Պատմությունը ամենաքաղաքականացված գիտությունն է

Հանրության վրա պատմության ունեցած ազդեցության չափը երևի թե տեսանելի ապագայում դուրս չգար նեղ գիտական շրջանակներից, եթե չլինեին Ա. Միկոյանի արձանի տեղադրման հարցը և դրա շուրջ ծավալված լայն հասարակական քննարկումներում պատմաբանների անհամաչափ գնահատականները: Հետաքրքրական էր հատկապես պատմաբան Վլադիմիր Պետրոսյանի հնչեցրած կարծիքները սույն թվականի մայիսի 6-ին ցուցադրված «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ, որտեղ վերջինս ակնհայտորեն քողարկում, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ խեղաթյուրում էր պատմական հայտնի փաստերը:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պատմությունը ամենաքաղաքականացված գիտությունն է: Այն ձևավորում է հասարակական կարծիք, հասարակական տրամադրություններ, ինչպես նաև նոր մոտեցումներ և լուծումներ է առաջադրում անցյալը վերարժևորելու միջոցով ներկայի և ապագայի տարբեր խնդիրների վերաբերյալ:

Հայկական իրականության մեջ գրեթե միշտ պատմական տարաբնույթ իրադարձությունների վերաբերյալ տրվել են ոչ օբյեկտիվ գնահատականներ, իսկ երբեմն անգամ ամբողջությամբ խեղաթյուրվել են փաստերը:
Ցավալի է, որ պատմությունը գրողները հաճախ ծառայում են ոչ թե գիտությանը և գիտական օբյեկտիվությանը, այլև տվյալ ժամանակվա քաղաքական ռեժիմին:

ՀՀ իշխանությունների և նրան ծառայող պատմաբանների համար ևս պատմությունը եղել և մնում է որպես յուրատեսակ քաղաքական գործիք:

Այս արատավոր երևույթը, իր բոլոր բացասական դրսևորումներով հանդերձ, առկա է ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ ԲՈՒՀ-երում:
Որպես օրինակ, կարող ենք նշել վերջերս ԵՊՀ պատմության ֆակուլտետում հրատարակված «Հայոց պատմություն» դասագիրքը, որտեղ միտումնավոր կերպով կեղծվել էին 2008-ի մարտի 1-ի դեպքերը: Իսկ ներկայումս՝ Ա. Միկոյանի արձանը տեղադրելու կամայական որոշման համատեքստում, հասարակական լայն քննարկումները շատ պատմաբանների մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք իշխանական քարոզչամեքենայի ատրիբուտ են: Այս անգամ քաղաքապետարանի ապազգային և արկածախնդիր գործունեությունն արդարացնելու պարտականությունն ստանձնեց Վլադիմիր Պետրոսյանը, ով վերջերս Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի կողմից ընտրվել է պատմության ամբիոնի պրոֆեսոր, և պատրաստելու է ապագա պատմաբաններ ու ղեկավարելու է գիտական աշխատություններ:

Պրոֆեսոր Պետրոսյանը, օրերս հանդես գալով «Կենտրոն» հեռուստաալիքով, դիտավորությամբ կեղծում էր 20-րդ դարի 30-ականների պատմությունը և փորձում սրբագրել Ա. Միկոյանի հայատյաց և արյունոտ կենսագրությունը: Նա, մասնավորապես, նշում էր, թե Միկոյանի անմիջական մասնակցությունը Ստալինյան ռեպրեսիաներին և սպանություններին չի համապատասխանում իրականությանը, իսկ հայ և, ընդհանրապես, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների դեմ իրականացված զանգվածային աքսորին և սպանդին պետք է սառնասրտորեն վերաբերվել, քանի որ դրանք թելադրված են եղել տվյալ ժամանակաշրջանով: Հազարավոր մարդկանց գնդակահարություններն արդարացնելու համար նա, որպես հակափաստարկ, վկայակոչում էր երշիկի և պաղպաղակի արտադրությունը` դրանք համարելով Ա. Միկոյանի կողմից ԽՍՀՄ ժողովուրդներին մատուցած մեծագույն ծառայություն:
Հատկապես զավեշտալի է Վլադիմիր Պետրոյանի կողմից Կարիբյան ճգնաժամի կարգավորման գործում Ա. Միկոյանի մասնակցության գերագնահատումը` նրան վերագրելով «փրկչի» առաքելություն, իբրև թե նա մարդկությանը փրկեց վերահաս աղետից՝ Երրորդ համաշխարհային պատերազմից:

Պատմագիտության հարգարժան պրոֆեսորը պնդում է, թե ազգային արխիվի փաստաթղթերը կարող են կեղծ լինել: Մինչդեռ դրանք անվիճելիորեն փաստում են Միկոյանի մարդասպան լինելու հանգամանքը: Իսկ մարդկային անմեղ արյունը և երշիկի արտադրությունը նույն դաշտում զուգադրելը, մեղմ ասած, ցինիզմ է և զուրկ որևէ բարոյականությունից: Ինչ վերաբերում է Կարիբյան ճգնաժամի հաղթահաման գործում Միկոյանի միֆական դերին, ապա պարոն Պետրոսյանը միգուցե պատմական այդ ժամանակաշրջանը վերընթերցելու կարիք ունի:

Ցավալին այն է, որ մինչ մենք քննարկում ենք պատմության կեղծումներն ու կեղծարարներին, վլադիմիրպետրոսյանական «դպրոցի» և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ու նրա «թիկնազոր» ուսխորհուրդների միջոցով «հանրապետականացած» միջավայրերում շարունակում են դաստիարակվել հարյուրավոր երիտասարդներ: Հասկանալի է, որ տարիներ շարունակ սնվելով կեղծիքով, նրանք, անկասկած, կդառնան պատմության խեղաթյուրման գործի լավագույն շարունակողները:

Եվ քանի դեռ ՀՀ ուսումնական հաստատություններում աշխատում են վլադիմիրպետրոսյանները, դժվար թե հնարավոր լինի մեր երկրում ակնկալել որևէ որակական փոփոխություն, իսկ ինքնիշխանության, ազգային պետության և անկախության գաղափարները կմնան խեղաթյուրված և անտեսված:

Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան

Share Button