Հայտարարություն ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության դեպքի առթիվ

Հուլիսի 13-ին ազատամարտիկ Վարդան Թումանյանին մի խումբ անձինք դաժանաբար ծեծել են իր տան հարևանությամբ գտնվող մանկապարտեզի բակում: Ազատամարտիկին ծեծել են նրա կնոջ, դստեր և հարևանների ներկայությամբ: Հեռանալու պահին հանցագործների ոհմակի անդամներից մեկը սպառնալի տոնով հոխորտացել է, թե ուրախ եղեք, որ ողջ ենք թողնում: Նրանք նաև ինքնավստահ ու լկտի կերպով հայտարարել են, որ բարձրաստիճան հովանավորներ ունեն, որոնք կապահովեն իրենց անպատժելիությունը: Կարճ ժամանակ անց Վարդան Թումանյանը ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ինչպես առանձին դաժանությամբ կատարված Վահե Ավետյանի սպանության պարագայում, այս անգամ ևս ծեծի միջոցով մարդու կյանքը խլած հանցագործները մարտարվեստի մեջ հմուտ թիկնապահներ են: Եվ նույն կերպ՝ ունեն բարձրաստիճան հովանավորներ, վստահ են, որ անպատիժ կմնան, ինչպես նաև քննության առաջին իսկ րոպեներից վայելում են իրավապահպան համակարգի աջակցությունը:

Ավելին՝ գրեթե նույն մեխանիզմով տեղի ունեցած Վարդան Թումանյանի սպանության պարագայում համակարգն ավելի լկտի վարք է դրսևորում և, ամենայն հավանականությամբ, արդեն փորձում է հիմքեր ստեղծել, որ Վարդան Թումանյանը մահացել է գլխուղեղի կաթվածի, այլ ոչ թե գլխի շրջանում ստացած բազմաթիվ հուժկու հարվածների հետևանքով:

Համակարգի կողմից ակնհայտ հովանավորության մասին է խոսում այն հանգամանքը, որ մարդասպաններից միայն երկուսն են կալանավորված, իսկ մյուսներն ազատության մեջ են և շարունակում են սպառնալ ու ահաբեկել սպանվածի ընտանիքին ու վկաներին: Ըստ մամուլի տվյալների՝ վկաների շրջանում ահաբեկվածությունն այնքան մեծ է, որ մինչ օրս նրանցից միայն մեկն է համարձակվել ցուցմունք տալ:

Այս ամենը խոսում է այն մասին, որ հանցավոր ռեժիմը և նրա արյունռուշտ շահառուները բացառիկ ցինիզմով և լկտիությամբ մարտահրավեր են նետում մեր պետականությանը, ազգին ու քաղաքացուն: Այս ամենը խոսում է նաև այն մասին, որ ռեժիմը կտրվել է իրականությունից և չի հասկանում, որ հասունացնում է իրեն ոչնչացնող համաժողովրդական ցասումը:

Նախախորհրդարանի քարտուղարությունը ցավակցում է հանցավոր ռեժիմի հերթական զոհ դարձած ազատամարտիկի ընտանիքին ու մերձավորներին և հավաստիացնում, որ հետամուտ է լինելու մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու հարցին, ինչպես նաև պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերելու նրա ընտանիքին:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ ռեժիմի մարտահրավերն ընդունված է և մեր ժողովրդի ակտիվ հատվածին կոչ է անում արագացնել համախմբումը՝ օր առաջ ռեժիմի վախճանը մոտեցնելու համար: Աղետալի չափերի հասնող արտագաղթի հետևանքով երկիրն արյունաքամ է լինում, ուստի ժամանակի անողոք թելադրանքով որպես ռեժիմի հեռացման վերջնաժամկետ ենք սահմանել Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը, որին մնացել է 40 շաբաթ: Ոչ ավել, քան 40 շաբաթ հետո ռեժիմը պետք է կանգնի ժողովրդի արդար դատաստանի առջև: Քրեական, իրավապահպան թե որևէ այլ ոլորտը ներկայացնող ոչ մի հանցագործ չի խուսափելու պատասխանատվությունից ու պատժից:

Մենք ենք տերը մեր երկրի:

25.07.2014