Հաղորդում հանցագործության մասին

«ԻրավունքևԱջակցություն» Հիմնադրամ

ք. Երևան, 0025, ԱլեքՄանուկյան 5/5

Հեռ.՝ 011-785657, 011-985657  Էլ. Հասցե [email protected]

Facebook – https://www.facebook.com/pages/Rights-Support/184193651786962

 

 

Հաղորդում հանցագործության մասին

Սույն թվականի հունիսի 23-ին Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողովի գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման կապակցությամբ: Հավաքը կրում էր խաղաղ բնույթ: Սակայն ոստիկանության աշխատակիցները, որոնք հրավիրված էին իբրև թե հասարակական կարգը պահպանելու համար, հենց իրենք էլ խախտում էին այդ կարգը, ավելին՝ բիրտ ուժ էին կիրառում իրենց՝ սահմանադրությամբ ամրագրված իրավունքը իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Ականատեսներից հավաստիանալով, ինչպես նաև տեսանյութերը դիտելիս պարզ երևում է, որ ոստիկանության աշխատակիցներն ի սկզբանե տրամադրված էին ագրեսիվ, և կարծես թե իրենց առջև դրված էր ոչ թե պահպանել հասարակական կարգը, այլ սադրել և հրահրել անկարգություններ: Ոստիկանության նման գործելակերպը կարող է միտված լինել ճնշելու վերջին շրջանում հասարակության կողմից էլ ավելի ուժգնացող ընդվզումները՝ իշխանությունների, դատարանների և այլ պետական կառույցների ոչ հայանպաստ և անօրինական գործողությունների դեմ: Նախախորհրդարանի կողմից պատրաստված տեսաերիզը դիտելիս ակնհայտ են դառնում ոստիկանների բիրտ ուժ կիրառելու փաստերը:

Տեսաերիզի 30-52-րդ վայրկյաններին երևում է, թե ինչպես է ոստիկանը բռունցքներով հարձակվում տարեց քաղաքացու վրա և ծեծի ենթարկում նրան` գցելով գետնին շարունակում է նրան հարվածել, երբ քաղաքացին ոտքի է կանգնում, նույն ոստիկանը կրկին հարվածով վայր է գցում նրան:

1:20-1:25 վայրկյաններին երևում է, թե ինչպես են 3-4 ոստիկաններ քաղաքացուն վայր գցում, սեղմում գետնին և հարվածներ հասցնում:

1:35-1:40-ին ոստիկանը հանգիստ կանգնած տարեց կնոջը ուժգին հրելով և քարշ տալով հեռացնում է գետնին նստած երիտասարդի մոտից:

Տեսաերիզի ամբողջ ընթացքում նկատվում էր ոստիկանների հատուկ դաժան վերաբերմունքը ակտիվիստների նկատմամբ: Անգամ այն դեպքում, երբ նրանք հեռացել էին ՀԾԿ հանձնաժողովի գրասենյակի մոտից և գտնվում էին փողոցի հակառակ մայթում, ոստիկանները չէին դադարեցնում քաղաքացիների խոշտանգումները, նրանք նույնիսկ ուժ կիրառելով բերման էին ենթարկում այն քաղաքացիներին, որոնք հանգիստ կանգնած էին հակառակ մայթում: Ոստիկանության սադրանքի և անմարդկային վերաբերմունքի հետևանքով 22 քաղաքացի ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Քաղաքացիներից առնվազն երեքի առողջությանն էական վնաս է հասցվել:

«Իրավունք և աջակցություն» հիմնադրամը խստորեն դատապարտում է ոստիկանության նման գործելակերպը, հորդորում ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին և ՀՀ դատախազ Գ. Կոստանյանին նշանակել ծառայողական քննություն, տույժերի և պատժի ենթարկել այն ոստիկաններին, որոնք կատարել և հրահանգել են նման գործողությունները: Մեր հիմնադրամը հետամուտ է լինելու այս միջադեպի ընթացքին՝ հետագայում ոստիկանության նման գործելակերպը կանխելու նպատակով:

Տեսագրությունը ներկայացնում ենք ստորև.

https://www.youtube.com/watch?v=GQcNfzFA74A

Share Button