Ամեն մի հայ պարտք է իր երկրին

Ամեն մի հայ պարտք է իր երկրին: Ամեն մի սփյուռքում բնակվող հայ ավելին է պարտք ՀՀ-ին՝ Արցախը ներառյալ: Այդ փաստը պետք է գիտակցենք մենք, Մոսկվայում բնակվող հայերս, նաև պետք է հասկանանք, որ եթե մեր երկիրը այս վիճակում է, դրանում մեղավոր է նաև հայ ազգը, ինչպես նաև սփյուռքահայությունը, քանզի 90-ականների սկզբից լքելով մեր երկիրը՝ ազատ գործելու խաղաքարտ շնորհեցինք ազգադավ իշխանություններին:

Այո´, ամեն մի անհատ ունի իր արտագաղթի անձնական պատճառները, և դրանք դրական մարդկային պատճառներ են, սակայն եթե խնդիրը դիտենք ընդհանուր դաշտից, կհասկանանք, որ սփյուռքում բնակվող հայերս, արտագաղթելով երրորդ հանրապետության ստեղծման առաջին իսկ տարիներից, մեզ վրա կրում ենք մեծ պատասխանատվություն մեր պետության հանդեպ: Շատ սիրելով մեր փոքր ընտանիքը և տունը՝ մենք անտեսում ենք մեծ տունը, մեր սրբությունը՝ Մայր Հայաստանը:

Մոսկվայում կան բազում հայկական կազմակերպություններ, որոնք զբաղվում են տարբեր գործունեությամբ, բայց, ցավոք սրտի, այս կազմակերպությունների մեջ բացակայում է հայասատանակենտրոն գաղափարը, որի շնորհիվ համայնքի օրակարգի սեղանին պետք է դրվեր ՀՀ զարգացմանը մտավոր և ֆիզիկապես օժանդակությունը, սակայն Մոսկվայի հայկական կազմակերպությունները և Մոսկվայի հայության մեծ մասը մինչ օրս անտեսում է ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը:

Մենք չպետք է միակողմ պաշտպանենք որևէ երկրի շահերը և խառնվենք գերտերությունների հակամարտությունների մեջ, քանզի մենք ունենք մեր կարևորագույն հարցերը, որով պետք է մտահոգված լինենք և մեր էներգիան ուղղենք դեպի այդ հարցերի լուծումը:

Թուրք ոսոխը, չմոռանալով ջախջախիչ պարտությունը Արցախյան պատերազմում, չի դադարում մեր սահմանները կրակի տակ պահել, Հայաստանում արտագաղթը գնալով աճում է, երկրի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները, երկրի ընդերքը անօրինական ձևով հանձնվում են օտար պետություններին և կազմակերպություններին, և այս իրավիճակում զարմացնում է ռուսաստանաբնակ և հատկապես մոսկվայաբնակ հայության անտարբերությունը և ստրկամիտ, օտար պետությունների շահերը պաշտպանող պահվածքը:

Մենք պահանջում ենք Հայոց Ցեղասպանության «Մեծ եղեռնի» արդար դատը, խոսում ենք Արևմտյան Հայաստանի ազատագրման մասին, քննարկում ենք Արցախի հիմնախնդիրը, Ջավախքի ներկան և ապագան, բայց չենք գիտակցում, որ այդ կարևորագույն հարցերի լուծումը և պատասխանը, ամբողջ հայ ազգի համար պիտի գտնի ազգային անկախ պետականությունը և իշխանությունը, որը, ցավոք սրտի, այդպես էլ չձևավորվեց երրորդ հանրապետության ստեղծման իսկ օրից:

Մենք՝ ռուսաստանաբնակ և հատկապես Մոսկվայի հայերս, չենք բարձրաձայնում ներկայիս ՀՀ իշխանություն անվանվող վենախավի ազգադավ քաղաքականության հարցերը: Մենք պետք է գիտակցենք, որ առանց անկախ պետության սփյուռքը ապագա չունի: Հույսներս ինքներս մեզ վրա պետք է դնենք՝ առանց օտար պետություններից օգնություն սպասելու՝ ո´չ Ռուսաստանից, ո´չ արևմուտքից: Միայն հայը կարող է հայ ազգի և պետության ապագան կերտել, ամեն հայ պետք է լինի հոգով զինվոր, որը տեր է երկրի ապագային:

«Հայկական Վերածնունդ» շարժման Մոսկվայի մասնաճյուղը բացվել է մեկ և կես տարի առաջ: Մենք մեր առջև նպատակ ենք դրել ուղղել համայնքի մտավոր, նյութական և ֆիզիկական ուժը՝ Հայաստանակենտրոն գաղափարը իրականություն դարձնելու համար: Մենք բաց ենք բոլորի համար՝ անկախ կուսակցական հայացքներից, որևէ այլ կազմակերպության համախոհ, մասնակից լինելուց:

Մենք պետք է այս գործը անենք միասին, քանզի միասնական ուժն է միայն անհաղթ: Աջակցեք, այս բարդ բայց նվիրյալ գործում: Միացեք շարժմանը և միասնական ուժերով նպաստենք նոր որակի պետության ստեղծմանը:

Մենք, լինելով քրիստոնյա ազգ, միշտ պայքարի մեջ գտնվող ժողովուրդ, պիտի հասկանանք, որ այսօր մեր երկիրը և ազգը դժվար վիճակում է: Հայ մարդը պարտավոր է միշտ պաշտպանել ազգի սրբությունը և մեր բարձր հոգևոր արժեքները: ՄԻՇՏ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՆՔ ՈՒ ԷԼԻ ԿՊԱՅՔԱՐԵՆՔ:

Հայկական Վերածնունդ – Մոսկվա 19.06.2014

Share Button