Միջազգային երաշխիքները կոպեկ չարժեն, եթե տեղում չկա ուժ, որը կարող է ժողովրդի շահերն ապահովել. Գարեգին Չուգասզյան

Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը համոզված է, որ բոլոր ինտեգրացիոն ծրագրերին ՀՀ-ն պետք է վերաբերվի իր ինքնիշխանության դիրքերից։ Սերժ Սարգսյանի փոխանցած մտահոգությունը, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում, ըստ Չուգասզյանի՝ բավարար չէ և պետք է ձեռքերն ազատել։ Իսկ դրա համար, ըստ նրա, ռեալ հնարավորություններ կան. «Ո՞վ է մեզ խանգարում ընդարձակել մեր տնտեսական համագործակցությունն Իրանի հետ, այս պահին մենք նրա համար կարող ենք փոխաբերական իմաստով Հոնկոնգի դեր կատարել: Ինչո՞ւ չենք անում, որովհետև մեզ թույլ չեն տալիս: Մեզ ստիպում են, որ մեր բոլոր գործողություններում սահմանափակվենք։ Իսկ մենք էլ ընդունել ենք խաղի նման օրենքները»: Չուգասզյանը հուշում է, որ ուկրաինական դեպքերից հետո հստակ դարձավ, որ բոլոր միջազգային երաշխիքները «կոպեկ չարժեն, եթե տեղում չկա ուժ, որը կարող է ժողովրդի շահերն ապահովել»։

 

-Պարո՛ն Չուգասզյան, ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու ձգձգումը, ուրախ չե՞ն միության անդամները, թե՞ կան այլ գործոններ ևս։

-Նախ ես ուզում եմ ասել, որ աշխարհում, բացի արևմտյան և Եվրասիական տնտեսական միության ծրագրերից ,այլ մրցակցող խոշոր ինտեգրացիոն ծրագրեր նույնպես կան։ Կա չինական «Մեծ մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ծրագիրը, կա կորեական ծրագիր, այս բոլոր ծրագրերը մեկը մյուսի հետ մրցակցող ծրագրեր են։ Եթե չենք ձևակերպել մեր շահերը և չկա մեր շահերն արտահայտող սուբյեկտը, մեզ համար այդ բոլոր ծրագրերը վերացական արժեք ունեն կամ էլ առհասարակ արժեք չունեն ։ Երբ կճշգրտենք մեր շահը և այնքան կամք կունենանք, որպեսզի պաշտպանենք այն, այդ ժամանակ էլ կարող ենք քննարկել, թե ինչպես գործակցել այս կամ այն ծրագրի հետ։ Իսկ ամենակարևորը մենք այդ ամեն ինչին պետք է վերաբերվենք մեր ինքնիշխանության դիրքերից։

-Այո՛, աշխարհում հազարումի ծրագրեր կան, բայց մեր ընտրությունը հստակ է այլևս, որոշ իմաստով անշրջելիորեն. Հայաստանը ցանկություն է հայտնել անդամակցել Մաքսային միությանը, կամ ԵՏՄ-ին։
– Ո՞վ է որոշել իմ և Ձեր փոխարեն, որ սա ցանկալի ծրագիր է, այն էլ անշրջելիորեն ցանկալի: Նման հարցը Հայաստանի անունից միայն ժողովուրդը կարող է որոշել: Դուք երբևէ լսե՞լ եք, որ այս հարցը քննարկվի որևէ քաղաքական մարմնում: Հանրային քննարկում անգամ չի անցկացվել, էլ չեմ ասում հանրաքվե, չնայած այս հարցը հենց հանրաքվեի հարց է: Ուրեմն ինչպե՞ս դարձավ այն անշրջելի որոշում։ Սա ճակատագրական որոշում է, իսկ նման ճակատագրական որոշումներ ժողովուրդն է կայացնում: Ուստի և ոչ ոք չի կարող պնդել, որ ներկայիս ընթացքը արտահայտում է մեր ցանկությունը։

-Բայց ամեն դեպքում գործընթացն անկախ Ձեր և մեր կամքից գնում է, չէ՞։
-Գնում է, բայց չգիտենք ուր է գնում, մենք միայն անընդհատ կողքից լսում ենք, տարբեր դիվանագիտական ձախողումների մասին, որոնք ավելի շատ ազգային արժանապատվության նվաստացում են ներկայացնում։ Սա ենք մենք տեսնում, ուրիշ բան չենք տեսնում: Չենք տեսնում, թե մեր շահը որն է, ասում ենք անվտանգությունից ելնելով որոշում է կայացվել, բայց ինչ անվտանգություն, եթե նույն տխրահռչակ անձը հայտարարում է, թե Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում։ Հասկանո՞ւմ եք, այնքան կառավարումը թույլ է և անձեռնհաս, որ ակնհայտ է, եթե մենք մեր ներսում չլուծենք ինքնիշխանության խնդիրները մենք գահավիժելու ենք, որովհետև մենք չգիտենք, թե մեր նավը ուր է գնում ու նավահանգիստն էլ չգիտենք, դրա համար ոչ մի քամի մեզ համընթաց չէ։ Բոլոր քամիները մեր դեմ են, որովհետև մենք մեր նավահանգիստը չենք գտել, իսկ մեր նավահանգիստը ինքնիշխանության ամրապնդումը պետք է լինի, ոչ թե դրա կորուստը։

-Ասում եք շահը չգիտենք, բայց Նախագահ Սարգսյանը արգենտինական պարբերականին հստակ ասաց, որ մեր ժողովուրդը մտահոգ է, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Դա չի՞ խոսում հայկական կողմի հավասարակշռություն պահպանելու քայլերի մասին։
-Շատ հստակ պետք է արտահայտվել, թե այդ բոլոր նախագծերի մեջ ինչ ճակատագիր է սպասվում Ղարաբաղին և Ղարաբաղի ժողովրդին: Եթե այսպես անհստակ մենք Ղարաբաղը թողնում ենք բախտի քնահաճույքին ու ասում, որ Ղարաբաղի հարցն էլ հետո կլուծենք, քանի որ դեռևս փորձում ենք լուծել Հայաստանի հարցը, ու ժողովրդին սովորեցնում ենք այն մտքի հետ, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, դրանից հետո խոսել այդ մարդու մտահոգության մասին, այլևս տեղին չէ։ Կամ ենթադրենք մտահոգ է մեր ժողովուրդը, դրանից ի՞նչ եզրակացություն պետք է կայացնել, արդյո՞ք կարող է մեր ժողովուրդը դրանից եզրակացնի, որ այլ աղբյուրներից էլ կարող ենք զենք ստանալ, նման բան հնարավո՞ր է, թե՝ ոչ։ Եթե մտահոգ ենք, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, ապա պատրա՞ստ ենք անվտանգության այլ աղբյուրների հետ լուրջ գործակցել, թե՞ ոչ։ Անվտանգություն նշանակում է, որ Հայաստանը նախևառաջ պետք է կարողանա խարիսխ չգցել մի փոթորկուն ծովում, որտեղ անորոշություններ կան, իսկ հյուսիսային հարևանի հետ կապված անորոշությունը միայն աճում է։ Մենք մեր փոքրիկ նավը կապում ենք մի տեղի հետ, որտեղ փոթորիկ է, փոթորկի ժամանակ նավերը պետք է ճկուն տատանվելու հնարավորություն ունենան, իսկ այդ ճկուն տատանման խնդիրը ինքնիշխանություն ունենալն է, երբ դու ես որոշում, թե ինչպես ճկվես հերթական ալիքի ժամանակ: Հատկապես որ չես կարող վստահ լինել, թե հերթական փոթորկուն ալիքը որտեղից է գալու՝ հյուսիսից, հարավից, արևելքից, թե արևմուտքից։ Որ մտահոգ ես ի՞նչ, եթե քեզ կապել են: Նախ ձեռքերդ ազատի, հետո մտահոգությունների հիման վրա որոշում կայացրու։

-Պարո՛ն Չուգասզյան, եթե ռեալ խոսենք, ձեռքերն ազատելու լայն ընտրության հնարավորություն ունե՞նք։
-Ինչո՞ւ չունենք, հենց հիմա մենք տեսնում ենք աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում՝ Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների մտերմացում է տեղի ունենում և սանկցիաները հանելու ընթացք է սկսվել։ Հարցն այն չէ, որ մենք հիմա էլ պետք է միանանք Իրանին, հարցն այն է, որ մենք ինքնիշխան լինենք ու հարաբերություններ հաստատելու ազատ հնարավորություններ ունենանք հարևանների հետ, նաև ուժի միջազգային խոշոր կենտրոնների հետ՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Չինաստանի: Ո՞վ է մեզ խանգարում ընդարձակել մեր տնտեսական համագործակցությունն Իրանի հետ։ Այս պահին մենք Իրանի համար կարող ենք փոխաբերական իմաստով Հոնկոնգի դեր կատարել: Ինչո՞ւ չենք անում, որովհետև մեզ թույլ չեն տալիս: Մեզ ստիպում են, որ մեր բոլոր գործողություններում սահմանափակվենք։ Իսկ մենք էլ ընդունել ենք խաղի նման օրենքները:

-Իսկ սահմանային լարվածությունը հերթականների՞ց եք համարում, թե ամեն դեպքում աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին այս ակտիվությունը պատահական չէ։
-Իհարկե, պատահականություն չի, և Ադրբեջանը տեսնելով մեր անվստահությունը, տեսնելով, որ իշխանությունը փորձում է Հայաստանը վաճառել, ինքն էլ այդ վաճառքի մաս է ուզում դառնալ: Բնական է, որ այդպիսի պրովոկացիաներ կլինեն, բայց պատերազմի հարցը Ադրբեջանը չի որոշելու, դա շատ լուրջ հարց է, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը կարողանա նման որոշում կայացնել։

-Իսկ դեպքերի զարգացումները ի՞նչ են հուշում։
– Հուշում են,որ աշխարհում, ուկրաինական դեպքերից հետո հստակ դարձով, որ բոլոր միջազգային երաշխիքները կոպեկ չարժեն, եթե տեղում չկա ուժ, որը կարող է ժողովրդի շահերն ապահովել, եթե մենք հույս ունենք, որ Ղարաբաղի հարցը պետք է միջազգային երաշխիքներով լուծվի և տեղում ուժ չենք ունենալու ինքներս հարցը լուծենք ու ստիպելու աշխարհին ընդունել մեր լուծումը, այդ դեպքում ակնհայտ է, որ պարտվողը մենք ենք լինելու։ Մենք պետք է ելնենք ուժային չոր հաշվարկներից, և հետևություն անենք, որ իսկապես կարևոր դերակատարում ունենք աշխարհաքաղաքական տարածաշրջանում, որովհետև աշխարհում հիմա ընթանում են ինտեգրացիոն խոշոր գործընթացներ Եվրասիական տարածքի վրա և այդ ինտեգրացիոն շղթայում մեր փոքրիկ օղակը շատ կարևոր է դառնում։ Եթե մենք մեր արժեքը գնահատենք և դրա հիման վրա բանակցություններ վարենք, մեզ հետ բոլորը հաշվի կնստեն: Առանց մեր շահերը հակադրելու աշխարհի շահերի հետ, այլ ընդհակառակը՝ մեզ տեսնելով այդ համաշխարհային զարգացումների մեջ որպես մի կարևոր օղակ, բայց երբեք մեր շահերը չդավաճանելով։ Դրա համար նախևառաջ պետք է ունենալ արժանապատվություն, որը բացակայում է ներկայիս ապազգային վարչակազմի մոտ:

-Իսկ այդ փոքրիկ օղակն ունենալու համար ցնցումներ սկսելու և պատերազմ հրահրելու մտադրություն գերտերությունների կողմից տեսնո՞ւմ եք։
-Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ անկառավարելիությունը, կարող է ավելի մեծ ցնցումների հանգեցնել։ Դրա համար ես չեմ կարծում, որ այսօր որևիցե ուժային կենտրոն մտադիր է խոշոր պատերազմ ծնել տարածաշրջանում, և մենք պետք է իհարկե զգուշությամբ, բայց և հաստատակամորեն մեր շահերը պաշտպանենք: Բայց դա չի նշանակում չունենալ կարմիր գիծ և թույլ տալ, որ որևէ մեկն անցնի այն։ Մենք պետք է հստակ այդ կարմիր գիծը հասկանալի դարձնենք աշխարհի բոլոր ուժերին, որ մենք այդ գծից նահանջ չունենք։

-Եվ դա մասնավորապես Ղարաբաղի հա՞րցն է։
-Անկասկած։

 

Աղբյուրը՝ www.tert.am

Share Button