումարը ենթադրում է ինչպես աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, այնպես էլ տարածաշրջանի երկրների գերակայությունների վերանայում, ինչը կհանգեցնի Մեծ Մերձավոր Արևելքում անվտանգային միջավայրի ճարտարապետության փոփոխության: Իր հերթին՝ հավանական է դառնում արդիական կերպերի մեջ «Մետաքսի ճանապարհի» վերագործարկումը, ինչի շնորհիվ տարածաշրջանը ձեռք է բերում կարևոր և լրացուցիչ ևս մեկ մասնագիտացում՝ ածխաջրածնային մատակարարի հետ միասին վերածվելով նաև տարանցիկ-հաղորդակցային հանգույցի:

Այս միտումներին զուգահեռաբար՝ տարածաշրջանում դեռևս գերակշռում է հին պատկերացումների իներցիան, ինչի տիպիկ օրինակը Մերձավորարևելյան հակամարտությունն է:

Այն՝ իր միջուկը կազմող Պաղեստինյան հարցով հանդերձ, առ այսօր Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գլխավոր հակամարտությունն է և, ըստ այդմ, համակարգաստեղծ նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգային միջավայրի ճարտարապետության ձևավորման համար:

Մերձավորարևելյան հակամարտության բարդությունն էապես մեծանում է նաև այն հանգամանքի պատճառով, որ հին պատկերացումների կրողներն ըստ էության չեն հաշտվում Պաղեստինի տարածքը հրեական և արաբական հատվածների բաժանման ու ըստ այդմ առաջացող տարածքներում համապատասխան պետությունների գոյության իրավունքի հետ:

Ակնհայտ է, որ նման մոտեցման պարագայում հակամարտությունը կշարունակվի:

Մինչդեռ այդ հակամարտության դրական հանգուցալուծումն էական նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգային միջավայրի ճարտարապետության արմատական դրական փոփոխության և կայունության ու խաղաղության հաստատման համար:

Մեր կարծիքով, Մերձավորարևելյան հակամարտության մեջ ու Պաղեստինի հարցում պետք է կարևորվեն միջազգային-իրավական բոլոր առումները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, միջազգային մարդասիրական իրավունքը:

Ըստ այդմ՝ պետք է բացառվեն ազգային, ռասայական և կրոնական հիմքերով խտրականության և ատելության բոլոր դրսևորումները, առավել ևս՝ ցեղասպանական ակտերը:

Սակայն տարածաշրջանի անվտանգային միջավայրի ճարտարապետությունը շարունակում է մնալ հակամարտային տրամաբանության մեջ: Նման պարագայում ռազմավարություններն առաջ են մղվում կողմերի և հակամարտության գոտում գտնվող այլ սուբյեկտների, առաջին հերթին՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հաշվին կամ առնվազն անտեսելով նրանց շահերն ու իրավունքները: Այդ պատճառով ձախողվում են նաև տարածաշրջանում հակամարտայինի փոխարեն երկխոսության սկզբունքով անվտանգային միջավայր ձևավորելու փորձերը:

Մեզ համար առանձին կարևորություն ունի Հայաստանի և Մերձավորարևելյան հակամարտության գոտում գտնվող հայկական փոքրամասնության նկատմամբ կողմերի  վերաբերմունքը:

Օրինակ՝ Իսրայելի մասով լուրջ պրոբլեմներ կան Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականության ոլորտում: Դրանք փաստում են այն մասին, որ Հայաստանի նկատմամբ Իսրայելի ներկայիս վերաբերմունքը բարեկամական չէ:

Իսրայելը ռազմավարական տրամաչափի, այդ թվում՝ ռազմականև ռազմատեխնիկական, գործակցություն է զարգացնում Ադրբեջանի հետ: Այդպիսի գործակցության շնորհիվ Ադրբեջանի բովանդակ ռազմական հզորությունը կարող է էապես աճել:

Մյուս կողմից՝ Պաղեստինյան ինքնավարությունը հանդես է գալիս բարդ ու բազմաշերտ ռազմավարությամբ, որոշակի հարցերում աջակցում է Թուրքիային և Ադրբեջանին, իսկ Հայաստանի նկատմամբ, այդ թվում՝ Արցախի հարցի առնչությամբ, վարում է երկակի ստանդարտների քաղաքականություն, ինչը վնասում է հայության կենսական շահերին:

Հակամարտության պատճառով Պաղեստինում, առաջին հերթին՝ Երուսաղեմում, վտանգված են հայկական հոգևոր-մշակութային և այլ պատմական ժառանգությունը, հայկական թաղամասի գոյությունն ու հայկական համայնքի սեփականությունը: Այս հարցի կարևորությունն էապես աճում է նաև այն պատճառով, որ Երուսաղեմում հայկական գործոնը ներկայացնում է ոչ միայն իրեն, այլև բազմամիլիոն և բազմազգ արևելաքրիստոնեական համայնքներին:

Պաղեստինում հայկական ներկայությունը, ժառանգությունը և սեփականությունը հանգուցային նշանակություն ունեն հայության, ինչպես նաև արևելաքրիստոնեական բոլոր համայնքների շահերի ներկայացման առումներով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հայկական և արևելաքրիստոնեական գործոններն արդյունավետ կերպով կիրառել տարածաշրջանում նոր ձևաչափի ու բովանդակության անվտանգային միջավայրի ձևավորման նպատակով:

Այդուհանդերձ, Մերձավորարևելյան հակամարտության նկատմամբ Հայաստանն ու հայությունը պետք է որդեգրեն արդարացի և միջազգային իրավունքից բխող դիրքորոշում՝ ճանաչելով պաղեստինցիների՝ ինքնորոշման և պետություն ունենալու իրավունքը, ինչպես նաև դատապարտելով հակամարտության ընթացքում տեղ գտած ցեղասպանական ակտերը, մարդու իրավունքների խախտումները և անհամաչափ ուժի կիրառումը:

Նման մոտեցումը ենթադրում է, որ Իսրայելի և Պաղեստինյան ապագա պետության միջև սահմանների հարցը արդյունավետ և արդարացի կերպով հնարավոր է լուծել բացառապես նրանց միջև անմիջական պայմանավորվածության միջոցով:

Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ևս Հայաստանի մոտեցումը պետք է լինի արդար և կառուցողական: Երուսաղեմը երեք կրոնների գլխավոր սրբավայր է և ունի համամարդկային նշանակություն: Ուստի այն չի կարող ամբողջությամբ պատկանել որևէ կողմին: Միևնույն ժամանակ՝ պետք է լինեն միջազգային-իրավական գործուն երաշխիքներ, որոնք կապահովեն այնտեղ առկա բոլոր դավանական ներկայացուցչությունների իրավունքներն ու շահերը ևնրանց ներդաշնակ համակեցությունը:

Մերձավորարևելյան հակամարտության նման լուծումը ոչ միայն էապես կազդի Մեծ Մերձավոր Արևելքի անվտանգային միջավայրի ճարտարապետության վրա, այլև կդառնա տարածաշրջանում առկա ուժերի և գործոնների միջև երկխոսության կենսագործման օրինակ և գործուն մոդել:

Share Button