Արցախում Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում

droshner«Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեն հայտարարություն էր տարածել, որով կոմիտեի անդամները դատապարտում են Սերժ Սարգսյանի հայտարարությունը, իրենց հերթին հայտարարելով, թե «Արցախցիներին մինչև հոգու խորքը ցնցեց Սերժ Սարգսյանի հրապարակային ուրացումը, որ Արցախը ոչ միայն իրավաբանորեն, այլև անգամ իր պատկերացումներում Հայաստանի մաս չէ»: Կոմիտեի անդամ Մխիթար Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե հայտարարությամբ դեռևս ամեն ինչ ասված չէ, պատրաստվում են ավելի կոշտ արձագանքել Սերժ Սարգսյանի խոսքերին. «Մենք դեռ մեղմ ենք վերաբերվել ՀՀ նախագահին՝ հաշվի առնելով, որ նախագահ է: Եթե նույն քաղաքականությունը շարունակվի, մենք ավելի կոշտ կվերաբերվենք, որովհետև ոչ ոք իրավունք չունի, լինի դա արցախցի, հայ, սփյուռքահայ, թե նախագահ, իրավունք չունի ոչ մի թիզ հող հանձնելու»,- նշեց կոմիտեի անդամը: Նշեց նաև, թե Ստեփանակերտում առաջիկայում պատրաստվում են անցկացնել հանրահավաք, այժմ գործողությունների ծրագիր են մշակում.

«Որպեսզի մարդիկ տեղյակ լինեն: Այստեղ՝ Ստեփանակերտում, իհարկե ակտիվ մասսայի մոտ վերաբերմունքը բացասական է, էստեղ մարդիկ տեղյակ էլ չեն, պատկերացում չունեն ինչ է կատարվում, բոլորը չէ, որ քաղաքականությամբ են զբաղվում, իսկ այն մարդիկ, ովքեր ակտիվ են, պատերազմին են մասնակցել, մեծ ներդրում ունեն, շատ լավ հասկանում են, որ մեծ վտանգների հետ է կապված Մաքսային միությանը միանալը,
Եվրասիական միությանը, սա նորից Ռուսական կայսրության վերականգնում է իր բոլոր հետևանքներով, ռուսական զորք, Արցախի տարածքների հարց, Ադրբեջանի սիրաշահում և այլն: Մարդիկ սկզբում չեն պատկերացնում, հետո դանակը ոսկորին որ հասնում է, ասում են՝ ինչի չասեցիք, չբացատրեցիք, հիմա մենք բացատրում ենք»,- նշեց Մխիթար Ավետիսյանը:

Ըստ կոմիտեի ներկայացուցչի՝ իրենց օրակարգում կա նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Այդ հարցը հավանաբար առաջիկա հանրահավաքին առաջ կքաշեն. «Մենք հիմա էլ ենք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, մնում է, որ ինչ անի՝ չենք հասկանում: Չեմ կարծում, որ ինքը խորն է մտածել, ինքը կախված է, նրա ամբողջ մտքերը, փորձում է հետո իր ասածները փրկել և այլն»:

Հերմինե Մկրտչյան

Աղբյուրը՝ galatv.am