«Պետք է վերանանք այն ամբողջ դեկորատիվ քաղաքական դաշտից, որ ձևավորված է Հայաստանում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նախախորհրդարան»-ի անդամ Գարեգին Չուգասզյանը:

-Պարոն Չուգասզյան,իշխանությունները պարբերաբար ժողովրդին «անակնկալներ» են մատուցում՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, գազի, հետագայում նաև էլեկտրաէներգիայի թանկացում: Այս իրավիճակում տեսնում ենք, որ հասարակության կողմից կա անվստահություն խորհրդարանական ոչ իշխանական ուժերի նկատմամաբ։Ո՞րն է քաղաքացիական նախաձեռնությունների անելիքը հասարակությանը կոնսոլիադացնելու, փողոց դուրս բերելու առումով:

Ես կարծում եմ, որ հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջում, երբ առաջին պլան են մղվում Հայաստանի ինքնիշխանության հետ կապված խնդիրները։ Մնացած բոլոր հարցերը հետևանքներն են ինքնիշխանության այն կորստի, որի ականատեսն ենք մենք հիմա լինում:

Այդ դեպքում ինչո՞ւ հասարակությունն ակտիվ չարձագանքեց սեպտեմբերի 3-ի որոշմանը:

Ես կարծում եմ, որ հասարակության այն շրջանակները, որոնք գիտակցում են, թե ինչ է կատարվում,բողոքում են,և հիմա հայրենասիրական ուժերի կոնսոլիդացիայի ընթացք է տեղի ունենում: Մասնավորապես, «Նախախորհրդարանը» ստեղծել է մի պլատֆորմ, ուր փորձում է հրավիրել բոլոր հայրենասիրական ուժերին այս հիմնական հարցի լուծման համար:

Ստեղծել է մի պլատֆորմ, որը կարծես այլընտրանք է բոլոր եղածներին՝ թե՛ քաղաքական ուժերինթե՛ նաև գործող քաղաքացիական նախաձեռնություններին: Մի իրավիճակ, որը նորություն է հանրության համար և, անկասկած, վստահության առումով որոշակի աշխատանք է պահանջում։ Ինչպե՞ս եք պատրաստվում դա հաղթահարել:

Ես կարծում եմ, որ ժամանակն ինքը բավական նպաստում է, որովհետև եթե մեկ տարի առաջ մենք սկսեցինք խոսել նոր գաղութատիրական դիսկուրսի մասին՝ այն ժամանակ ոչ ոք չէր խոսում, հիմա բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանում նոր գաղութատիրական ռեժիմը հաստատված լինելով՝ փորձ են կատարում նորից հին գաղութատիրություն տանելու:

Մենք պետք է անպայման հաշվի առնենք, որ արտակարգ իրավիճակում ենք ապրում՝ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում ձևավորվել է պատերազմական իրավիճակ, և այդ արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ լուծումներ: Նախ պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, և մեզ ինչ վտանգներ են սպառնում: Հասկանալի է, որ անվտանգության այն ճարտարապետությունը, որ տարածաշրջանում եղել է, պատմականորեն փոխվել է: Մենք հիմա ականատեսն ենք արմատական վերափոխման, և պետք է այս ամեն ինչը շատ լավ գիտակցենք:

Արդյոք ընդդիմադիր ուժերի, քաղհասարակության արձագանքը Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգի վերաբերյալ որոշումից հետո ադեկվա՞տ էր: Տեսակետներ կան, որ խորհրդարանական ընդդիմությունը իշխանությունից ոչ պակաս ծառայում է Ռուսաստանին:

Մենք պետք է վերանանք այն ամբողջ դեկորատիվ քաղաքական դաշտից, որ ձևավորված է Հայաստանում: Ե՛վ խորհրդարանն է դեկորատիվ, և՛ ամբողջ իշխանությունը: Իրականում չկա իշխանություն, այլ վարչակազմ, որ ծուղակն է ընկել:Մենք պետք է հասկանանք, որ ճակատագրական ժամանակ է, և պետք է կոնսոլիդացվենք՝ գիտակցելով, որ տարածաշրջանում ավանդական կառուցվածքը փոխվում է, և նոր շղթաներ են առաջանում: Աշխարհը շարժվում է միաբևեռությունից դեպի բազմաբևեռություն, և դա բերել է այն անկայունությանը, որի ականատեսն ենք մենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Share Button