2014թ.-ի մայիսի 31-ին Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» շարժման տեղական մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված «Կոռուպցիան Հայաստանում. լուծման ուղիները եւ սփյուռքի դերը» խորագրով համաժողովը:
Համաժողովը նշանավորեց Հայաստանի ներքին խնդիրների նկատմամբ սփյուռքի ավանդական մոտեցումներից կտրուկ շրջադարձ:
Սփյուռքի հետաքրքրությունների կիզակետում ավանդաբար գտնվել են օտար իրականության պայմաններում հայկական ինքնության պահպանման և ցեղասպանության հետ կապված խիստ կարևոր խնդիրները: Սակայն այս խնդիրների քննարկումները, սովորաբար, առանձնացվում են ժամանակակից Հայաստանի ներքին հիմնահարցերի շոշափումից՝ նկատի առնելով նրա իդեալական կերպարի գրավչությունը չթուլացնելու ենթադրյալ վտանգը: Նման մոտեցումը ոչ միայն թույլ չի տալիս տեսնել հայկական ինքնության պահպանման և նորացման ուղիները, այլև նպաստում է հայաստանյան իրականության շարունակական այլասերմանը:
Այս համաժողովը առանձնացավ ներկայիս հայաստանյան իրականության թերևս ամենացավոտ խնդրի՝ կոռուպցիայի և նրա հետևանքների, ինչպես նաև դրանից ազատման ուղիների շուրջ քննադատական մտածողության տրամաբանությամբ կառուցված անկաշկանդ և բաց քննարկումով:
Գիտական խստությամբ հավաքված վիճակագրական հարուստ նյութի հիման վրա պատրաստված երկու զեկույցները(Բրոնուին Բեսթ և Վարուժան Հոգտանյան, Transparency International, Կանադա-Հայաստան և Վլադիմիր Բարոյան, Policy Forum Armenia, ԱՄՆ) փաստեցին Հայաստանում կոռուպցիայի քանակական և որակական անմխիթար պատկերը:
Ըստ այդ զեկույցների Հայաստանում կառավարման համակարգը գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ, երբ երկրում գործող քաղաքական և դատա-իրավական համակարգերի աղտահարված վիճակը հանգեցնում է տարեկան ՀՆԱ-ի շուրջ 35 տոկոսի անհետացմանը, երկրի բնակչության համատարած աղքատացմանը և այն կանգնեցնում գոյութենական ճգնաժամի առաջ: Վերջինիս արտահայտման չափորոշիչները են արտագաղթի գնալով ահագնացող պարամետրերը, որի գիտականորեն բարեխիղճ հետազոտությունը ներկայացվեց Կամո Մայիլյանի կողմից (Depopulation Report, Kololian Foundation, Կանադա):
Ըստ էության, հայության զանգվածային ելքը իր պատմական հայրենիքի վերջին կտորից պետք է բնորոշվի ոչ այնքան “արտագաղթ”՝ որքան “ամայացում” (depopulation) եզրով: Այն ահազանգում է ոչ միայն Հայաստանի պետականության հնարավոր կորստի վտանգի մասին (քանի որ միայն կայուն, եթե ոչ աճող բանկչության պայմաններում կարող է գոյատևել նման բարդ աշխարհաքաղաքական շրջապատում գտնվող երկիրը), այլև հայրենիքի հայազրկման և ամայացման մասին:
Քերոլին Նաջարյանը (բարեգործ, Բոստոն, ԱՄՆ) ներյկայացրեց սփյուռքահայ մի ընտանիքի հայաստայան ոդիսականը՝ շոշափեի դարձնելով այն փորձառությունը, որը ունենում են սփյուռքհայերը հայաստանյան իրականության աղավաղված և ապականված երևույթների հետ բախվելիս:
Արտակ Զեյնալյանը (փաստաբան, Հայաստան), Վահան Քոլոլյանը ( Քոլոլյան Հիմնադրամ, Կանադա) և Գարեգին Չուգասզյանը (Նախախորհրդարան, Հայաստան) խոսեցին ստեղծված իրավիճակից գոյություն ունեցեղ էվոլուցիոն և արմատական լուծումների զուգահեռ կիրառման անհրաժեշտության մասին:
Արտակ Զեյնալյանը ներկայացրեց դատական կոռուպցիայի պատճառները, դրա վերացման անհրաժեշտությունը՝ որպես այլ ոլորտներում առկա կոռուպցիայի դեմ պայքարի գործիք: Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Նախախորհրդարանի կողմից մշակած իշխանափոխության ճանապարհային քարտեզը, որը հենվում է իշխանության գործող մարմիններին զուգահեռ մարմիններ ստեղծելու գաղափարի վրա և թույլ է տալիս ելք գտնել ընտրությունների կեղծման քսանամյա փակուղուց :
Համաժողովին առանձնահատուկ շուք հաղրրդեց կանադահայ հանրահայտ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի մասնակցությունը, ով առաջին անգամ ցուցադրեց իր նոր՝ «Լուսավորիչը» կարճամետրաժ ֆիլմը։
Վերջինս պատմում է հայ մարդու կյանքի եւ համամարդկային արժեքների վերաբերյալ պատկերացումների ձեւախեղման մասին, այս առումով բացահայտելով՝ կոռուպցիայի հոգեբանական արմատները, երբ հայը նախընտրում է իր առաջ ծառացող խնդիրների լուծման անհատական այնպիսի ճանապարհ, որը հակասության մեջ է խմբային և ազգային ընդհանուր լուծումների հետ:
Համաժողովի վերջում «Հայկական վերածնունդ» շարժման կանադական մասնաճյուղի անդամներ Զարեհ Ուզունյանը, և Պերճ Մինասյանը կանգ առան վերոնշյալ հիմնախնդրի լուծման մեջ սփյուռքի խաղալիք հնարավոր դերի և հետագա քայլերի վրա, նշելով հայկական սփյուռքի շրջանում հայաստանյան իրականության ճգնաժամային պատկերի մասին տեղեկացման և հնարավոր լուծումների մեջ նրա ներգրավման այն ճանապարհները, որոնցով զբաղվում է տարբեր գաղթօջախներում ընդլայնվող այս շարժումը:
Համաժողովի նկատմամբ մասնակիցների ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ քաղաքներից ստացվող խնդրանքներին ընդառաջ գնալու նպատակահարմարությունից ելնելով` հունիսի 7-ին համաժողովը իրականացվեց նաեւ կանադական Մոնրեալ քաղաքում։
«Հայկական Վերածնունդ», Տորոնտո, Կանադա