«8-րդ կնիք» կամ այց Մինոտավրոսին

Այս հոդվածը լույս է տեսել 2008 թ-ի Մարտի 1-ի դեպքերից հետո. մի խումբ մտավորականներ հանդիպեցին Սերժ Սարգսյանին

Քառասուն օր էր, ինչ երկինքը հղի էր ամպրոպով և հայհոյախառն սպառնում էր ահեղ դատաստանով: Արյունահեղ բախումից հենց այդքան էր անցել, սակայն մայթեզրերով դեռևս հոսող արյան շիթերը որոշակի անհարմարություն էին պատճառում, մանավանդ երբ կոշիկիդ ներբանները մաշված են: 
Հանրապետության հրապարակը լի էր սպառազեն զինվորներով, գազոնների մեջ քողարկած զրահատեխնիկայով, դիպուկահարներով: 
Սգո շղարշով ծածկված Կառավարության շենքը մի քանի քայլ առաջ էր եկել և արժանապատվորեն վայելում էր սգատիրոջ առաջնային դերն իրեն այցի եկած շենքերի հանդեպ: Տոնական մթնոլորտն ամբողջացնում էր շատրվաններով առատորեն ցայտող արյան հոտը: Երկինք չկար. գորշ դատարկություն էր: Մայթեզրի չինարենու չորացած ճյուղերի մեջ վանդակված հարսանեկան քողով ու ճերմակ ձեռնոցներով ճնճղուկը հիմար ու անհասցե հարցեր էր շաղ տալիս: 
Ուշադիր նայելու դեպքում նկատելի էր, որ Կառավարության շենքի մուտքի մոտ շարք կանգնած զինվորները մոմից էին սարքած: Նրանց անկենդան ձեռքերի մեջ զենքերը կենդանի էին: 
Անցակետում խմբված նույնադեմ ծառայողները, թվում է, իրական էին… Մեր հանդեպ նրանց գործնական անտարբեր վերաբերմունքից նույնն էինք զգում, ինչ բանջարեղենը կզգար իրենից սալաթ պատրաստելիս: Նախ ազատեցին մեզ hագուստից, հագցրին միանման զոլավոր խալաթներ, վերցրին անալիզները… Միզապարկում քար հայտնաբերելով ընկերոջս անմիջապես մեկուսացրին, իսկ ինձ պատկառելի թիկնազորով ուղեկցեցին դեպի նորընտիր նախագահի ընդունարան: Լաբիրինթոսի անվերջանալի միջանցքներով անցնելիս Մինոտավրոսի սարսափազդու մռնչոցն ավելի ու ավելի ուժգին էր լսվում: Ուղեկցող թիկնազորը գնալով նոսրանում էր: Երբ հասանք հսկայական դռանը, արդեն մենակ էի: Ակնթարթ անց դուռն անաղմուկ բացվեց: Ալեհեր մի երիտասարդ քաղաքավարությամբ ներս հրավիրեց: Ճերմակ սմոքինգը գոտկատեղից ներքև վերածվում էր պարուհու թափանցիկ շրջազգեստի: Տղամարդակերպ էակը, որի անունը, չգիտես ինչու երևակայությանս մեջ ամրագրվեց՝ Մադլեն, առաջարկեց ինձ նստել անհարմարության չափ փափուկ բազմոցին, իսկ ինքն անհետացավ վարագուրած դռան ետևում: Լուսավոր ընդունարանում պատուհան չկար: Դիմացի պատին Մինասի կտավն էր: Ժամեր անցան: Թերևս՝ դարեր: Ավելի ճիշտ, ոչ թե անցան, այլ՝ ետ գնացին: Ընդունարանն աստիճանաբար մթնեց, առաստաղին ի հայտ եկավ վաղ վերածնության պարզունակ մի որմնանկար, բազմոցը տակիս կարծրացավ, օդը լցվեց աշտանակներում ճտճտացող մոմերի բույրով: 
Դռան ետևից սոսկալի ճիչ լսվեց: Դուրս թռավ Մադլենը: Ձախ ձեռքով բռնել էր արնաշաղախ աջը: Ինձ նկատելով ժպտաց ու արժանապատվորեն դուրս եկավ սենյակից: Նոր միայն նկատեցի. դռան մեջ կանգնած էր նա՝ կոտակ նորընտիրը: Վեր թռա, սեղմեցի ինձ պարզած նրա փափուկ ձեռքը: Դեմքին դրոշմած կեղծ ժպիտը քմծիծաղ էր հիշեցնում: Կեղծ էր թվում նաև նրա կարճ հասակը: Երբ դուռը մեր ետևից փակվեց, մի պահ միայն աչքովս ընկած ոսկեզօծ սրահն ընկղմվեց խավարում: Դեռ չէի գնահատել ինձ առաջարկած բազկաթոռի կանացի բարեմասնությունները, երբ ուշքս գրավեց դիմացի բազկաթոռին բարձրանալու նրա անզոր ճիգերը: Զգուշորեն գրկեցի նրան ու տեղադրեցի թավշե նստատեղին: Արագորեն տեղավորվելով, նա պատկառելի տեսք ընդունեց: Գլխի ընկա, որ սպասում է խոսքիս: Ձայնիս համոզիչ երանգ տալով փորձեցի շարադրել նախօրոք մշակած դատողություններս իրադրության շուրջ: Դատարկության մեջ արձագանքող անհեթեթ խոսքս խցանվեց նրա խռռոցևխռմփոցի մեջ: 
Հերոսություն էր համառորեն նրա բաց, անկենդան աչքերին նայելը: 
Բացվող դռնից ներս խուժած լույսի տակ ուրվագծվեց Մադլենի հայտնությունը: Հագին երկնագույն ֆրակ էր: Գոտկատեղից ներքև նույն թափանցիկ շրջազգեստը կաշկանդում էր նկատելիորեն խոշորացած հետույքը: Կախ ընկած աջը կաշվե ձեռնոցով էր: 
Ձախով բռնած ճրագով վառեց պատին ամրացած աշտանակները: Առանձնասենյակը ողողվեց անհանգիստ դեղնավուն լույսով: Ոսկեզօծ սրահի փոխարեն շուրջս հսկայական քարանձավ էր: Կոտակի վերսկսած խռմփոցը երբեմն հավելում էր պատերից գլխիվայր կախված չղջիկների խլրտոցը… 
Մադլենի վարդագույն հետույքն անհետացավ անաղմուկ ծածկվող դռան ետևում: Մի պահ միայն տիրող լռության մեջ հնչեց Կոտակի ասես ձայնագրված խոսքը: 
– Վերջացրի՞ր… Շատ ես խոսում: Ո՞ւզածդ ի՞նչ է… Ո՞նց եմ բոլորիցդ զզվում… 
Քթի տակ աղմկելով սկսեց հանել կոշիկները: 
– Հանիրևհագիր, հանիրևհագիր, հանիրևհագիր… 
Հաջորդող մենախոսության ընթացքում նա դանդաղորեն փոքրանում էր, մինչև… մինչև դարձավ խավարասերի չափ… խոշոր խավարասերի: 
– Չսիրեցի տղամարդու էս անճոռնի կոշիկները… Փոքր ժամանակ էլ. խելքս գնում էր կանանց կոշիկների համար… Անկեղծ կլինեմ, դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում, որ անկեղծ չլինեմ. զզվում եմ մտավորականներիցդ… 
Հա, ուրեմն, մտնում էի գյուղի ունիվերմագ, ու ժամերով լռվում կանանց կոշիկների բաժնում: Հիշում եմ, մի օր հարևանի էշը կորել էր… Ո’նց եմ ձեզնից զզվում: Դե, ասա’. կյանքումդ կով կթած կա՞ս: Որտեղի՞ց: Թողնեն միայն խոսեք…
Իսկ ես մտնում էի հարևանի էշի տակ ու կաթը ծծում…
Հա, էդ էշը, ուրեմն, մի օր կորել էր… Ինչ երկարացնեմ, էշի փողով մորս համար կոշիկ առա… վարդագույն, բարձր կրունկներով: Մայրս հարևաններին հպարտևհպարտ ցույց էր տալիս. թե՝ տեսեք տղաս առաջին աշխատավարձով 
մոր համար ինչ թանկարժեք նվեր է առել… Բայց չէր հագնում, ափսոսում էր: Երբ ամեն առավոտ գործի էր գնում… Դա իմ կյանքի երանելի պահերն էին: Իմ ու մորս ոտքի համարները նույնն էին: 
Զարմանում եմ. ո՞նց եմ մինչև հիմա ձեզ հանդուրժել: Պարզապես, զզվելի է…
Երբ մայրս հայտնաբերեց քրքրված կոշիկները, լեզուն կապ էր ընկել: Խեղճ կին: Գյուղով մեկ տարածվեց, թե ոնց են սատանեքը մորս կոշիկը թռցրել ու ողջ գիշեր
սար ու ձոր թրև եկել… 
Որպես գաղտնիք ասեմ, որ կոշիկը հագնելո’ւց չէր մաշվում, այլ՝ չհագնելուց…
Դու դա չես հասկանա: Ես էլ. հետո գլխի ընկա: Նույն կերպ մաշվեց, քայքայվեց մորս ներքնազգեստը, հետո՝ հայելին, հայելուն ամրացված հորս ու մորս հարսանեկան լուսանկարը, հետո՝ մորս գիտակցությունը, ինքը՝ մայրս… 
Բաց աչքերով նորից վերսկսեց խռմփոցը: Գահավորակը, որին քիչ առաջ նստած էր, մաշվել, քայքայվել էր: Հստակորեն տեսնում էի, թե ոնց են մաշվում, տրոհվում մտքերս, ընդունարանում կախված Մինասի նկարը, երկրիս չափով սահմանազատված երկինքը… 
– Ամեն աստծո օր կոշիկներս փոխում եմ, բայց հարմար կոշիկ էդպես էլ չգտա: 
Այ, հիմա որ հանեցի, էլ նույն կոշիկը չեմ հագնի…
Որպես դատավճիռ հնչեց Մադլենին ուղղված նրա բղավոցը: 
– Պարոնին սիգարե’թ բեր: 
Մադլենն այս անգամ լայնաբաց լանջով վարդագույն վերնաշապիկով էր: Պարարտ վիթխարի հետույքը կիպ գրկել էր թավշե դեղին տրիկոն: Նա սեղանին դրեց բյուրեղապակե մոխրամանը, վայելքով բաց արեց ու ինձ պարզեց սիգարեթի տուփը: Հրահանի բոցի տակ պսպղում էին նրա գրեթե ճերմակ աչքերը: 
– Ի՞նչ ես քամակդ տնկել, արագացրո’ւ… Չքվի’ր: 
Հրեշավոր դեղին զանգվածն ինքնագոհ անշտապությամբ անհետացավ դռան ետևում: 
Ծխախոտը ուզում էի հանգցնել մոխրամանի մեջ, երբ կոտակի ծղրտոցը կանխեց ինձ: 
Նա ճարպկորեն մագլցեց սեղանին, բազմեց մոխրամանի եզրի փոսիկի մեջ, փոքրիկ ոտքը գցեց փոքրիկ ոտքին, պոչը խնամքով դրեց գիրկը ու սկսեց ծխախոտը վայելելու ծեսը: 
– Ծանր է իմ աշխատանքը… Կասեցնել խելահեղ շարժման այս համատարած մոլուցքը, գիտակցելով, որ ամեն շարժվող բան ուղղված է իմ դեմ. օրերի իրար հաջորդելու խայտառակ դավադրությունից մինչև հանդիպման շտապող սիրահարներ, թղթի վրա շարժվող գրիչից մինչև բույսերի լկտի աճ ու արյան շրջանառություն… Ամեն պահ գործ ունենալ հարափոփոխ ստվերների և միլիարդավոր դրամների հետ… Ի միջի այլոց, մոտդ փող կա՞: 
Անհաճո լռություն: Ձեռքս գրպանս տարա: Գրոշներ էին, մետրոյի ժետոն, տաբատիս պոկված կոճակը… Նա խլեց ձեռքիս պարունակությունը, արհամարհանքով վերադարձրեց ժետոնն ու կոճակը: 
– Այո, մտավորականներիցդ օգուտ չկա, ողորմելի է, խայտառակություն… 
Ո’նց եմ զզվում… Դուք անգամ կարգին գնով ծախվել չգիտեք: 
Ի միջի այլոց, նկատեցի՞ր ինչ արժանապատվորեն էի նստել նախագահի աթոռին: Ոչ ոք իմ նման նստել չի կարող: Հիշիր թե առաջին նախագահը ոնց էր նստում: Վերջին հաշվով, նախագա՞հ ես, թե ինչ որ գիտնական… և սա էլ նախագահի աթոռ է, ոչ թե՝ իշոտնուկ: Կամ՝ հենց իմ նախորդը. տնաշենը փլվում էր աթոռին, ոտքերը չռում, կարծես հոր թախտն է: 
Բայց ձեզնից ավելի եմ զզվում: Ձեր բանուգործն ի՞նչ է: Իզուր օդ եք շնչում: Շնչելը
դեռ ոչինչ, բա արտաշնչե՞լը… Ո՞նց եք անխնա արտաշնչում: Իսկ ես գնահատում եմ աթոռս, ոչ մի պահ չեմ մոռանում, որ պետության խորհրդանիշն եմ… որ ժողովուրդն ինձնից ուժ է պահանջում… ուժ, փող, բոնություն, արյուն… 
Ես, օրինակ, միայն շնչում եմ: Ի՞նչ կարիք կա իզուր արտաշնչել… 
Զզվում եմ… Ո՞նց եք օդը պղծում… 
Նրա ձայնն ավելի ու ավելի ցածր էր լսվում… Ինքն էլ գնալով փոքրանում էր … ի վերջո, ամբողջովին կորավ, պրծավ, չքվեց մոխրացած մոխրամանի մեջ: Չղջիկներն իրար անցան: Նրանք անհամեմատ շատ էին, քան թվում էր առաջին հայացքից: Աչքի առաջ բազմանալով նրանք կենդանի խավարով լցրին ողջ սրահը: Այդ թռչող մկների հիստերիկ աղաղակն իմ զբաղեցրած տարածքի համար էր: 
Հանկարծ ահռելի դղրդոց լսվեց: Առաստաղի ապառաժը փշրվեց: Պատին առաջացած խորշից ներս խուժեց մորեխի դեմքով մի անճոռնի հրեշտակ ու սկսեց փչել իր փողը… Գլախավերևումս՝ գորշ երկնքում հայտնվեց կարիճի պոչով հսկայական գիսաստղ: Նրա կուրացուցիչ լույսի տակ տեսանելի դարձավ ամենայն ինչ խժռող տգիտության հաղթահանդեսը… շքահանդեսն աշխարհի գահերին բազմած խավարասերների: 
Կեղծիքը, որկրամոլությունն ու պոռնկությունը իշխանություն ստացան քողարկելու երկինքը, թագավորելով նաև մարդկանց հոգիների վրա: Եվ երկրպագեցին վիշապին, ասելով՝ «Ոչ ոք չի կարող կռվել նրա դեմ… ոչնչությունը ոչնչով չես ոչնչացնի»: 
Տեսա ինքնասպան պոետի երազների վրա վեր խոյացող փառահեղ տաճարը ոսկե հորթի.
տեսա սպարտացիներին, որ մորեխների վրա հեծած ավերում էին Աթենքը. ոչ թե որ մարզված էին ու զորեղ, այլ՝ որ տգետ էին, նույն կերպ գոթերն ավերում էին Հռոմը, թուրք մորեխների հորդաները հոշոտում էին Կոստանդնուպոլիսը, Արևմտյան Հայաստանը … տգետ ու անհաղթ, ինչպես քարը երիկամում, ինչպես ափերի մեջ խրվող մեխերը: 
Եվ եղավ գիշեր, և եղավ ցերեկ, սոսկում եղավ և ատամների կրճտոց… 
Դռան ճռռոց և՝ դարձ ի շրջանս յուր: Մադլենը կաշվե փայլուն համազգեստով էր, ձեռքին՝ մտրակ: Ահռելի հետույքի վրա նոր ոտքեր էին ավելացել, վերածելով նրան կենտավրոսի: 
– Ընդունելությունն ավարտված է: 
Լաբիրինթոսի խավարի մեջ վազելիս առանձնասենյակից շարունակ լսվում էր Մինոտավրոսի սոսկալի ոռնոցը: 
Անցակետում անսովոր լռություն էր: Պահակազոր հսկիչներըը գիպսից էին: 
Նետվեցի փողոց, երկնքի տակ: Տեղացած հորդ անձրևը մաքրել էր սալահատակի արյան հետքերը: Չորացաձ ճյուղերի մեջ շատախոսող թռչունն անհետացել էր: Հրապարակը լի էր մարդկանցով: Բոլորն էլ ինձ պես զոլավոր խալաթներով էին: 

10.03.2008թ.

Աղբյուրը՝ 1in.am

Share Button